HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու որոշում կայացնել». Վարչական դատարան 

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու հայցերը, որոնք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումներն անվավեր ճանաչելուն։ Նշված որոշումներով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Սակայն արձանագրվել է, որ ԿԸՀ-ն ստիպված է առանձին տեղամասերում վերաքվեարկության մասին որոշում կայացնել:

Գործում երրորդ անձ են ներգրավվել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, փաստաբան Արամ Օրբելյանն ու Վահե Գրիգորյանը դատարանում նշել են, որ թիվ 10/51 ընտրական տեղամասում ԲՀԿ-ի օգտին գրանցվել է 151 կողմ քվեաթերթիկ, որոնք վավեր են եղել, մինչդեռ ԿԸՀ-ի որոշմամբ համարվելու են անճշտություններ։ 

Թիվ 10/51 ընտրական տեղամասի վստահված անձ Շուշան Ադամյանը գրառում է կատարել, ըստ որի՝ ընտրությունների օրը՝ ժամը 20:00-ին դրությամբ, տեղամասի տարածք է բերվել 250 զինվոր և 20։10-ի դրությամբ դեռևս տեղամասում են գտնվել 75-ից ավելի զինվորներ։ Նմանատիպ բովանդակությամբ գրառում է կատարել նաև վստահված անձ Արևալույս Թևոսյանը: 

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է, որ այս միջադեպը չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ 2026թ. հունիսի 8-ի ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է այս հարցին. «Ինչ վերաբերում է զինվորների քվեարկությանը, ապա խնդիրը եղել է սա. երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ, եկել են քվեարկության։ Պետք է խոստովանեմ, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում։ Այսինքն կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կամ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կամ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետև գործընթացը դանդաղ է գնացել»

Սակայն, 2026թ. հունիսի 11-ին ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ վերանայել է թե՛ ՏԸՀ որոշումը, թե՛ թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

ԲՀԿ ներկայացուցիչները նշել են, որ կուսակցությունը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ստացել է 58.378 կողմ քվեաթերթիկ, կամ ընտրողների ձայների 3,996% տոկոսը։ Մի շարք ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին գրանցված կողմ քվեաթերթիկների քանակը բավարարում էր Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Մասնավորապես, եթե ԿԸՀ-ն անվավեր չճանաչեր երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ապա ԲՀԿ-ի օգտին տրված ձայների քանակը կկազմեր 58.525, ինչը կազմում է 4.00378 տոկոս, այսինքն կգերազանցեր կուսակցությունների համար Ընտրական օրենսգրքով սահմանված անցողիկ շեմը: 

ԲՀԿ ներկայացուցիչները պնդել են, որ ԿԸՀ-ն չունի ընտրատեղամասի ընտրական արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություն: Նման լիազորությունը օրենսդրի կողմից տրված է բացառապես Տարածքային ընտրական հանձնաժողովին և Վարչական դատարանին: Նման դեպքում ԿԸՀ-ն ունի բացառապես վերաքվեարկություն նշանակելու լիազորություն:

ԿԸՀ ներկայացուցիչը՝ հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը հայտնել է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իր իրավասությունների սահմաններում, ուստի խնդրել է հայցը մերժել։

Վարչական դատարանում գործի քննության ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ԿԸՀ որոշումն իրավաչափ է: Հակառակի՝ ոչ իրավաչափ լինելու մասին է պնդել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը որևէ դիրքորոշում չի հայտնել:

Թիվ 10/51 ընտրատեղամասին վերաբերող գործը քննող Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, արձանագրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորված է վերացնել, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչել ընտրական հանձնաժողովների` օրենսգրքին հակասող որոշումները՝ որոշակի բացառություններով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ի թիվս այլ լիազորությունների, վերապահված է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ-ն իրավասու է ընդունել առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում, սակայն այն դեպքում, երբ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: 

Վարչական դատարանը թեև մերժել է  ԲՀԿ-ի հայցը, սակայն մեկնաբանելով օրենքն արձանագրել է, որ ԿԸՀ-ն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

Թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշման վիճարկմանը վերաբերող գործը քննել է Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը։

Այս ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել այն հիմնավորմամբ, որ ժամը 20։02 րոպեին ընտրատեղամասի դուռը չի փակվել։ Ժամը 20։44 րոպեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկայացել է ընտրատեղամաս՝ հաշվարկին մասնակցելու, սակայն ընտրատեղամասի դուռը դեռևս չի փակվել։ Նա գրառում է կատարել գրանցամատյանում, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընտրատեղամասի դուռը փակելուց։ 

«Ժամը 20։55-ի դրությամբ՝ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ հասա ընտրատեղամասի սենյակ՝ ամբողջ միջանցքը զինվորներով լցված էր»,- նշել է վստահված անձը:

Այս գործի քննության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն ամբողջությամբ առարկել է հայցի դեմ: «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդել է, որ ԿԸՀ գործողությունները թափանցիկ չեն եղել, ինչպես նաև չի ապահովվել կողմերի լսված լինելու իրավունքը, խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը: Անհայտ է, թե որ հայեցողական լիազորության շրջանակներում են ընտրվել վիճարկվող ընտրատեղամասերը։ Իսկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ ԿԸՀ-ն չէր կարող կայացնել որոշում ընտրատարածքային հանձնաժողովի փոխարեն, այլ պետք է իրականացներ օրինականացման նկատմամբ Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունը: Այս պայմաններում ԿԸՀ-ն վերազանցել է իր լիազորությունները։

Վարչական դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցը՝ արձանագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունքի խախտում թույլ չի տվել և ստորադաս հանձնաժողովի որոշումների վերանայման արդյունքում ունի առանձին տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն:

Նշենք, որ Վարչական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter