Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Ջոն Հայրապետյան) երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Վ. Հարությունյանի փոխանցմամբ՝ Չալաբյանը կալանքը կրելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատարանն արգելել է նաև Չալաբյանի հետ բոլոր տեսակցությունները՝ բացառությամբ պաշտպանների։
Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով՝ կալանավորման համար բավարար հիմքեր չուներ։
Հիշեցնենք, որ այսօր՝ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի՝ 2026 թվականի մայիսին նա մեկնել է այլ երկիր և հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու և շահագրգռելու, որպեսզի իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։
Մեղադրանքի համաձայն՝ ձեռք է բերվել համաձայնություն, որի համաձայն՝ տվյալ երկրում տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք մեկնեն Հայաստան և ընտրությունների ժամանակ քվեարկեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ա.Չ.-ն է (խմբ․ - Ավետիք Չալաբյան): Վերջինիս նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։
Ավելի վաղ ձայնագրություն էր տարածվել, որը վերագրվում էր Ա․ Չալաբյանին։ Խոսակցությանը մասնակից են եղել Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել