Դատավորները հակադարձում են՝ փաստացի դատավորի ծանրաբեռնվածությունը չի նվազել, պարզեցված գործերը փոխարինվել են բարդ գործերով
2026թ․–ի վեց ամիսներին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորների նկատմամբ հարուցված 8 կարգապահական վարույթ է քննել, որոնց հիմքում 2024-2025 թվականներին քննված գործերն են։ Վարույթներից 7–ը հարուցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մեկը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Կարգապահական 8 վարույթներից 4–ը հարուցվել են գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով։ Տպավորություն է ստեղծվում, որ արդարադատության նախարարը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով իրականացված բարեփոխումների ազդեցությունը ստուգում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով։
Մենք նույնպես հետաքրքված ենք, թե օրենսդրական փոփոխություններն ինչ ազդեցություն ունեցան դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու վրա։ Վերջին տարիներին «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մի քանի հետազոտություն է իրականացրել և տարբեր հարթակներում հետևողականորեն բարձրացրել է գործերի քննության ողջամիտ ժամկետները չպահպանելու, դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու հարցերը։ Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ներդրված գործիքակազմերը էականորեն չեն նպաստել գործերի քննության արագությանը։
Վերջին երեք տարիներին մեզ չի հաջողվել պաշտոնական գրությամբ դատարանից տեղեկատվություն ստանալ, թե գործիքակազմերը ներդնելուց հետո, ըստ էության, դատավորների վարույթում տարեկան քանի գործ է քննվում կամ քանի տոկոսով է նվազել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Կարգապահական վարույթների քննությունը նաև մեր հարցերի պատասխանները ստանալու միակ հնարավորությունն է։ Դատավորները կարգապահական վարույթների քննության ժամանակ ներկայացնում են իրենց վարույթում գտնվող գործերի քանակը, ծավալը, բարդությունը և ողջամիտ ժամկետները չպահպանելու պատճառները։
Վարույթներից մեկի քննության ժամանակ ասվեց, որ քրեական և քաղաքացիական դատարանների բեռնաթափման զգալի տարբերություն կա։ Դատական իշխանության հրապարակած վիճակագրության համաձայն՝ քաղաքացիական դատարանները բեռնաթափվել են մոտ 84 %-ով, քրեական դատարաններն էլ ավելի են ծանրաբեռնվել։ Սակայն հարուցված վարույթներով ողջամիտ ժամկետները խախտել են և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործեր քննող դատավորները։
Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա ԲԴԽ–ն հունիսի 12–ին քննում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավոր Արման Օհանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը։ Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ քաղաքացիական դատարանը 98%-ով բեռնաթափվել է։ Նախարարության համար անընդունելի է, որ դատարանների էական բեռնաթափման արդյունքում հաղորդում են ստանում գործերի քննությունը ձգձգելու մասին։ Նախարարության ներկայացուցիչը վարույթի քննության ժամանակ հայտարարեց, որ Արման Օհանյանը ամենածանրաբեռնված 5 դատավորների ցանկում չէ, սակայն որոշումը սահմանված ժամկետից 3 ամիս 20 օր ուշ է հրապարակել։
Դատավոր Օհանյանը ԲԴԽ–ին հայտնեց, որ 2023թ․–ին իր վարույթում 2429 գործ է ունեցել, որից 2024թ․ է փոխանցվել 768 գործ, 2025թ․–ին ավարտել է 559 գործ։ Նշեց, որ 2025թ․–ին ավարտված գործերի ամենաբարձր ցուցանիշներից մեկն ինքն է ապահովել։ Նա ճիշտ չի համարում արդարադատության նախարարության՝ դատավորի ծանրաբեռնվածությունը միայն քանակական ցուցանիշով գնահատելու մեթոդաբանությունը։ Հիմա ավելի շատ են գործի լուծման վրա ժամանակ ծախսում։ Մինչդեռ արդարադատության նախարարությունում (ԱՆ) միայն քանակականով են վերլուծություն կատարում։ Դատավորը հիշեցրեց, որ քաղաքացիական դատարաններից պարզեցված վարույթի գործերը, որոնք տեխնիկական աշխատանք էին պահանջում, փոխանցեցին նոտարներին, փոխարենը՝ ծանրաբեռնեցին այլ գործերով, որոնց քննությունը ծավալային առումով ժամանակատար է։
«Փաստացի, ոչ թե դատավորի ծանրաբեռնվածության նվազում է տեղի ունեցել, այլ՝ աշխատանքի բնույթի էական փոփոխություն։ Պարզեցված վարույթի գործերի քանակը նվազել է, բայց վերջին տարիներին ավելացել է այն գործերի տեսակարար կշիռը, որոնց բնույթը դատավարական բազմաթիվ գործողություններ է պահանջում։ Ունեմ գործ, որին 103 անձ է մասնակցում, գործերի բարդության աստիճանը պետք է հաշվի առնել»,– հայտնեց դատավորը։ Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով 2024թ․ մայիսին Ազգային ժողովը փոփոխություն կատարեց օրենքում և նոտարների գործողությունները, աշխատանքային վեճերի քննությունը փոխանցվեց քաղաքացիական դատարանին։
Արման Օհանյանը տեղեկացրեց, որ, փաստացի, դատավորների գերծանրաբեռնվածությունը շարունակվում է պահպանվել։ Մասնավորապես, ինքը ծանրաբեռնվել է նաև գաղտնի գնումների վեճերը քննող դատավորների ցանկում ընդգրկվելով, որոնց իր աշխատակազմը հասանելիություն չունի և ամբողջը անձամբ է կազմակերպում։ Արման Օհանյանն իր խոսքն ավարտեց՝ «այստեղ բացակայում է իմ մեղավոր վարքագիծը» արտահայտությամբ, բայցևայնպես ԲԴԽ–ն նրան մեղավոր կարգեց՝ դատավորին նախազգուշացում հայտարարեց։
Վարույթներից չորսը հարուցվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական գործեր քննող դատավորների նկատմամբ, որից երեքը գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով։ Երեք դատավորի նկատմամբ վարույթները հարուցվել են ԱՆ նախարար Սրբուհի Գալյանի որոշումներով, մեկը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի տվյալներով Կոտայքի դատարանում քրեական գործերի քանակն ավելացել է շուրջ 300 %-ով։
Քաղաքացիական գործեր քննող դատավոր Աննա Արզումանյանի նկատմամբ նախարարը վարույթ է հարուցել աշխատանքային վեճը երեք ամսվա փոխարեն 10 ամսում քննելու համար։ Շուրջ 7 ամիս դատավարությունը երկար է տևել նախատեսվածից, 2025թ․ հունիսից գտնվել է դատավորի վարույթում։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ նա դատավորի վարքագծի խախտում է թույլ տվել, ձգձգելու հետևանքով անձին փոխհատուցելու չափն ավելի մեծ է լինելու։
Ըստ էության, ճիշտ է նկատել պրն Քոչարյանը։ Վատ է, երբ դրա մասին միայն դատավորների վարույթները քննելու ժամանակ են հիշում։ Մենք այդ հարցին անդրադարձել ենք Պաշտպանության նախարարության (ՊՆ) դեմ ներկայացված աշխատանքային վեճերին վերաբերող մեր հրապարակման մեջ։ Մի քանի գործերով դատարանի տված պարզաբանումները կարող էին ուղեցույց լինել ՊՆ-ի համար և զինծառայողների փոխհատուցման պահանջները բավարարվեին դիմումների հիման վրա, այլ ոչ թե ուղղորդեին դատարան։ Մեր հաշվարկներով՝ 2026թ․–ի հունվարից մինչև մայիսի 15–ը քաղաքացիական դատարանը 193 գործ է ընդունել վարույթ։
Չօգտագործված արձակուրդի օրերի համար, շաբաթ-կիրակի և տոնական օրերին աշխատանք կատարելու դիմաց վճարման ենթակա գումարները ստանալու համար հայցերի հոսքը շարունակվում է։ Ոմանք պետական տուրքից, փաստաբանական ծառայության վճարից բացի, վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար պահանջում են նաև 0,15 %–ի չափով տուժանք վճարել։
Դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծելու ուղիներ որոնող Արդարադատության նախարարին նաև դատական ռեսուրսը վատնելու հարցը պետք է մտահոգի։ Եթե կարողանային գործադիրի հետ լուծումներ գտնել այս հարցերի վերաբերյալ, օրինակ՝ պարտավորեցնեին ՊՆ–ին հաշվարկներ կատարել և բավարարել դիմումատուների պահանջը։ Այդպես և՛ դատական ծախսերը կնվազեն, և՛ փոխհատուցելու չափերը, և՛ դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցնեն։
ԲԴԽ–ն հունիսի 25–ին կայացրած որոշումով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Արզումանյանին և Արմեն Վարոսյանին նկատողություն հայտարարեց։
Քրեական գործեր քննող դատավոր Արմեն Վարոսյանը միակն էր, որի նկատմամբ վարույթը հարուցել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Դատական դեպարտամենտն էր դիմել հանձնաժողովին նրա նկատմամբ դատավարական և վարքագծի խախտում թույլ տալու հիմքով վարույթ հարուցելու համար։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Արմեն Վարոսյանը շատ ծանրաբեռնված դատավոր չէ՝ նրա վարությում գտնվող գործերի թվաքանակից ելնելով։ Հետևաբար, նա հեղինակազրկել է դատարանին՝ միջանկյալ բողոքը ժամկետի մեջ չքննելով։
Դատավորն ընդունեց, որ խախտել է ժամկետները՝ ակտը կողմին ուղարկել է 1 տարի 4 ամիս ուշացումով։ Դատավորը հայտնեց, որ դա կողմի համար հետևանք չի առաջացրել, քանի որ դատական ակտը ճիշտ է կայացրել։
«Բողոքի քննությունը մեկամսյա ժամկետում կատարել եմ, ժամանակին կողմերին տեղյակ է պահվել որոշման մասին, բայց ուշ է ուղարկվել։ Պատճառը դատավորի և դատարանի գերծանրաբեռնվածությունն է, այս պայմաններում առաջնահերթ ենք համարում առավել հրատապ լուծում պահանջող հարցերը։ Պրակտիկա կա, որ մինչև 6 ամիս ուշ տրամադրելը նորմալ է համարվում, կարճվում է վարույթը և հարցը ԲԴԽ–ին չի հասնում»,– հայտնեց դատավոր Վարոսյանը։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող դատավոր Գագիկ Հարությունյանին ԲԴԽ–ն խիստ նկատողություն հայտարարեց։ Այս դեպքում Գլխավոր դատախազն է դիմել նախարարին, վարույթը հարուցվել է խափանման միջոց կիրառելու հետ կապված որոշումներն ուշացումով հանրային մեղադրողին ուղարկելու համար։ ԱՆ ներկայացուցիչը հայտնեց, որ դատավորը 32 քրեական գործերով կայացված 36 դատական ակտերով չի պահպանել որոշումներ կայացնելու ժամկետները։ Դրանք վերաբերում են՝ խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետները երկարաձգելու հարցերին։ Այդ որոշումները, ինչպես նաև դատավճիռները ուշացումով են տրամադրել հանրային մեղադրողին։
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ԲԴԽ–ին հայտնեց, որ դատավորի գործողությունները սահմանափակել են դատավարության մասնակիցների՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքը։ Խափանման միջոցները փոփոխելու դատական ակտերը հանրային մեղադրողին ուշացումով ուղարկելու հետևանքով զրկել է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու հնարավորությունից։
«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ շատ ծանրաբեռնված դատարանն է, ես գերծանրաբեռնված դատավորներից եմ։ 2025թ․–ին 239 քրեական գործ եմ ստացել։ Ակտերն ու դատավճիռներն ուշացրել եմ ծանրաբեռնված լինելու պատճառով։ Երբեմն անգամ տուն գնալու խնդիր ենք ունեցել»,– ԱՆ–ի մեղադրանքին ի պատասխան հայտնեց դատավոր Գագիկ Հարությունյանը։
Դատավորն ընդունեց, որ ողջամիտ ժամկետները խախտել է, բայց այդ որոշումների ուշացումով ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ «Ինձ մեղադրում են ժամանակին անձին բողոքարկելու հնարավորությունից զրկելու համար»,– հայտնեց դատավորը։ Նշեց, որ իր կայացրած որոշումներից որևէ մեկով անձը վատ վարքագիծ չի դրսևորել, տնային կալանքի տակ գտնվողները պարտաճանաչ ներկայացել են դատական նիստերին։ Դատավորը հայտնեց, որ ինքը կարևորում է օբյեկտիվ իրականությունը, «ուշացումների ձևականությունը» չի վնասել որևէ մեկին։
ԲԴԽ–ն 8 վարույթներով մերժել է միայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի միջնորդությունը։
Փաստաբանի հաղորդման հիման վրա Արդարադատության նախարարը վարույթ է հարուցել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի նկատմամբ։ ԲԴԽ–ն նախազգուշացում է հայտարարել դատավորին։
Դավիթ Սերոբյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը վարույթի քննության ժամանակ ԲԴԽ–ին հայտնեց, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթը հարուցել է անձի դիմումի բացակայության պայմաններում, որն ընդունելի չէ։ Հաղորդումը ԱՆ–ն ստացել է և 6–7 ամիս ոչինչ չի արել, այնուհետև անձը հրաժարվել է բողոքից, այդ գործն ավարտվել է հաշտության համաձայնությամբ։ «ԱՆ–ն, որպես գործադիր իշխանության սուբյեկտ, հանրային գանգատը չի կարող դիտարկել դատավորին պատասխանատվության ենթարկելու համար»,– հայտնեց ԲԴԽ–ում դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը։
Համաշխարհային բանկի 2023թ․–ին հրապարակած «Հայաստան. աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հայացք ապագային» զեկույցում այդ մտահոգությունը կար արդարադատության նախարարության վերաբերյալ։ «Ընդունված գործելակերպ չէ գործադիր իշխանությանը թույլ տալ կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Վտանգ կա, որ արդարադատության նախարարը կարող է քաղաքական դրդապատճառներով կարգապահական վարույթներ հարուցել՝ խարխլելով դատական անկախության հիմնական սկզբունքները և հնարավոր ազդեցություն ունենալ դատավորների որոշումների վրա»,– ասվում է զեկույցում։
2020թ.-ից երեք լիազոր մարմիններ կարող են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝
- Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը,
- Արդարադատության նախարարությունը,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատավորների նկատմամբ վարույթներ է հարուցում ԱՆ–ն, և ԲԴԽ–ն հիմնականում բավարարում է դրանք։
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել