HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից ընդամենը մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է

Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell-ով աշխատող առաջին արհեստական բանականության Eleveight AI գործարանի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային հզորությունն ամբողջությամբ սպառվել է, և ընկերությունն արդեն իսկ սկսել է ընդլայնման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Eleveight AI ընկերությունը։

««Արձագանքն ավելի արագ էր, քան մենք կանխատեսում էինք։ Մեր սկզբնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և մենք արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ հատվածը (Stage 2)։ Սա հաստատում է, որ տարածաշրջանում ինքնիշխան, բարձրակարգ ԱԲ հաշվողական ենթակառուցվածքի պահանջարկն իրական է։ Մեր նպատակն է պատասխանատու կերպով ընդլայնել այդ ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային ԱԲ կենտրոն»,- նշել է Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Գործարանի ներկայիս 1,5 ՄՎտ հզորությունն ամբողջությամբ սպառվել է։ Առաջին փուլի ընդլայնման շրջանակում նախատեսվում է ավելի քան եռապատկել ներկայիս հզորությունը՝ հասցնելով 5 ՄՎտ-ի։ Իսկ երկրորդ փուլի ավարտին գումարային հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի։ Այս տեմպն արտացոլում է Հայաստանից և միջազգային շուկաներից եկող աճող պահանջարկը։

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում կառուցված ԱԲ գործարանը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է, ինչպես նաև 120 մլն դոլար ներդրումային ծրագրի առաջին փուլը, որից 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Այն աշխատում է 512 NVIDIA Blackwell B300 GPU-ներով և հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ առանձնացված (dedicated) և համատեղ (shared) հասանելիության մոդելներով։

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այս առիթով նշել է. «Ագենտային և ֆիզիկական ԱԲ-ն վերափոխում են տվյալների կենտրոնները՝ դրանք դարձնելով ինտելեկտի արտադրության գործարաններ։ Հայաստանում NVIDIA Blackwell ենթակառուցվածք ներդնելով՝ Eleveight AI-ն հիմք է դնում ինքնիշխան ԱԲ էկոհամակարգի համար՝ տարածաշրջանի հետազոտողներին և կազմակերպություններին հնարավորություն տալով կառուցել ու կիրառել առաջատար ԱԲ մոդելներ»։ 

ԱԲ տվյալների կենտրոնը պաշտոնապես գործարկվեց հունիսի 1-ին կառավարության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ միասին։ Նախագծի մեկնարկը ազդարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով վերջինիս ռազմավարական կարևորությունը. «ԱԲ գործարանը դնում է Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը։ Այս նախագծով Հայաստանը դառնում է ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների սպառող և կիրառող, այլև դրանք ստեղծող և համաշխարհային շուկային առաջարկող երկիր»։

Ինքնիշխան ԱԲ ենթակառուցվածքի նկատմամբ պահանջարկն աշխարհում արագ աճում է։ Fortune Business Insights-ի կանխատեսմամբ՝ մինչև 2034 թվականը այդ շուկան կհասնի 1,31 տրիլիոն դոլարի։ Այս աճող պահանջարկին արձագանքելով՝ Eleveight AI-ը պատրաստ է ոչ միայն բավարարել շուկայի կարիքները, այլև ընդլայնել իր մասշտաբները դրան զուգահեռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հ․Գ․ Հաղորդագրության մեջ կատարվել է փոփոխություն։ 1,31 տրիլիոն դոլարի փոխարեն նախնական տարբերակում եղել է 1,13 միլիարդ դոլար։

Մեկնաբանություններ (1)

Ալոնսո Ռշտունի
Fortune Business Insights-ի հոդվածին հղվելիս՝ սխալվել եք և՛ թվի, և՛ կարգի մեջ։ Ըստ այդ հոդվածի, 2034 թվականին ինքնիշխան ԱԲ ենթակառուցվածքի շուկան կհասնի 1.31 տրիլիոնի (այլ ոչ թե 1,13 միլիարդ) դոլարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter