HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ճարտարապետի ներկապնակը». Միքայել մազմանյանի գրավոր ժառանգությունը

«Ճարտարապետական ամեն մի երկ, բնական օրգանիզմի նման ունի իր կյանքը։ Խոյակն իր ծնվելու օրը աշխարհ է եկել երկունքով։ Ինչպես երեխայի թաթիկը, որը անբաժան է երեխայի ամբողջ մարմնից և ունենում է այն ձևն ու տեսքը, ինչպիսին պետք է ունենա բնական օրինաչափությանը համաձայն տվյալ մարմնի համար»: Քսաներորդ դարի հայկական ճարտարապետության նորարարական դպրոցի  հիմնադիրներից Միքայել Մազմանյանի գրառումներից է։ Հունիսի 23-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է Միքայել Մազմանյանի գրավոր ժառանգությունը՝ հոդվածները, հուշերը, բանաստեղծությունները, նամակները։ Գրքի կազմողը՝ Լիլիթ Տեր-Մինասյանն է, առաջաբանը՝ Կարեն Բալյանի։

«Սա գիտնականի աշխատանք է, ճարտարապետի աշխատանք է  և  թոռնուհու աշխատանք է, քանի, որ պահպանվել է ընտանիքի մեծ ժառանգությունը, ավանդը»,- այսպեա բնութագրեց  ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը Միքայել Մազմանյանի թոռնուհու՝ ճարտարապետ, հնագետ  Լիլիթ Տեր-Մինասյանի  աշխատանքը։ Միքայել Մազմանյանի կյանքը լի էր վայրիվերումներով` քսանականների ստեղծագործ, առաջադիմական հաջողությունների շրջանից հետո ճարտարապետին սպասվում էր երեսունականների բռնաճնշումը և աքսորը։ Աքսորում Մազմանյանը գրում էր ոչ միայն նամակներ՝ սպասող ընտանիքին, այլև բանաստեղծություններ և պատմվածքներ։ Դրանք արժեքավոր գրական վկայություններ են, որոնք ամենադիպուկն են արտահայտում ծանր պայմաններում ստեղծագործ մարդու դիմակայելու կամքը, կարոտը և լավատեսությունը։

Բևեռային քաղաք Նորիլսկից, աքսորում քաղաքաշինական աշխատանքից հետո, վերադառնում է Երևան՝ ստեղծագործական բուռն աշխատանքի։ Նրա բոլոր պրակտիկ աշխատանքներին նախորդում է տեսական հիմնավորումը՝ տեքստը։ Մազմանյանը թողել է տեսական մեծ ժառանգություն։ Տեսությունը նրա համար առաջնահերթ էր։

Լիլիթ Տեր-Մինասյանը պատմեց, որ ճարտարապետը զեկույցներից մեկը սկսել է  Լեոնարդո Դա Վինչիի հետևյալ խոսքերով` «Գործնական աշխատանքը առանց տեսության, նման է նավաստու` առանց ղեկի և կողմնացույցի․ նա երբեք վստահ չէ, թե ուր է գնում»։

Միքայել Մազմանյանի հարուստ տեսական ժառանգությունը, քաղաքաշինության, ազգային ճարտարապետության մասին հոդվածները, հուշագրությունները, պատմվածքները, բանաստեծությունները խնամքով համադրված են ճարտարապետի թոռնուհու՝ Լիլիթ Տեր-Մինասյանի կազմած և Սարգիս Խաչենց, Փրինթինֆոի հրատարակած «Ճարտարապետի ներկապնակը» գրքում։

Տես նաև`

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter