HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը

Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը:

Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:  

Սիլոսը նախատեսվում է օգտագործել խոզերի կոմբինացված կերերի արտադրության համար ձեռք բերված հումքի (հացահատիկի) պահպանման համար։ Խոսքը 93 տոննա կշռով եւ 3260 խմ ծավալով 2 հավաքածուի (կոմպլեկտի) մասին է:

Խոզաբուծական համալիրի կառուցման համար, ըստ Կառավարության որոշման հիմնավորման, «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 2,1 մլրդ դրամի ներդրում: Այս գումարը ծախսվելու է շինաշխատանքների կատարման, հողի եւ հիմնական միջոցների ձեռքբերման, խոզաբուծական համալիրի կառուցման համար։

Ներկա պահին ընկերությունում առկա է 7 աշխատատեղ՝ 240 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչեւ 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝  340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նշվել է նաեւ, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Փաշինյանի կառավարությունը «Իջեւանյան բեկոնին» աջակցել է նաեւ նախկինում

Սա առաջին դեպքը չէ, երբ Կառավարությունն աջակցում է «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին: 2025-ի հուլիսին գործադիրը կայացրել էր մի որոշում, որով հավանություն էր տվել այս ընկերության կողմից խոզաբուծարան հիմնելու ներդրումային ծրագրին ու համաձայնել, որ Արմավիր համայնքը, որում ներառված է Մայիսյան գյուղը, առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ՍՊԸ-ին օտարի այս գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա 25 տարվա վարձակալության:

Այդպիսով՝ «Իջեւանյան բեկոնը», իրավունք էր ստացել առանց մրցույթի 0,6 հա եւ 10 հա մակերեսներով համայնքային հողամասեր գնել Մայիսյանում՝ վճարելով համապատասխանաբար 7 մլն եւ 575 հազ. դրամ: Եվս 4,6 հա հողամաս ընկերությունը կարող էր 25 տարով վարձակալել առանց մրցույթի (վարձավճարը պետք է որոշեր Արմավիր համայնքը): Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աջակցել էր, որ վարչապետի ընկերոջը պատկանող ՍՊԸ-ն առանց մրցակցության 15,2 հա հող ձեռք բերի:

Բացի դրանից՝ մինչեւ Կառավարության որոշումը ՍՊԸ-ն արդեն իսկ գնել էր եւս 2 հողակտոր այս հողերի հարեւանությամբ:

Mayisyan-Ijevanyan becon.jpg (525 KB)

Նկարում գույներով նշված են՝
Նարնջագույն - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 եւ 6 հասցեներ (ՍՊԸ-ն արդեն գնել է)
Դեղին - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հասցե (4,6 հա, ՍՊԸ-ն վարձակալելու է առանց մրցույթի)
Մանուշակագույն - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցե (0,6 հա, ՍՊԸ-ն գնելու է 7 մլն դրամով)
Կապույտ - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց (10 հա, ՍՊԸ-ն գնելու է 575 հազ. դրամով)

Ինչպես արդեն գրել ենք, հողերի ձեռքբերման հարցում «Իջեւանյան բեկոնին» աջակցելու որոշման նախագծի քննարկումը Կառավարության կուլիսներում հարթ չէր անցել, սակայն նախագիծը կազմած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հակադարձել էր բոլոր «ընդդիմացողներին»: Օրինակ՝ մերժել էր Ֆիննախի առաջարկը՝ հողամասերն օտարել մրցույթով:

Ըստ ներդրումային ծրագրի, որը ներկայացրել էր «Իջեւանյան բեկոնը», նախատեսվել է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել: Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվել է բացել 49 նոր աշխատատեղ: 

Ղազարյաններ-Փաշինյաններ հարաբերությունները

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ. Իջեւան քաղաքում: 2025-ին հասցեն տեղափոխվել է Երեւան: Հիմնադիրն Ուկրաինայի քաղաքացի Ֆրունզե Ղազարյանն է, որին 2023-ին միացել է Սանասար Կույումչյանը, որը եւս Ուկրաինայի քաղաքացի է: Ղազարյանին է պատկանում ընկերության 67 %-ը, իսկ Կույումչյանին՝ 33 %-ը:

Թե՛ Ղազարյանը, թե՛ Կույումչյանը խոզաբուծության բիզնեսի փորձ ունեն: Վերջինս, օրինակ, 2001-ից նման ընկերություն ունի Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում (Ս. Կույումչյանը ծագումով Վանաձորից է, բայց ապրում է Ուկրաինայում, որտեղ խոզաբուծական բիզնեսի համասեփականատերը որդին է. մանրամասները՝ այստեղ):

Ֆրունզե, Անդրանիկ եւ Պետրոս Ղազարյանները, որոնք եղբայրներ են, ծագումով իջեւանցի են եւ, ըստ մամուլի հրապարակումների, այն նույն թաղից են («Ժամի թաղ»), ինչ Նիկոլ Փաշինյանը, եւ վերջինիս հետ ունեն մտերիմ հարաբերություններ:

Ղազարյաններն ապրում ու բիզնեսով են զբաղվում Ուկրաինայի Չերկասի քաղաքում: Բայց այս գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նրանցից Անդրանիկ Ղազարյանը ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում: Նա նաեւ TIME (նախկինում՝ «Նադիա») ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Հատկապես հայտնի է «Նադիա» շինարարական ընկերությունը, որն առաջատար կառուցապատող է Չերկասիի մարզում:  TIME խմբի պատմությունն սկսվել է 2005-ից, երբ հիմնադրվել է առաջին ընկերությունը` խոզաբուծական «Զոլոտոնոշսկի Բեկոն» ՍՊԸ-ն:

Ղազարյանները ներդրումներ են կատարել նաեւ Իջեւանում: 19-րդ դարի ավերված եկեղեցու տեղում նոր եկեղեցի են կառուցել Իջեւանի իրենց թաղամասում (այստեղից էլ՝ «Ժամի թաղ» անունը), որն օծվել է 2012-ին: Եղբայրները ներդրումներ են կատարել Իջեւանի քաղաքային տնտեսության ոլորտում, ինչի արդյունքում համայնքի ավագանին պատվավոր իջեւանցու կոչում է շնորհել Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյաններին (Ղազարյանների հայաստանյան ձեռնարկների մասին մասնրամասները՝ այստեղ):

Ղազարյան եղբայրներից Պետրոսի որդիների հետ 2022-ին փայտամշակման համատեղ բիզնես էր սկսել Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որն ԱԺ պատգամավոր էր 2019-2021 թթ.:

Վերջինս ավելի ուշ դուրս էր եկել համատեղ ձեռնարկից ու որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր ավտոմեքենաների տեխսպասարկման եւ նորոգման ինքնուրույն բիզնես սկսել: Սիփան Փաշինյանը նաեւ 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել (1 հատ կայանատեղ եւ 2 հատ ոչ բնակելի տարածք) Ղազարյանների կողմից Չերկասիում կառուցվող ավտոկայանատեղի շենքում:

Նիկոլ Փաշինյանը՝ Ղազարյանների շինարարության շահառու

Ղազարյաններից գույք է ձեռք բերել նաեւ հենց Նիկոլ Փաշինյանը: Խոսքը «Իջեւանատուն» ՓԲԸ-ի (Անդրանիկ Ղազարյանն այստեղ 37,5 %-ի բաժնետեր է ներկայում) եւ դրան պատկանող «Ար ընդ Ար» ՍՊԸ-ի կողմից Երեւանում կառուցվող շենքում բնակարանի մասին է: Նշված ընկերությունները Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմինի փողոցի 1-ին նրբանցքում՝ Հայ-ռուսական համալսարանի հարեւանությամբ, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու շինթույլտվություն են ստացել 2024-ի նոյեմբերին (թույլտվությունը վավեր է մինչեւ 2029-ի մայիս):

Նույն տարում այստեղ բնակարան են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք նրանց հայտարարագրերից: Բնակարանի արժեքը 49.350.000 դրամ է, որը թե՛ Փաշինյանը, թե՛ Հակոբյանը հայտարարագրել են իբրեւ «Իջեւանատուն» ՓԲԸ-ին եւ «Ար ընդ Ար» ՍՊԸ-ին հանձնված փոխառություն (կառուցվող գույքի պարագայում գնորդի կողմից վճարը դիտարկվում է իբրեւ փոխառություն վաճառողին): Բնակարանի ձեռքբերման համար ամուսինները «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից 44.415.000 դրամ վարկ են վերցրել, ինչը եւս երեւում է նրանց հայտարարագրերում:

ՀԳ. Հուլիսի 2-ին Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատել է նաեւ «Մառնիկ» ՍՊԸ-ին, «Սարանիստ» ՍՊԸ-ին, «ԱԿԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ին (վերջինիս ստացած արտոնության շահառուն «Ալյումինե կոնստրուկցիաներ» ՍՊԸ-ն է), «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ին եւ «Բիլդեռ Հոմ» ՍՊԸ-ին: 

Առաջին նկարում՝ ձախից աջ. Նիկոլ Փաշինյան, Ֆրունզե Ղազարյան, Անդրանիկ Ղազարյան, Սանասար Կույումչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter