HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յիշատակներուս մէջ կը լողայ միտքս... Միսաք և Մելինե Մանուշեաններ (մաս 3)

սկիզբը 

-Ի՞նչ է պայուսակի մեջ,- հարցրին ոստիկանները մետրո իջած Մելինեին: Իրականում Մելինեն չգիտեր, թե ինչ էր իր պայուսակում դրել Միսաքը րոպեներ առաջ, երբ նկատել էր իրեն հետևող գեստապոյականներին:

 -Աստրճանակ,- պատասխանեց հեգնական:

-Մադմուազել, այդպիսի կատակներ չի կարելի անել, գնացեք:

Մելինեն հասավ տուն, իր մեծ պայուսակից հանեց կոշիկի տուփը և ի՛նչ տեսավ. ատրճանակ: Ինչպես կպահեր իրեն ոստիկանների հարցումին, եթե իմացած լիներ նախապես: Միսաքը նրան երբեք չէր պատմում մանրամասները, միայն տալիս էր հանձնարարականներ: Հիմա էլ ասել էր՝ տար տուն և թաքցրու: Ոչ թե որ չէր վստահում կնոջը, այլ, որ խնայում էր նրան ավելորդ լարումներից: Երեկոյան, երբ պոկվելով հետապնդումից, եկավ տուն, Մելինեին ձգանը քաշել սովորեցրեց: Դա նրանց վերջին համատեղ ապրած օրն էր: Եվ այդ վերջին գիշերն անցավ առանց զգացմունքի և քնքշանքի: «Ինձ առավ իր թևերի մեջ՝ առանց համբուրելու, ու զգացի նրա դողը»: Այդ գիշեր Մելինեն վրա-վրա սուրճ էր խմում արթուն մնալու համար:  Առավոտյան կողմ աչքը կպավ: Երբ արթնացավ՝ Միսաքը չկար: Գրություն էր թողել՝ հանձնարարելով. եթե մինչև 12-ը ինքը չվերադառնա, հեռանա տնից և այսինչ ժամին լինի մետրոյի Danube կայարանի մուտքի մոտ: Մելինեն արեց, ինչ որ իրեն հանձնարաված էր: Բայց Միսաքը ոչ վերադարձավ, ոչ էլ եկավ ժամադրավայր: Նոյեմբերի 16-էր, 1943-ի: Մելինեին Լուվուա փողոցի իրենց տանը թաքցրին Ազնավուրեանները: Աիդան՝ Շառլի քույրը պատմում է, որ մայրը Մելինեի դեմքին ինչ-որ բաներ քսեց՝  նրա մորթը թխացնելու համար, քանի որ նրան փնտրում էին, և արտաքին տվյալներն էլ ոստիկանության ձեռքին էին արդեն: «Միշան իրեն հատուկ կնամեծարությամբ հայտարարեց, որ նման փոխակերպությունը Մելինեին ավելի է գեղեցկացրել»:

Մատնություն

Մելինե Մանուշեանը պատմում էր, որ Դիմադրության մարտիկների շարքերում  ներդրվածներ կային: Նա համոզված էր 2 հոգու առումով: Մեկը Ալբերն էր ազգությամբ լեհ դերձակ` ծածկանունը Ժոզեֆ Դավիդովիչ և Ռոժեն՝ Բորիս Օլբանը՝ Բեսարաբիայից՝ ֆրանսական և  ռումինական դիմադրության մարտիկ: Շատ տարիներ հետո, ի հայտ եկան տարբեր վարկածներ Օլբանի առումով, իսկ երբ 1990-ականներին բացվեցին արխիվները և գաղտնազերծվեցին ֆրանսական ոստիկանության փաստաթղթերը, այնտեղ շրջանառվում էր միայն Ժոզեֆ Դավիդովիչի անունը որպես Միսաք Մանուշեանի և նրա խմբի տղաների մատնիչ: Ճիշտն ասած, այս մարդուն Միսաքը սկսեց կասկածել, երբ վերջինիս ձերբակալեց գեստապոն և շատ արագ ազատ արձակեց: Դրա համար էլ նրա ներկայությամբ որևէ կարևոր հարց չէր քննարկում և խուսափում էր նրանից: Դավիդովիչին հետո վերացրին հենց Դիմադրության ողջ մնացած տղաները: Իսկ Օլբանը մահացավ Փարիզում 2004-ին՝ 96 տարեկանում:

Անտեղյակություն

Պարզ էր՝ ամուսնուն ձերբակալել էին: Մելինեն՝ նոր կենսագրությամբ Ժակլին Ալբերտինին՝ կորսիկացի հոր և իտալուհի մոր դուստրը՝ դեռ չգիտեր ամենասոսկալիի մասին՝ ամուսնու գնդակահարության: Ազնավուրեանները և մյուս ընկերները խնայում էին նրան: Գեստապոյականների բազմաթիվ աչքեր հետևում էին Մելինեին կրնկակոխ: Բայց նա անհետանալու վարպետ էր: Մի օր շատ վտանգավոր իրավիճակում հայտնվեց. Հետևում էին միանգամից մի քանի փողոցներից՝ կարծես աքցանի մեջ առնելով նրան: Արագ կողմնորոշվեց և մտավ ոտքի տակ հայտնված կորսեթների մի խանութ: Միանգամից կախիչներից հավաքեց բազմաթիվ սեղմիրաններ և մտավ հանդերձարան, հերթով և դանդաղ փորձեց բոլորը՝ վաճառողին հոգնեցնելով իր դժգոհությամբ. մեկը մեծ է, մյուսն անորակ, երրորդը թանկ, մյուսը լավն է, բայց գույնը այն չէ... Ոչինչ թե իրեն շփացած և անկիրթ կնոջ տեղ  դրեցին: Չնայած հոգեկան խոր ապրումների, Մելինեն շարունակում էր իր գործը հանուն Դիմադրության շարժման գաղափարների: Գեսթեթներ սարքով նա բազմացնում էր իր տպած թռուցիկները, պաստառները, հաշվետվություններ կազմում, տեղեկատվություն փոխանցում Լոնդոնի և Ալժիրի կայաններին:

Նա՝ Résistance-ի իր խիզախ ընկերուհու՝ Լուիզա Ասլանեանի՝ Լասի հետ, Փարիզի հայաշատ արվարձաններով մեկ՝ Իսի լը-Մուլիո, Ալֆորվիլ, Մեզոն Ալֆոր և այլուր,  ֆրանսերենով փոքրիկ պաստառները էր փակցնում հնարավոր բոլոր մակերեսներին: Ժամանակ առաջ, երբ դեռ Փարիզը չէր ընկել, նա էլի՛ անում էր այս նույն գործը՝ իր հետ փոքրիկ դույլով սոսինձ մանածելով: Հիմա դա անհնար էր, նացիստները վխտում էին ամենուր, և փակցնելու միակ տարբերակը, արդեն մի լավ վնասված իր լեզուն էր, որ սահեցնում էր պաստառի դարձերեսին: Լուիզան ապահովում էր  Մելինեի թիկունքը՝ ինքն իրենով փակելով տեսադաշտը:  Քանի-քանի անգամ է Մելինեն Միսաքի հետ վայելել Լուիզայի մոր և քրոջ հյուրընկալությունը: Ինչքա՜ն են երգել Որսկան ախպերը, Պեպոյի երգը Միսաքն ու Արփիարը՝ Լուիզայի ամուսինը: Ժամանակին Ալֆորվիլում միասին հայերեն էին սովորեցնում երեխաներին: Եվ պարսկահայ Լուիզայի և Կոստանդնուպոլսեցի Մելինեի բաղաձայները իրարու չէին հասկանում: Լուիզայի ձայնեղ-խուլ-շնչեղ բաղաձայները հանդիպում էին Մելինեի ձայնեղ-շնչեղներին՝ բ-պ-փ –ն առերսվում  էր պ-փ -ին: Ի՜նչ լավ ժամանակներ էին: Պատերազմի ավարտից ամիսներ առաջ Լուիզան Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում էր, որտեղից այդպես էլ չհասցրեց դուրս գալ, ինչպես և իր ամուսինը՝ Դորա Միթելբաու ճամբարից: Ինչևէ՝ այսպիսի խիզախ  կանայք ամենուր էին Ֆրանսիայում՝ Լիոնից մինչև Գրենոբլ և Մարսել: Իսկ Մելինեի քույրը՝ Արմենուհին, որին Արմեն էին կոչում, օրուգիշեր վերնաշապիկներ էր կարում, դրամ շահում և օգնում դիմադրության մարտիկներին, թաքստոցներում գտնվողներին կերակուր և մամուլ հասցնում: Նացիզմը պետք է տապալվեր: Եվ ամեն մեկը իր գործն ուներ անելու դրա համար:

Արնագույն պաստառը  

Մինչ Մելինեն իր պարտքն էր կատարում Ֆրանսիայի փրկության համար, Փարիզի փողոցները ողողվում էին կարմիր պաստառներով, որոնց վրա «օտար ահաբեկիչների»՝ Միսաքի և իր զինակիցների նկարներն էին: Բնակչության շրջանում այս արնագույն պաստառը միանգամայն հակառակ ազդեցությունն ունեցավ, քան սպասում էր Գեստապոն: Պաստառից նայող տղաները հերոսներ էին ժողովրդի համար: Նրանց ամիսներ շարունակ խոշտանգեցին բանտում: Միսաքը դիմոսկրային 14 կոտրվածք էր ստացել: 1944 Փետրվար 15-19 ընթացավ  դատավարությունը Ռիվոլի փողոցի «Կոնտինենտալ» հյուրանոցում: Նացիստական դատարանը ամեն բան անում էր զղջման խոսք կորզելու տղաների շուրթերից, ինչն այլևս կարժեզրկեր նրանց պայքարը: Դատարանի դահլիճում մարտիկները բացատրում էին իրենց արարքի ազգային դրդապատճառները՝ հայերը պայքարում էին հանուն իրենց ժողովրդի, որ կոտորվել էր 1-ին պատերազմի ժամանակ թուրքերին աջակցող նա՛և գերմանացիների պատճառով: Իսպանացիները, իտալացիները, հրեաները, հունգարացիները ամենը ունեին իրենց դրդապատճառը, բայց կար ընդհանրականը՝ հյուընկալած երկրի՝ Ֆրանսիայի առջև պարտքի զգացումը: Մանուշեանը հրաժարվեց պաշտպանից: Դատարանի դահլիճում ՝ «մարդասպան» գոռացող ամբոխի աղմուկի մեջ նա խոսեց. «Ես կատարել եմ իմ պարտքը՝ կռվել ձեր դեմ: Իմ ոչ մի արածի համար չեմ զղջում»: Դիմելով գերմանացիներին՝ շարունակեց. «Հիմա ես ձեր ձեռքերում եմ»: Հետո դարձավ ֆրանսացիներին. «Մենք կռվել ենք հանուն Ֆրանսիայի, այս երկրի ազատության համար: Դուք ձեր խիղճը և հոգին վաճառեցիք թշնամուն: Դուք ֆրանսական քաղաքացիությունը ժառանգել եք, իսկ մենք՝ արժանացել դրան»: Ամենքը պապանձվել էին: Միսաք Մանուշեանի այս խոսքերը կայծակնային արագությամբ տարածվեցին ընդհատակյա ռադիոհաճախություններով: Դատավորը վերջին անգամ հարցրեց՝ արդյոք ներում հայցում են: Բոլորը՝ 23 հերոսներ, միահամուռ ասացին՝ ո՛չ: Նրանք դատապարտվեցին մահվան: Փարիզի գերմանական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանց  Շտոկին և Կարմիր խաչի ներկայացուցչին թույլատրեցին այցելել՝ գնդակահարությունից առաջ հաղորդություն տալու և ընտանիքներին գրած վերջին նամակները հավաքելու: Միսաք Մանուշեանը գնդակահարվեց 1944-ի Փետրվար 21-ին Մոն-Վալերյեն ամրոցի մոտ, իր ամուսնության տարեդարձի նախօրեին: Վերմախտի դահիճները 4-ական խմբերով կապեցին նրանց սյուներին, աչքերին՝ լաթ: Ամեն սպանված 4-ից հետո հանում էին արյունոտված  լաթը և դրանցով կապում հաջորդ 4-ի աչքերը: Միսաքը հրաժարվեց աչքերը կապելուց: Ամուր կամքով կանգենց սյան մոտ, բաց աչքերով՝ նայելով թե ինչպես է գնդակը սլանում իր վրա: 6 ամիս անց Փարիզը ազատագրվեց նացիստական զավթիչներից և դավաճան իշխանություններից: Միսաք Մանուշեանը Դիմադրության իր մարտիկների հետ մոտեցրել էր այդ օրը կարելիության չափ: «...առաւօտեան արեւը երկրի վրայէն կը վանէ խաւարը և նորէն ամէն ինչ կը տեսնուի իր ճշմարիտ ինքնութեան մէջ»: Այս դատավարությունը ինչ-որ առումով նման էր Բեռլինի դատավարությանը. ինչպես հերոս Սողոմոն Թեհլիրեանը, Միսաք Մանուշեանը ևս ի լուր աշխարհի պատմեց իր առաքելության և կատարած քայլերի դրդապատճառների և կարևորության մասին: «Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ երբևէ ցավ են պատճառել ...բացի նրանցից ովքեր մեզ դավաճանեցին՝ սեփական կաշին փրկելու  համար...»: Գնդակահարվածներից ամենաերիտասարդները 18 տարեկան էին, իսկ ամենամեծերը՝ 44: Միսաքը 37 էր: «Կարեւորը կեանքի տեւողութիւնը չէ, այլ օգտաւետութիւնը»՝ իր նոթատետրում է գրված: Մահապատժի ենթարկվածներից մեկը կին էր՝ Սորբոնի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող  ռումինուհի Օլգա Բանչիկը: Նրան հանձնեցին Վիչիի «արդարադատությանը»: Եվ քանի որ ֆրանսական օրենքն արգելում էր կանանց գնդակահարությունը, նրան գլխատեցին. Հենց իր ծննդյան օրը, երբ դառնալու էր 32 տարեկան: Մելինեն, որին նացիստները այդպես էլ չկարողացան բռնել, հեռակա դատապարտվեց մահվան:

l-NkBuMPq7NF.jpg (99 KB)

Ուշացած նամակներ

Նա և իր քույրը՝ Արմենուհին, Փարիզի ազատագրումից հետո անակնկալի եկան՝  ստանալով Միսաքի նամակները՝ գրած նահատակությունից րոպեներ առաջ: «Իմ սիրելի Մելինե, սիրելի որբուկս... Մի քանի ժամից ես այլևս չեմ լինի այս աշխարում: Այսօր՝ ժամը 15-ին մեզ կգնդակահարեն: ...Ներսումս ամեն բան խառնված է ու շատ պարզ՝ միաժամանակ:... Մահվան պահին ես հայտարարում  եմ, որ որևէ ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի հանդեպ:... Ես խորապես ափսոսում եմ, որ քեզ  չեմ կարող երջանկացնել: Ես շատ կուզենայի քեզնից երեխա ունենալ, ինչպես դու էլ  ես ցանկացել: Եվ ուրեմն՝ խնդրում եմ, որ պատերազմից հետո անպայման ամուսնանաս ու երեխա ունենաս՝ ինձ երջանկացնելու, իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, որը քեզ կերջանկացնի: ...Այսօր արև կա: Այս արևին և այնքան գեղեցիկ բնությանը նայելով՝ ես հրաժեշտ կտամ կյանքին... Քո բարեկամ, քո ընկեր, քո ամուսին Մանուշեան Միշել»: Իսկ Արմենուհուն հասցեագրած նամակով խնդրում է նրան վաղը՝  Փետրվար 22-ին նշել իր և Մելինեի ամուսնության տարեդարձը՝ հույս ունենալով, որ 1 տարի անց Մելինեն կամուսնանա, և իր սիրելի կնոջ՝ այրիի հարսանիքին կհրավիրվեն իրենց բոլոր ընկերները: Միսաքը չգիտեր, որ այդ նամակները դեռ տեղ չեն հասել: «Նա ինձ սիրում էր, ինչպես սիրում են երաժշտությունը, որ լսում են, ինչպես քանդակը, որ շոյում են, ինչպես բանաստեղծությունը, որ կարդում են...ես նրան սիրում էին, ինչպես այն իդեալը, որ կրում ես քո մեջ մտքիդ ամբողջ կրակով: ․..Նա կորցրեց կյանքը՝ այն ինչ աշխարհում ամենաշատն էր սիրում՝ արևը, բնության գեղեցկությունը ...ես կորցրի երջանկությունս՝ այն, ինչ աշխարհում ամենից շատ էին ցանկանում»:   

1-_____1.JPG (1.57 MB)

Էլեքեանների Նուազի-լե-Գրանի պարտեզում, առաջին շարք, ձախից աջ՝ Պերճուհի Էլեքեան, դոկտոր Հայկ Գալջեան, Արփիար Ասլանեան, Լուիզա Ասլանեան, Մանուկ Բաժբեյուկեան, երկրորդ շարք՝ Պարույր Էլեքեան, Ժակլին Մենակեան, Միսաք Մանուշեան, Մելինե Մանուշեան, Ռոզիկ Բոդոսեան, Աննա Բոդոսեան, 1930 թ․

Մելինեն չկատարեց Միսաքի ամենամեծ խնդրանքը: Չամուսնացավ: Հոգեկան ապրումներից ստամոքսի խոց ձեռք բերեց, սկսեց ծխել: Պատերազմից հետո Գեստապոյի աչքից վրիպած թղթապանակները հասցրեց Հայաստան, ինչպես կամեցել էր Միսաքը: Գնդակահարության բոթը հայտնեց 1936-ին Հայաստան ներգաղթած և շուտով մահացած  Միսաքի եղբոր՝ Հայկի ընտանիքին: Խմբագրեց ամուսնու սիրուն բանաստեղծությունները և պատրաստեց հրատարակության: Դասավանդեց համալսարանում, պաշտպանեց ատենախոսական թեզ: Դեռ կան մարդիկ, որ հիշում  են Ստալինի՝ այսօր՝ Մաշտոցի պողոտայի 5-րդ շենքի մի փոքրիկ բնակարանում ապրող Մելինեին: Բայց սովետական  երկիրը ամենևին այն չէր, ինչ պատկերացրել էր Ֆրանսիայի հեռվից, ոչ էլ այստեղի կոմունիզմն էր իր դավանածի նման: Եվ Հայաստանը սրտում՝ նա վերադարձավ Փարիզ, որտեղ շարունակվում էր Միսաքի փառքը: 1955-ին Փարիզի փողոցներից մեկը կոչվեց Մանուշեանի խմբի անունով: Լուի Արագոնը գրեց «Կարմիր ազդ»  բանաստեղծությունը, Լեո Ֆերրեն այն  երգ դարձրեց: Տարիներ հետո Պերճ Թյուրաբեանը թարգմանեց ֆրանսերենից և կատարեց հրաշալիորեն:

****

Քսաներեք հոգի, որոնց խոցեց գնդակը,

Քսաներեք հոգի անժամանակ մեռան,

Քսաներեք օտարներ մեզ եղբայրներ, սակայն,

Քսաներեք սիրահար, որ պաշտում էին կյանքը

Որ Ֆրանսիա գոչելով՝ կռվեցին և ընկան:

«... կռվեցին և ընկան», այնինչ կյանք մտնելիս, Միսաքը ուրիշ երազանք ուներ՝ ապրել: Ապրել ստեղծարար կյանքով, բանաստեղծություններ գրել, արվեստներ ուսումնասիրել, զավակներ ունենալ իր սիրած կնոջից. «Մանուշեանի կյանքը անսովոր մի սիմֆոնիա էր ...որտեղ կար Մոցարտի մաքրությունը, Բեթհովենի պոռթկումը: Եվ այդ սիմֆոնիան միայն կարող էր ողբերգական ավարտ ունենալ»՝ գրեց Մելինեն: Փարիզի 20-րդ շրջանում Lagny փողոցի և Louis-Delaporte ճեմուղու հարևանությամբ կանաչության մեջ կորած մի մեծ, գեղեցիկ այգի կա, որտեղ ամեն օր փոքրիկներ են վազվզում, գրկախառնվում են սիրահարները, նորից խելագարվող աշխարհի անցուդարձից  են խոսում տարեցները... Այգին Մելինեի անունով է, որ հեռացավ կյանքից  1989-ի Դեկտեմբեր 6-ին և  թաղվեց իր սիրելի ամուսնու , ընկերոջ և զինակցի կողքին Իվրի սյուր Սենի շիրմատանը: Միսաք Մանուշեանի   գնդակահարության 80-րդ տարելիցի օրը ՝ 2024  Փետրվար 21-ին, Ֆրանսիայի Հանրապեության պատվո Լեգիոնի շքանշանակիր ամուսինների աճյունները տեղափոխվեցին Փարիզի Պանթեոն՝ որպես մեծարանք հանուն Ֆրանսիայի ազատության զոհված Դիմադրության բոլոր օտարազգի մարտիկների:

Հետգրություն

Գրականության և արվեստի թանգարանում, Մ.Մանուշեանի թղթածրարում  են պահվում ռեժիսոր Լաերտ Վաղարշեանի՝«Այսօր արևոտ օր է» ֆիլմի սցենարական պլանը և Հայֆիլմ կինոստուդիայից Լ. Արամեանի ստորագրությամբ նամակը՝ հասցեագրված Փարիզի իր կոլեգային՝ թվագրված 1962 Հունվար 15: Նա գրում է, թե ֆիլմ են պատրաստում Մանուշեանի մասին և 1943-44թթ. դրվագները պետք է ստեղծվեն rear projection-ի՝ համակցման եղանակով և խնդրում է նկարահանել և Երևան ուղարկել  այդ թվականների Փարիզին բնորոշ համայնապատկերներ: Իրականում Լ. Վաղարշեանը Մանուշեանիմասին ֆիլմ  նկարելու երազանք ուներ դեռ 50-ականներին: Եվ Մ. Սարեանը, Ավ. Իսահակեանը, Վ. Համբարձումեանը ֆրանսական կինոմատոգրաֆիստներին նամակ էին ուղարկել աջակցության խնդրանքով: Բայց Ալժիրի հարցի շուրջ  Խորհրդային Միության և Ֆրանսիայի տարաձայնությունների պատճառով այն գլուխ չեկավ: Տարիներ անց, ռեժիսորը իբրև զբոսաշրջիկ, բայց «հետախուզական» նպատակներով, մեկնում է Ֆրանսիա: Ֆիլմը սկսելու հնարավորություն նրան էլի չի տրվում: 1970-ին  Փարիզում լինելու մի նոր առիթ է ստեղծվում: «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցադրության մասին վավերագրություն նկարահանելու համար,Վաղարշեանը  Ֆրանսիա է գործուղվում օպերատոր Սերգեյ Իսրայելեանի հետ: Այս առիթը օգտագործում են և որոշ նյութեր նկարահանում Մանուշեանի մասին երազած ֆիլմի համար: Վիզայի ժամկետը լրանալու պատճառով և սովետական դեսպանատնից այն երկարացնելու մերժում ստանալով,  ռեժիսորն ու օպերատորը վերադառնում են Հայաստան՝ չհասցնելով նկարահանել Լուի Արագոնին, որի հետ արդեն ժամադրված էին: Ինչևէ՝ 1975թ. Ապրիլ 24-ին, մեծ տանջանքներով  նկարահանված  «Այսօր արևոտ օր է» ֆիլմը, առաջին անգամ ցուցադրվում հայկական հեռուստատեսությամբ: 

լուսանկարները՝ https://www.lemonde.fr/, horizonweekly.ca կայքերից։ 

Copyright : Photographies extraites de : Méllinée Manouchian, Manouchian, Marseille, Éditions Parenthèses, collection «Diasporales», 2023.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter