«Չգիտեմ, թե ինչու է Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել, և չպետք է իմանամ». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կայուն է, ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ է ստանում։ Իսկ երեկ՝ 2026թ. հունիսի 9-ին, նրան այցելել է Քրեակատարողական ծառայության սոցիալ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Սակայն Գալյանն անձամբ չի այցելել։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն դեպքերի կապակցությամբ, որոնք նա հանցավոր է համարում։ Նախարարն ընդգծել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Օսիպյանի իրավունքները պատշաճ ապահովելու համար, ներառյալ հացադուլ հայտարարելու իրավունքը, ինչպես նաև նրան տրամադրվում է զբոսնելու հնարավորություն և այլ անհրաժեշտ պայմաններ։
Գալյանի փոխանցմամբ՝ ոչ մի միտում չպետք է փնտրել անձի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու առումով, քանի որ այդպես չի կարող լինել։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ս. Գալյանն ասաց, որ չգիտի, թե ինչու է Արթուր Օսիպյանի նկատմամբ ընտրվել կալանք խափանման միջոցը, և այդ մասին չպետք է իմանա, քանի որ պաշտոնն արգելում է։
Գալյանը հույս ունի, որ բանը չի հասնի նրան, որ Օսիպյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխվի, քանի որ անձը դուրս կգա հացադուլից և իր բարձրացրածը, եթե խնդիր է, լուծում կստանան։ Միևնույն ժամանակ Գալյանը հայտնեց, որ այդ հարցին գուցե «էգոիստական» մոտենա, բայց ինչպես բոլորի, այնպես էլ Օսիպյանի դեպքում խիստ ցանկալի է փոխել խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Ձերբակալման օրվանից Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ասում է, որ նա հյուծված է, շատ քաշ է կորցրել։
2026թ․ մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել