HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն». ՍԴ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2026թ. հուլիսի 4-ին ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ։ Դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները՝ նշելով, որ թեև նախընտրական գործընթացում արձանագրվել են մի շարք մտահոգիչ երևույթներ՝ ընտրակաշառքի հնարավոր դեպքեր, քաղաքական կոշտ հռետորաբանություն, վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ պնդումներ և քրեական հետապնդումների հետ կապված հարցեր, սակայն ներկայացված ապացույցները բավարար չեն եղել՝ եզրակացնելու, որ այդ հանգամանքները ազդել են ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Ներկայացնում ենք ՍԴ որոշման ուշագրավ հատվածները:

Բռնության կոչերի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները Սահմանադրական դատարան ներկայացված իրենց դիմումներում պնդել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պարունակել են բռնության կոչեր, սպառնալիքներ և նպաստել են ատելության մթնոլորտի ձևավորմանը՝ ազդելով ընտրողների ազատ կամարտահայտության վրա։ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր 2021թ. իրավական դիրքորոշումը, նշել է, որ նախընտրական քարոզչությունը չպետք է ուղեկցվի ատելության կամ բռնության կոչերով, սպառնալիքներով կամ արժանապատվությունը նվաստացնող վարքագծով, նույնիսկ եթե սպառնալիքները իրական չեն։ Ըստ ՍԴ-ի՝ քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պետք է դրսևորեն առավելագույն զսպվածություն և քաղաքական կոռեկտություն։

ՍԴ-ն նաև հիշեցրել է, որ ընտրողների վստահությունը պետք է ձևավորվի քաղաքական ուժերի ծրագրերի, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկների քննարկման միջոցով: Սակայն, չի բացառվում նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով:

Դատարանն արձանագրել է, որ 2026թ. Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձին քաղաքական ուժերի առաջնորդների և ներկայացուցիչների հռետորաբանությունը եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյականության տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող։ Դատարանը շեշտել է, որ թեև քաղաքական գործընթացներում խոսքի ազատությունը, հատկապես գնահատողական դատողությունների առումով, պաշտպանված է, սակայն իշխանություն ունեցող քաղաքական ուժը պետք է առավել զսպվածություն դրսևորի և թույլ չտա, որ քաղաքական հակառակորդների, հատկապես ընդդիմության քննադատությունը վերածվի անձնական թշնամանքի և ժողովրդավարական հասարակության համար անընդունելի դրսևորումների։ 

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշել է, որ ներկայումս չկան գիտականորեն հիմնավորված մեթոդներ՝ գնահատելու, թե նման հռետորաբանությունն ինչ ազդեցություն է ունեցել ընտրողների կամքի կամ ընտրությունների արդյունքների վրա, ուստի բավարար հիմքեր չկան եզրակացնելու, որ այն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։

 Հարուցված քրեական վարույթների և անմեղության կանխավարկածի մասին

ՍԴ-ն քննարկել է նաև դիմող կուսակցությունների և դաշինքների այն պնդումները, որ ընտրությունների ընթացքում և դրանց նախորդած ժամանակահատվածում թեկնածուների ու ընտրական գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ հարուցված քրեական վարույթները և կիրառված հարկադրանքի միջոցները եղել են անհիմն, քաղաքական նպատակ են հետապնդել և խախտել են ընտրական հնարավորությունների հավասարության սկզբունքը։

Դատարանը նշել է, որ քրեական հետապնդում հարուցելու և հարկադրանքի միջոցներ կիրառելու օրինականության գնահատումն իր իրավասությունը չէ։ Այդ հարցերը պետք է գնահատեն համապատասխան իրավասու մարմինները։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդման մեխանիզմը նախատեսված է ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար։ Դատարանն արձանագրել է, որ եթե այդ գործիքակազմը կիրառվում է այնպես, որ քաղաքական հակառակորդները փաստացի «չեզոքացվեն», դա կարող է ունենալ այսպես կոչված «սառեցնող ազդեցություն» (chilling effect)։ Նման իրավիճակում կարող են խախտվել քաղաքական ուժերի հավասար հնարավորությունները, սահմանափակվել ազատ քաղաքական մրցակցությունը և քաղաքական բազմակարծությունը, ինչն, ի վերջո, կարող է ազդել նաև ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Ներքին գործերի նախարարության ամփոփ տեղեկանքի համաձայն՝ 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 6-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ընտրություններին առնչվող առերևույթ հանցագործության 114 դեպք (ըստ օպերատիվ ամփոփագրերի): Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:

ՍԴ-ն անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումներում բարձրացված՝ անմեղության կանխավարկածի պահպանման հարցին։

Դատարանը շեշտել է, որ հատկապես ընտրությունների ընթացքում և դրանց նախորդող ժամանակահատվածում անթույլատրելի են հանրային իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք անտեսում են անմեղության կանխավարկածի սկզբունքը։

ՍԴ-ն նշել է, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը հասարակական և քաղաքական առումով զգայուն ժամանակահատվածում կանխորոշում է անձի մեղավորությունը, խաթարում է ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները։ Բացի այդ՝ ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրողները գտնվում են տեղեկատվական ակտիվ հոսքերի ազդեցության տակ։ Նրանց կամքի ձևավորման վրա ազդում են ոչ միայն հանրային իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց հայտարարությունները, այլև, թե ինչպես են այդ հայտարարությունները ներկայացվում և լուսաբանվում լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։

Սահմանադրական դատարանը նշել է, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ ընտրական գործընթացի այլ մասնակցի մեղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կարող են վնասել նրանց հանրային հեղինակությանը և բացասական վերաբերմունք ձևավորել տվյալ քաղաքական ուժի կամ անձի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթներով անցնող անձանց նկատմամբ անմեղության կանխավարկածի պահպանման հարցի բովանդակային գնահատումը, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքները, դուրս է վեճի քննության շրջանակից։

Ընտրակաշառքի մասին

ՍԴ-ն անդրադարձել է նաև ընտրակաշառքին: Դատարանը նշել է, որ ընտրակաշառքի միջոցով ժողովրդի կամքի աղավաղումն ուղիղ հարված է ժողովրդի իշխանության իրականացման սկզբունքին, ձևավորվող իշխանության լեգիտիմությանը և կարող է վարկաբեկել սահմանադրական ժողովրդավարության գաղափարը։ Այդ պատճառով, ըստ դատարանի, սկզբունքային նշանակություն ունի, որ ընտրական գործընթացի յուրաքանչյուր մասնակից գիտակցի ընտրությունների բարեվարքությունն ապահովելու իր պատասխանատվությունը։  

Սահմանադրական դատարանը, որևէ հետևություն չանելով ընտրական գործընթացի շրջանակներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդված դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների կամ համակիրների ներգրավվածության վերաբերյալ, արձանագրել է, որ Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն: Դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրել, միայն մատնանշել է համակարգային խնդրի առկայությունը: 

Առանց անուններ նշելու, ՍԴ-ն արձանագրել է, որ որոշ քաղաքական ուժեր չեն դատապարտել իրենց օգտին ընտրակաշառքի հնարավոր դեպքերը, չեն տարանջատվել դրանցից և չեն աջակցել իրավապահ մարմինների աշխատանքին։ Իսկ առանձին դեպքերով կամ կոնկրետ անձանց նկատմամբ Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի և այլ իրավապահ մարմինների գործողությունները պետք է պայմանավորված լինեն բացառապես այդ մարմինների առջև դրված խնդիրները լուծելու լեգիտիմ անհրաժեշտությամբ։ 

Դատարանը նաև նշել է, որ եթե դա անհրաժեշտ չէ քրեական վարույթի նպատակների համար, իրավապահ մարմինները մինչև ընտրության օրը ներառյալ պետք է խուսափեն ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրություններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունները հիշատակելուց։

Վարչական ռեսուրսի մասին

ՍԴ-ն նշել է, որ ժողովրդավարական պետությունում հանրային իշխանությունը պարտավոր է պահպանել ինստիտուցիոնալ չեզոքություն և հավասար վերաբերմունք ցուցաբերել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ։ Այն դեպքում, երբ պետական ապարատը, պաշտոնատար անձինք կամ հանրային միջոցները ներգրավվում են որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին, տեղի է ունենում վերոնշյալ սկզբունքի խախտում։ Նման պայմաններում հանրային իշխանությունը դադարում է հանդես գալ որպես քաղաքական մրցակցության անաչառ երաշխավոր՝ դառնալով նշված մրցակցության անﬕջական մասնակից։ 

ՍԴ-ի դիտարկմամբ՝ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման վտանգավորությունը պայմանավորված է նաև նրանով, որ խաթարում է հավասար ընտրական իրավունքի սկզբունքը: Երբ առանձին քաղաքական ուժեր այլոց համեմատ հնարավորություն են ստանում օգտվելու հանրային ռեսուրսներից, ձևավորվում է անհավասար մրցակցային միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը պայմանավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամահայտնությամբ, այլ իշխանական լծակների անհավասար բաշխմամբ, ինչի արդյունքում խաթարվում է ընտրությունների ժողովրդավարական լեգիտիմությունը։ 

Վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումը սերտորեն առնչվում է նաև ընտրությունների ազատության սկզբունքին։ Ազատ ընտրությունների գաղափարը ենթադրում է, որ ընտրողներն իրենց որոշումը կայացնում են առանց հարկադրանքի, ճնշման կամ կախվածության, մինչդեռ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումն ի զորու է ստեղծել այլ իրավիճակ: 

Ըստ ՍԴ-ի՝ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցնում է հանրային իշխանության «կուսակցականացման»: Պետական ապարատը և համապատասխան ռեսուրսները, որոնք պետք է ծառայեն ամբողջ հասարակությանը, սկսում են սպասարկել որոշակի քաղաքական շահեր՝ արդյունքում խախտելով հանրային իշխանության լեգիտիմության հիմքը, քանզի պետությունը կորցնում է իր՝ համընդհանուր շահերի ներկայացուցչի կարգավիճակը՝ վերածվելով քաղաքական պայքարի մասնակիցներից մեկի գործիքի։ 

Սահմանադրական դատարանն անդրադարձել է վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման վերաբերյալ քաղաքական ուժերի պնդումներին, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի դեմս՝ վարչապետի, նախընտրական քարոզարշավից առաջ և դրա ընթացքում կիրառվել է վարչական ռեսուրս։ Ըստ դիմողների, իշխող քաղաքական ուժը ակնհայտ առավելություն է ստացել մյուս կուսակցությունների և դաշինքների նկատմամբ։ 

Դատարանն արձանագրել է, որ այդ պնդումները վերաբերում են ընտրություններից առաջ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումներին, հանրային ծառայողների՝ նախընտրական գործընթացներին մասնակցությանը կամ ներգրավմանը, պետական և համայնքային կառույցների, ինչպես նաև կրթական հաստատությունների և կրթական համակարգի օգտագործմանը։ 

Սահմանադրական դատարանը նկատել է, որ թեև նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Կառավարության՝ սոցիալ-տնտեսական միջոցառումներ իրականացնելու քաղաքականության համատեքստում օրենսդրական սահմանափակումներ նախատեսված չեն Կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու նկատառումով, այդուհանդերձ, Կառավարության հիշյալ միջոցառումները չպետք է պարունակեն քարոզչության տարրեր, ուղեկցվեն ընտրողներին ուղղված նախընտրական խոստումներով կամ քարոզչական այլ գործողություններով, ինչը կարող է ազդել ընտրողների ազատ կամահայտնության վրա: 

Դիմողների պնդումների առնչությամբ, թե վարչական ռեսուրսի կիրառումը վճռորոշ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ՍԴ-ն նշել է, որ նման եզրակացության կարելի է հանգել միայն այն դեպքում, երբ ապացուցվում է, որ տվյալ խախտումն ուղիղ պատճառահետևանքային կապ ունի ընտրությունների արդյունքների հետ կամ այդ կապը պայմանավորված է ընտրական այլ խախտումներով։ 

Վերաքվեարկություն չնշանակելու մասին

Անդրադառնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ու վերաքվեարկություն չնշանակելու որոշումներին, Սահմանադրական դատարանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վերաքվեարկություն նշանակելու լիազորությունը բխում է ընտրությունների օրինականությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության հավաստիությունն ապահովելու սահմանադրական պահանջից։ Դատարանի գնահատմամբ՝ այս լիազորությունը կրում է վերահսկողական և վերականգնողական բնույթ, քանի որ նպատակ ունի վերացնել ընտրական խախտումների հետևանքները և վերականգնել ընտրողների իրական կամքի արտահայտման հնարավորությունը։ Այդ լիազորությունն իրականացնելիս ԿԸՀ-ն նաև գնահատում է, թե արդյոք արձանագրված խախտումները բավարար հիմք են նոր քվեարկություն նշանակելու համար։ 

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերաքվեարկությունն ինքնանպատակ չէ, այլ կիրառվում է որպես միջոց՝ ընտրողների կամքի հավաստի արտահայտումն ապահովելու համար, երբ այլ՝ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ վերացնել արձանագրված խախտումների ազդեցությունը։ Այսպիսով, վերաքվեարկությունը չի կարող նշանակվել յուրաքանչյուր արձանագրված խախտման պարագայում, այլ միայն այն դեպքերում, երբ առկա խախտումները կարող են ազդել ընտրության ընդհանուր արդյունքի վրա, և դրանց հետևանքով հնարավոր չէ հավաստիորեն բացահայտել ընտրողների իրական կամարտահայտությունը: 

ՍԴ-ի դիտարկմամբ՝ առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն ինքնին չի ենթադրում վերաքվեարկություն նշանակելու անվերապահ պարտականություն։ Վերաքվեարկությունը բացառիկ միջոց է: 

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն պնդմանը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակեր, Սահմանադրական դատարանը նշել է, որ այդ տեղամասերում քվեարկության վերջնական արդյունքները դեռևս որոշված և ամփոփված չէին։ Հետևաբար, հնարավոր չէ բավարար որոշակիությամբ եզրակացնել, թե ընտրողների կամարտահայտության արդյունքում ձայներն ինչպես կբաշխվեին։ Այդ պատճառով, ըստ դատարանի, ենթադրական է այն պնդումը, թե վերաքվեարկության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանար առնվազն 153 լրացուցիչ ձայն և կհաղթահարեր Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ ընտրական շեմը։

«Սահմանադրական դատարանը կարծում է, որ ներկայացված փաստարկն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրոթյունների ընդհանուր արդյունքի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումների հնարավոր ազդեցության վերաբերյալ հետևության համար»,-նշված է ՍԴ որոշման մեջ:

Սահմանադրական դատարանն ընդգծել է՝ եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության: 

Թափանցող ծրարների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր դիմումում նշել էր, թե քվեարկության ծրարները լուսաթափանց են։ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ հայտնել է, որ 2026թ. հունիսի 29-ի աշխատակարգային որոշմամբ մասնակի բավարարել է կուսակցության միջնորդությունը։ Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է ներկայացնել յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովից հունիսի 7-ի ընտրությունների համար օգտագործված քվեարկության 5 ծրարների և բոլոր կուսակցությունների քվեաթերթիկների օրինակներ։ Ուսումնասիրելով դրանք՝ դատարանը եզրակացրել է, որ չի հիմնավորվել, թե քվեարկության ծրարներն այնքան լուսաթափանց են, որ կարող էին խախտել քվեարկության գաղտնիությունը և ազդել ընտրությունների արդյունքների վրա։ 

Ամփոփելով գործում առկա ապացույցները՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ դիմողները չեն ներկայացրել բավարար ապացույցներ՝ իրենց պնդումները հիմնավորելու համար։ Ըստ դատարանի՝ ընտրախախտումների հնարավորության կամ դրանց ազդեցության վերաբերյալ ենթադրությունները, ինչպես նաև՝ առանձին ընտրախախտումների դեպքերը բավարար չեն եզրակացնելու, որ դրանք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այդ պատճառով դատարանը հիմքեր չի գտել այդ պնդումները բավարարելու համար։ 

ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter