«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով»․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի լինի նոր ձևավորվող խորհրդարանում։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն և կուսակցություն, և ես հարցազրույցների մեջ էլ ասել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Եվ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի ԱԺ նախագահի պաշտոնում։ Նեղվածություն, որպես այդպիսին, չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, ով այժմ ԱԺ նախագահի տեղակալն է։ Թեկնածուների թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ հետագայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ոչինչ չի քննարկել։ «Ոչ, այս պահին որևիցե բան չենք քննարկել, որևիցե բանի հետ կապված պայմանավորվածություն գոյություն չունի։ Ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ։ Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի, որևիցե քաղաքական պրոցեսում»,- ասաց նա։
Սիմոնյանը հայտնեց, որ այս փուլում ցանկանում է հանգստանալ․ «Սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, շատ մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր, և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ»։ Ալեն Սիմոնյանն ասաց նաև, որ անձնական կյանքն է ուզում կարգավորել։
Նա չբացառեց, որ մոտակա ժամանակահատվածում ընդհանրապես երբևիցե քաղաքական պաշտոն կզբաղեցնի, սակայն շարունակելու է ակտիվ քաղաքական գործիչ լինել և իր քաղաքական էջը չի փակում։ Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ նեղվածություն և վատ հարաբերություններ չունի իր կուսակիցների և Նիկոլ Փաշինյանի հետ։
Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ընտրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, ապա Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել։ Եվ ես հաջողություն եմ մաղթում իրեն։ Նախ, ինքն իմ ընկերն է, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, մաղթում եմ, որ ինքը լինի երկրորդ ԱԺ նախագահը, որ մինչև ժամկետի ավարտը կպաշտոնավարի։ Նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պաշտոնն իր համար ճակատագրական չէ, նա օրինակ բերեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին՝ նշելով, որ վերջինիս նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք ունի. «2021 թվականին՝ ընտրություններից մի շաբաթ առաջ, ինքը և իր ամբողջ թիմը հրաժարական տվեցին՝ ինչ-որ ակնկալիքներ ունենալով»։
Նա անհեթեթություն համարեց նաև տեղեկությունները, թե ինքը զբաղեցնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։ «Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, դա կոռեկտ չեմ համարում։ Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որպես քաղաքացի, իմ կողմից ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ, և նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել