HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։

«Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։

Հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ (1 քմ-ը՝ 5775 դրամ)։ Աճուրդն անցկացրել է Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։

Աճուրդին մասնակցել է մեկ անձ՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը։ Նա հողամասի համար առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազար դրամ, և ճանաչվել հաղթող։ 

Հողամասը ձեռք բերելու և սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրեն ուղղակի վաճառքով օտարել նաև այդ հողատարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1908 հեկտար մակերեսով, հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։

2022թ․ դեկտեմբերի 13-ին Դիանա Գասպարյանը որոշել է շուրջ 0.2 հեկտար մակերեսով հողամասը Շահեն Շահինյանին օտարել ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազար 350 դրամով (1 քմ-ը՝ 2887.5 դրամ)։ Որպես հիմնավորում նշվել է, որ տվյալ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր։

Այսպիսով, նույն տարածքում գտնվող երկրորդ հողամասի մեկ քառակուսի մետրը վաճառվել է շուրջ երկու անգամ ավելի էժան, քան մի քանի ամիս առաջ աճուրդով վաճառված հարակից հողամասինը։

2023թ․ օգոստոսի 18-ին հողամասի սեփականության իրավունքը գրանցվել է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի անվամբ։ Վերջինս պատկանում է Դիանա Գասպարյանի սկեսրոջը՝  Արամայիս Միրզոյանի մորը։ Գրանցման հիմք է հանդիսացել նույն թվականի օգոստոսի 14-ին կնքված անշարժ գույքի ներդրման պայմանագիրը։

Հողատարածքը բաժանված է մոտ վեց տասնյակ հասցեների, որոնց վրա տներ են կառուցվում։

Նշենք՝ Շահեն Շահինյանը 2021թ․ դեկտեմբերի 5-ին ընտրվել է Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Հողը ձեռք բերելու ժամանակ Շահինյանն աշխատել է Աշոտ Միրզոյանի մոտ, որը Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հայրն է և համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրը։

Աշոտ Միրզոյանը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր և Վաղարշապատ համայնքում շահագործում է գազալցակայան, որտեղ 2025թ․ մարտի 22-ին հրազենով մարդ է սպանվել։ Գազալցակայան կառուցելու համաձայնությունը 2020թ․ մարտին տվել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ 

Շահեն Շահինյանը 2017թ-ից՝ «Ինտեր Գազ» ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից, զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը։ Ընկերության միակ սեփականատերը Աշոտ Միրզոյանն է։ Վերջինիս և Շահեն Շահինյանի միջև կապերը ձևավորվել են դեռևս տարիներ առաջ։ Նրանց միջև կա ոչ միայն աշխատանքային, այլև երկարատև գործարար համագործակցություն։

Շահեն Շահինյանն իր հայտարարագրերում չէր նշել Էջմիածնի համայնքապետարանից ձեռք բերած հողատարածքների համար վճարված՝ ընդհանուր շուրջ 57 մլն 484 հազար դրամի չափով գումարի առկայությունը։ Այդ հանգամանքը հարցեր էր առաջացնում, թե ինչ միջոցներով է իրականացվել գործարքը։

«Հետք»-ի հետ զրույցում Շահեն Շահինյանն ասել էր, որ համայնքապետարանից աճուրդով ձեռք բերած հողամասի դիմաց վճարված գումարը փոխառությամբ ստացել է Աշոտ Միրզոյանից։

Դատախազության հայցը դատարանը 2026թ․ հունիսի 30-ին ընդունել է վարույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter