«Անպայման հաղթելու ենք». Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Առինջում
Կոտայքի մարզի Առինջ համայնքի թիվ 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի և թոռան՝ կրտսեր Ջավահիր Ծառուկյանի ուղեկցությամբ:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ընտրությունների ելքին, ասաց․ «Չեմ կարող ասել՝ որքան ձայներով, բայց անպայման հաղթելու ենք, և հաղթած ենք արդեն»։ Նա նաև հավելեց, որ կնայեն, թե ով ամենաշատ ձայները կհավաքի, նա էլ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին։
Թիվ 29/29 ընտրատեղամասը տեղակայված է Առինջի մանկապարտեզում, որը կրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի անունը։ Բացի այդ, ընտրատեղամասի անմիջապես դիմաց գտնվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական գրասենյակը։
Հանձնաժողովի նախագահ Ռիմա Հարությունյանը հայտնեց, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով, խախտումներ չեն արձանագրվել։ Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության աստիճանը նկատելիորեն բարձր է։ Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 2208 քաղաքացի, որոնցից 466-ը (ընտրողների ընդհանուր թվի շուրջ 21.1%-ը) ժամը 13-ի դրությամբ արդեն մասնակցել է քվեարկությանը:
Աննա Ասլանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել