HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին (Իշխան Սաղաթելյանին - խմբ․) և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել:

«Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին (Լիանա Խաչատրյանին - խմբ․) սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:

Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։

2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:

2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավոր, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու ավտոմեքենան խուզարկել են։ Սաղաթելյանը «Հետքի» հետ զրույցում կատարվածը քաղաքական հետապնդում էր որակել, հայտնել, որ իրավապահները գումար և զարդեր են տարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter