Ավանում ու Նոր Խարբերդում նոր մանկապարտեզներ կկառուցվեն. ինչ ընթացքում է մանկապարտեզների հիմնանորոգումը Երեւանում
Հիմնանորոգման կամ վերակառուցման նպատակով մանկապարտեզների փակումը Երեւանում շատ ծնողների համար խնդիրներ է ստեղծում: Ոմանք նախընտրում են իրենց երեխային, որի մանկապարտեզն առժամանակ փակվել է, տանը պահել, քան ամեն օր տանել տնից բավական հեռու գտնվող մեկ այլ մանկապարտեզ:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի՝ մայրաքաղաքում այսօր կա համայնքին պատկանող 162 մանկապարտեզ, որոնցից 12-ը հիմնանորոգման/վերակառուցման փուլում են (այս պահին շինաշխատանքներ ընթանում են ոչ բոլորում), եւս 2-ում այդ աշխատանքները կասեցված են։ Այսինքն՝ գործում է 148 մանկապարտեզ, որտեղ ներկա պահին հաճախում է 28.887 երեխա, իսկ 15.722 երեխա էլ հերթագրված է ու սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։
.jpg)
Ինչպես տեղեկացել ենք քաղաքապետարանից, 2020-2026 թթ. ընթացքում Երեւանում հիմնանորոգվել/վերակառուցվել է (աշխատանքներն ավարտվել են) 43 մանկապարտեզ։
Ըստ քաղաքապետարանի՝ 2020-2026 թթ․ ընթացքում մանկապարտեզների հիմնանորոգման/վերակառուցման ամենաշատ մեկնարկները տրվել են 2022-ին՝ 22 մանկապարտեզ, իսկ 2024-ին որեւէ մանկապարտեզի հիմնանորոգում չի մեկնարկել:
.jpg)
2020 թ․ Երեւան համայնքի ծրագրերով հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել 11 մանկապարտեզում, եւս 2 մանկապարտեզում այդ աշխատանքներն սկսվել են Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում:
2021 թ․ 9 մանկապարտեզներում հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են համայնքի ծրագրերով։
2022 թ․ համայնքի ծրագրերով մեկնարկել են 10 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, սակայն դրանցից 2-ում՝ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 137 ու 147 մանկապարտեզներում, աշխատանքները կասեցվել են (քաղաքապետարանը կասեցման պատճառը չի նշել): Քաղաքապետարանից նաեւ տեղեկացել ենք, որ թիվ 137 մանկապարտեզի հիմնանորոգման շինաշխատանքների կապալառու «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն տուգանվել է 5.872.000 դրամով։ Թիվ 147 մանկապարտեզի շինարարն էլ «Արալպլաստ» ՍՊԸ-ն է, որի տուգանման մասին տեղեկություն չկա: 2022 թ. եւս 12 մանկապարտեզի հիմնանորոգում մեկնարկել է Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում:
2023 թ․ համայնքի ծրագրերով հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել 3 մանկապարտեզներում: 2024-ին, ինչպես ասվեց, նման աշխատանքների մեկնարկ չի տրվել, իսկ 2025-ին սկսվել են միայն մեկ՝ թիվ 156 մանկապարտեզի (Քանաքեռ-Զեյթուն) վերակառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում:
Ինչ վերաբերում է 2026-ին, ապա քաղաքապետարանից «Հետքին» փոխանցել են, որ Երեւան համայնքի ծրագրերով «Բիդեք» ՍՊԸ-ն մանկապարտեզի նոր շենք է կառուցում Ավան վարչական շրջանում: Մայիսի 15-ի դրությամբ ընթացքի մեջ էին պայմանագրի կնքման աշխատանքները «Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ, որը մանկապարտեզի նոր շենք է կառուցելու Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում: «Պրոմ Գրուպ» եւ «Սիգմա-Տել» ՍՊԸ-ներն էլ նոր շենք են կառուցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզի համար:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգից, հիմնանորոգման/վերակառուցման նպատակով փակ են հետեւյալ 12 մանկապարտեզները՝ թիվ 1, 24, 40, 42, 64, 72, 73, 93, 100, 142, 148 եւ 156 (թիվ 137 եւ 147 մանկապարտեզները, որտեղ հիմնանորոգման աշխատանքները կասեցվել են, այս ցանկում չկան):
Ի՞նչ է էներգաարդյունավետության ծրագիրը
Ինչպես հայտնում են «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից», Եվրոպական ներդրումային բանկի, ՀՀ կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվում է Երեւանի էներգաարդյունավետության ծրագիրը։
Ծրագրի առաջին փուլում (ավարտը՝ 2026 թ. տարեվերջ) 25 մսուր-մանկապարտեզում տեղադրվել են արեւային ֆոտովոլտային կայաններ ու ջրատաքացուցիչներ, 6-ում արդիականացվել է լուսավորությունը, իսկ 8 մսուր-մանկապարտեզում արդիականացվել են կաթսայատները։
Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է վերակառուցել 32 մանկապարտեզ։ Ընդ որում՝ դրանցից 5-ի (թիվ 39, 64, 72, 93, 133 մսուր-մանկապարտեզներ) շինաշխատանքների մեկնարկը նախատեսվել է այս տարվա մայիսին։
Հունիսին վերահայտարարվելու են թիվ 17 եւ 46 մսուր-մանկապարտեզների շինաշխատանքների ձեռքբերման մրցույթները:
Այս տարվա դեկտեմբերին նախատեսված է շինաշխատանքների մեկնարկ հետեւյալ մսուր-մանկապարտեզներում՝ թիվ 33, 56, 101, 108, 118 եւ 129: Դեկտեմբերին պետք է ավարտվեն նախագծային աշխատանքները թիվ 42, 45, 79, 84, 94, 128 եւ 142 մսուր-մանկապարտեզների համար: Հայտերի գնահատման փուլում են թիվ 3, 73 եւ 120 մսուր-մանկապարտեզների նախագծերի ձեռքբերման, ինչպես նաեւ թիվ 78, 83, 100, 102, 103, 113, 132 ու 157 մսուր-մանկապարտեզների վերանախագծման մրցութային գործընթացները: Թիվ 80 մսուր-մանկապարտեզի նախագծանախահաշվային փաստաթղթերն էլ փորձաքննության փուլում են:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Լուսանկարները՝ հեղինակի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել