Ֆրանսիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն և դուրս եկավ հաջորդ փուլ
Ֆրանսիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր:
Խաղի առաջին վտանգավոր պահը 3-րդ րոպեին ստեղծեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, սակայն նրա հարվածը հետ մղեց ֆրանսիացիների դարպասապահ Մայք Մենյանը:
Աստիճանաբար Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումը: Բրադլի Բարկոլան վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Քիչ անց Մբապեն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
Շվեդիայի հավաքականը մեծ ուժերով պաշտպանվում էր, սակայն կապույտները շարունակեցին վտանգավոր պահեր ստեղծել. Մբապեի և Մայքլ Օլիսեի հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին ֆրանսիացիների ճնշումն արդյունք տվեց. անկյունայինի խաղարկումից հետո Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ֆրանսիան արագորեն կրկնապատկեց առավելությունը. Օլիսեի փոխանցումից հետո Բարկոլան գրավեց շվեդների դարպասը: Օլիսեն մի քանի անգամ մոտ էր հաշիվը խոշոր դարձնելուն, սակայն դարպասապահ Յակոբ Վիդել Զետերստրյոմը փրկեց իր թիմին:
Երրորդ գոլից խուսափել, սակայն, Շվեդիայի հավաքականը չկարողացավ։ Հանդիպման 74-րդ րոպեին Օլիսեի ճշգրիտ փոխանցումից հետո Մբապեն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ դուբլ ձևակերպելով: Այս գոլի շնորհիվ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում Մբապեն հավասարվեց Լիոնել Մեսիին, իսկ Օլիսեն դարձավ լավագույն ասիստենտը՝ 5 գոլային փոխանցմամբ:
Շվեդիայի հավաքականը ավարտեց ելույթները Աշխարհի առաջնությունում, իսկ Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի Գերմանիային պայքարից դուրս թողած Պարագվայի ընտրանուն: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 01:00-ին։
Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել