HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում ընտրողների հոսքը շարունակվում է

Առավոտից շրջել ենք Դիլիջան համայնքի մի շարք ընտրատեղամասերում՝ հետևելով ԱԺ ընտրությունների ընթացքին։

Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 38/12 ընտրատեղամասում առաջին քվեարկողը եղել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում էր բնականոն։ Այդուհանդերձ, արձանագրվել էին մի շարք տեխնիկական դեպքեր․ անվավեր քվեաթերթիկները չէին տեղադրվել համապատասխան արկղում, մատնահետքի թուղթը սխալմամբ հայտնվել էր անվավեր քվեաթերթիկների համար նախատեսված արկղում։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ այն հայտնաբերվել և դուրս էր բերվել։

Եղել էր նաև դեպք, երբ ընտրելու համար անհրաժեշտ փաստաթուղթ չունեցող անձը գտնվել էր ընտրատեղամասում և զրուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ։

Տեղամասում հերթապահում էին ոստիկանության ծառայողները։ Ներկա էին քաղաքական ուժերի վստահված անձինք՝ երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկական՝ «Բարգավաճ Հայաստան»-ից և «Միասնության թևեր»-ից։ Դիտորդական առաքելություն էին իրականացնում երկու դիտորդ «Անկախ դիտորդ» դաշինքից և մեկ դիտորդ «Համայնքի երիտասարդներ» ՀԿ-ից։ Այցելության պահին տեղամասում եղել էին նաև ԵԱՀԿ-ի երկու միջազգային դիտորդներ, որոնք հետագայում հեռացել էին։

Դիլիջանի 38/06 ընտրատեղամասում գրանցվել էր դեպք, երբ քաղաքացին հեռախոսազանգով փորձել էր ճշտել թիվ։ Միջադեպը արձանագրվել էր հանձնաժողովի քարտուղարի կողմից գրանցամատյանում։

38/09 ընտրատեղամասում զրուցեցինք ընտրող Ղուշա Մնացականյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրության արդյունքից։ Նա նշեց՝ կարևոր է, որ երկիրը ուժեղ լինի։

38/04 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Նարեկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընտրությունները ընթանում են բնականոն, իսկ ընտրողների հոսքը գրեթե անընդհատ է եղել։

«Որպես այդպիսին խնդրահարույց դեպքեր չեն եղել։ Երբեմն տարեց մարդիկ գալիս են միասին և փորձում են իրար օգնել, ուղղություն տալ, բայց աշխատում ենք նման դեպքերից խուսափել։ Ընդհանուր առմամբ կգնահատեմ նորմալ»,- նշեց Հովհաննիսյանը։

Մեր ներկայության ընթացքում քվեախցիկի հետևում հայտնվել էին երկու կին ընտրող։ Դեպքից հետո հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հորդորել էր խուսափել նման իրավիճակներից։ Մեկնաբանելով միջադեպը՝ նա նշեց, որ ընտրողներից մեկը փորձել էր օգնել մյուսին՝ ծրարի ինքնասոսնձվող հատվածը ճիշտ փակելու հարցում, սակայն հանձնաժողովը միջամտել էր՝ հիշեցնելով, որ նման օգնությունը թույլատրելի չէ։

38/04 ընտրատեղամասում քվեարկելու եկած քաղաքացի Նունե Գրիգորյանից նույնպես հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրությունից։ Նա ասաց, որ այս անգամ ընտրություններին մասնակցում է մեծ լավատեսությամբ և հույս ունի, որ դրանց արդյունքները դրական ազդեցություն կունենան քաղաքացիների կյանքի վրա։

Խոսելով առկա խնդիրների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ կցանկանար տեսնել մարդկանց սոցիալական վիճակի բարելավում, հատկապես տարեցների և աշխատող քաղաքացիների համար։

«Կուզենայի, որ բոլոր բնագավառներում ժողովրդի հոգսը թեթևանար»,- ասաց նա։

 

Գոհար Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter