HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես մեծ հայրենադարձության՝ հույսի և հիասթափության մասին

«Ես հիշում եմ, երբ փոքր էի, մամաս սովորեցրել էր, մենք աղոթում էինք Կահիրեում` Աստված ջան, մեզի շուտ Հայաստան տար»: Ցուցասրահում Եգիպտոսից Աննա Սեմիրջյանի հուշերից է։

Նրանց աղոթքները տեղ հասան 1946 թվականին. սկսվեց մեծ հայրենադարձությունը դեպի Խորհրդային Հայաստան։ 1946–1949 թվականներին Հայաստան ներգաղթեց շուրջ 90 000 հայ աշխարհի 11 երկրից: Ոգևորության մեծ ալիքը շուտով բախվեց իրականության ժայռերին։

Հետպատերազմյան Հայաստանը գտնվում էր ծանր տնտեսական ու սոցիալական վիճակում, դրան գումարվում էին խորհրդային կարգերի ճնշող սահմանափակումները։ Այս պատմական իրադարձությունների մասին է պատմում հուլիսի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում բացված «Հայաստան. բաց դուռ» ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին։ Ցուցասրահում իրար հյուսված բաժինները այցելուին տանում են պատմական իրադարձությունների շղթայով՝«Հույս և սպասում», «Դեպի հայրենիք», «Կյանքը Հայաստանում», «Բռնաճնշումներ և աքսոր»։

Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեծ ծավալով ներկայացվում են 1946-1949 թթ․ հայրենադարձված ընտանիքների մասնավոր արխիվները՝ Հայաստանի պատմության թանգարանի պահոցներից ընտրված ինքնատիպ նյութերի համադրությամբ։

Ցուցահանդեսը կազմակերպել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝   հետազոտողներ Տիգրան Պասկևիչյան, Սաթենիկ Ֆարամազյան։ Այն համադրել է Արա Հայթայանը, գեղարվեստական ձևավորումը՝ Սարգիս Հովհաննիսյանի։ Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կանցկացվի եռօրյա միջազգային գիտաժողով «Հայրենադարձության շերտերը» խորագրով, որի շրջանակներում զեկույցներով հանդես կգան հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

«2011 թվականն էր, հայրենադարձության ծրագրի համար Ամերիկայում նկարահանումների էինք, խորհուրդ տվեցին Հարութ Պարսանյանի հետ խոսել։ Զանգեցի այդ մարդուն, ասացի՝ սենց մարդ եմ, այսպիսի բան եմ ուզում անել, երկար լռություն տիրեց հեռախոսի մեջ, ու խռպոտ ձայնը ասաց. «Ու՞ր ես, 50 տարի քեզ կսպասեմ»։ Հայրենադարձության պատմությունները մեր ընդհանուր պատմության մեջ ոնց որ պահված լինեն խորդանոցում։ Այսօր այդ պատմությունները ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Տիգրան Պասկևիչյանը։ «Հայաստան. բաց դուռ» ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև սեպտեմբերի 2-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter