Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը կդադարեցվի. դատախազություն
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 9-ին ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված կառուցապատման պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի ապրիլի 8-ը, սակայն, ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի դադարեցման վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով սահմանված դրույթների համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, առանց սեփականատիրոջը նախօրոք ծանուցելու հողամասի տիրապետումն ու օգտագործումը կառուցապատողի կողմից չդադարեցնելը հիմք չէ պայմանագրի նորոգման կամ ժամկետի երկարաձգման համար՝ ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ 2020 թվականին «Հետքը» գրել էր, որ Սևանի ափամերձ տարածքում հողակտոր էր վարձակալել Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնազորի ղեկավար Աշոտ Ավետիսյանի եղբայրը՝ Խոսրով Ավետիսյանը։ «Սևան ազգային պարկի» վարձակալների ցանկում չկար Ավետիսյանի անունը, մինչդեռ քանդման ենթակա շինություների ցանկում առկա էր։ Այսինքն՝ նրա հետ վարձակալության պայմանագիր չէր կնքվել, և առանց օրինական հիմքերի էր նա տիրապետում ափին, որի վրա շինություններ էր կառուցել, տարածքն էլ պարսպապատել։
Տեսանյութեր
Լուսանկարներ