Հայաստանի հավակնոտ բնապահպանական ծրագիրը COP17-ին ընդառաջ
Ներկայում Հայաստանի 13 %-ը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ): Եվս մոտ 4 % կազմում են այլ պահպանվող տարածքները: Այս տարի ՀՀ-ն ծրագրել է գործողություններ, որոնց իրականացումը 2026-2030 թթ. ընթացքում պետք է բերի ԲՀՊՏ-ների ցանցի ընդլայնման՝ այն հասցնելով երկրի տարածքի առնվազն 20 %-ին:
ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, 2022 թ. կայացած 15-րդ համաժողովի՝ COP15-ի ժամանակ ընդունել են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, որով սահմանել են համաշխարհային մակարդակով կենսաբազմազանությանն ոլորտին վերաբերող 4 նպատակ եւ դրանց հասնելու 23 թիրախ:
Այս թիրախներից մեկը կոչվում է «30X30», ինչը նշանակում է, որ մինչեւ 2030 թ․ աշխարհի ցամաքային, ջրային եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանել ու արդյունավետ կառավարել։ Սա փորձագետները համարում են բավական հավակնոտ թիրախ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, այս տարվա հոկտեմբերին ընդունելու է մեր երկիրը:
Հայաստանը 30-ի փոխարեն նշաձող է սահմանել 20 %-ը
Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի օրինակով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանն այս տարվա ապրիլին հաստատել է ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակները եւ 2026-2030 թթ. գործողությունների ծրագիրը: Սահմանվել է 5 նպատակ եւ դրանց հասնելու 30 թիրախ:
Այս թիրախներից մեկն է՝ «ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը, այդ թվում՝ տարածքային բնապահպանական այլ արդյունավետ գործիքակազմերի (Other Effective Conservation Measures - OECM) կիրառման միջոցով»։
Այս թիրախին հասնելու համար Հայաստանը 2026-2030 թթ. ԲՀՊՏ-ների ցանցի ծածկույթը պետք է հասցնի իր տարածքի առնվազն 20 %-ին:
Իսկ ի՞նչ է OECM-ը:
OECM-ը կենսաբազմազանության ոլորտում կիրառվող հասկացություն է, որի գործնական դրսեւորումները տարիներ շարունակ եղել են ու այսօր էլ կան նաեւ Հայաստանում, բայց դրա իրավական բացատրությունը, միայն վերջերս է տրվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում արված փոփոխության մեջ: Հիշեցնենք, որ օրենքը նոր խմբագրությամբ ընդունվել է այս տարվա հունիսին:
|
Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք (OECM) - բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք, որի նկատմամբ չի կիրառվում բնության հատուկ պահպանվող տարածքների համար օրենքով սահմանված հատուկ պահպանության եւ օգտագործման ռեժիմ, սակայն որի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն եւ երկարաժամկետ արդյունքներ՝ ներառյալ էկոհամակարգերի կառուցվածքի, գործառույթների, էկոհամակարգային ծառայությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց հետ կապված բնապահպանական եւ այլ արժեքների պահպանումը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Այսպիսով՝ OECM-ները բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) չեն, սակայն դրանք գտնվում են կառավարման, տնօրինման կամ օգտագործման տակ, ինչի արդյունքում պահպանվում է տվյալ տարածքի կենսաբազմազանությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԲՀՊՏ-ներ են համարվում պետական արգելոցները, պետական արգելավայրերը, ազգային պարկերը, բնության հուշարձանները եւ պահպանվող լանդշաֆտները (վերջիններս միայն օրենքի այս տարվա փոփոխությունից հետո իբրեւ ԲՀՊՏ ամրագրվեցին օրենքում):

Նշվածներից առաջին 4 կատեգորիաները համարվում են հանրապետական նշանակության ԲՀՊՏ-ներ, որոնք ստեղծվում են Կառավարության որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, եւ դրանց կառավարումն իրականացնում են լիազոր մարմնին՝ ՇՄՆ-ին ենթակա ՊՈԱԿ-ները, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) կամ իրավաբանական անձը, իսկ պահպանվող լանդշաֆտները տեղական նշանակության ԲՀՊՏ-ներ են, որոնք ստեղծվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, գտնվում են մեկ կամ մի քանի համայնքների վարչական սահմաններում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա, եւ կառավարվում են ՏԻՄ-ի կողմից՝ համայնքային կարեւորություն ունեցող էկոհամակարգերի, բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանության համար:
Փաստորեն, Հայաստանը ծրագրում է կենսաբազմազանության պահպանության համար ոչ միայն ընդլայնել ԲՀՊՏ-ների ցանցը, այլեւ ստեղծել նոր OECM-ներ:
Որքա՞ն պետք է ավելացնի Հայաստանը՝ ԲՀՊՏ-ները 20 %-ի հասցնելու համար
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը, որը մասնաճյուղում ղեկավարում է «Կենսաբազմազանութուն եւ պահպանվող տարածքներ» բաղադրիչով զբաղվող թիմը, նշում է՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ցանցը առանցքային դերակատարում ունի կենսաբազմազանության պահպանության գործում։ Այդ տարածքները կարեւոր են անհետացման եզրին գտնվող տեսակների եւ ապրելավայրերի պահպանության, ապաստանների տրամադրման, տեսակների միգրացիայի ու տեղաշարժի ապահովման եւ լանդշաֆտներում բնական գործընթացների պահպանման համար։
Մանվելյանը նշում է, որ այսօր Հայաստանի ԲՀՊՏ-ների զբաղեցրած ընդհանուր տարածքը 386.355 հա կամ 3.863 քկմ է, ինչը ՀՀ տարածքի (29.743 քկմ) 13 %-ն է (ՇՄ նախարար Մաթեւոսյանի ապրիլյան հրամանում, որտեղ ներկայացված են մեր երկրի ծրագրային 5 նպատակներն ու 30 թիրախները, այս թիվը նշվում է 13,1 %):
Ըստ Կարեն Մանվելյանի՝ 121.035 հեկտար կամ 1.210 քկմ էլ զբաղեցնում են OECM-ները, ինչը ՀՀ տարածքի 4,1 %-ն է:
Ստացվում է, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներն ու OECM-ները ներկայում միասին զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի 17,1 %-ը:
Այսպիսով՝ եթե նպատակը ԲՀՊՏ-ների ծածկույթն առնվազն 20 %-ի հասցնելն է, ապա 2030-ին Հայաստանը, որը մեկերեսը 29.743 քկմ է, պետք է ունենա 594.860 հա կամ 5.949 քկմ ընդհանուր մակերեսով ԲՀՊՏ-ներ: Սակայն նախարար Մաթեւոսյանի ապրիլյան հրամանում որպես կատարողականի մշտադիտարկման ցուցիչ նշված է ավելի փոքր թիվ՝ 464.465 հա կամ 4.645 քկմ, ինչը հավասար է ՀՀ տարածքի 15,6 %-ին:
Իսկ նոր OECM-ների առումով Հայաստանը ծրագրում է ստեղծել առնվազն 1 կենսոլորտային պահպանավայր (տարածք) եւ առաջադրել այն ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի հաստատմանը:
|
Կենսոլորտային տարածք - որոշակի սահմաններում գտնվող ԲՀՊՏ-ների եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մասնակցությամբ տարածքային կայուն եւ ինտեգրված զարգացմանը միտված միավորում, որը կարող է ստեղծվել Կառավարության կամ երկու եւ ավելի ՏԻՄ-երի կողմից՝ կենսաբազմազանության պահպանությանը, տնտեսության կայուն զարգացմանը, դրա սահմաններում բնակչության բարեկեցության բարձրացմանը նպաստելու համար, որը պետք է ճանաչվի ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի շրջանակներում եւ ներառվի կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցում՝ որպես մարդու եւ բնության միջեւ կայուն փոխազդեցության օրինակելի ձեւ: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Թե որքան կլինի այս կենսոլորտային տարածքի մակերեսը, հայտնի չէ:
Էկոմիջանցքները գործում էին վաղուց, բայց դրանց իրավական նկարագրությունը թերի էր
Խոսելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում վերջերս կատարված լայնածավալ փոփոխության կարեւորության մասին՝ Կ. Մանվելյանն ասում է. «Մենք աշխատանքներով ավելի առաջ էինք, քան օրենքը։ Այն բավականին հետ էր ընկել։ Օրինակ՝ մենք (նկատի ունի WWF-ի հայաստանյան մասնաճյուղը – հեղ.) իրականացնում ենք էկոմիջանցքի ծրագիրն այն համայնքների հետ, որոնք աշխարհագրական առումով ընդգրկված են այդ միջանցքների տարածքում։ Համայնքները ստեղծում էին տեղական ՀԿ-ներ, եւ մենք աշխատում էինք համայնքի ու ՀԿ-ի հետ՝ տրամադրելով գումարներ։ Իրենք էլ զբաղվում են պահպանությամբ»։
Իսկ ի՞նչ է էկոմիջանցքը:
Եթե մինչեւ վերջին փոփոխությունը «ԲՀՊՏ-ների մասին» օրենքում OECM հասկացությունն ընդհանրապես չկար, ապա «էկոմիջանցք» հասկացությունը համառոտ էր ներկայացված, իսկ այժմ տրված է ավելի ընդգրկուն նկարագրություն:
|
Էկոլոգիական միջանցք - էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի, կենդանատեսակների եւ բուսատեսակների ապրելավայրերի եւ աճելավայրերի պահպանությանը, հողի եւ կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաեւ էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Այլ կերպ ասած՝ էկոմիջանցքը բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) չէ, սակայն համարվում է OECM՝ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք:
Էկոմիջանցքների ծրագիրը WWF-ն ՇՄՆ-ի հետ իրականացնում է դեռ 2015-ից։ Սկսել են հարավից, որպեսզի Խոսրովի արգելոցը կապեն Հայաստանի հարավում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների հետ։ WWF-ն այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում։ Ծրագրի երկրորդ փուլում ընդգրկել են նաեւ հյուսիսի համայնքները Լոռիում ու Տավուշում։
ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանը նշում է, որ էկոմիջանցքները ընդհանուր արելաների պահպանությանն են ուղղված, որտեղ կան բույսերի եւ կենդանիների տարածվածության որոշակի հատվածներ։ Էկոմիջանցքները նպաստում են, որ այդ հատվածները կապվեն իրար, իսկ երբ միջանցքներով ու միգրացիոն ուղիներով կենդանիների կամ բույսերի արեալները կապվում են իրար, ստեղծվում է էկոլոգիական ցանց։
|
Էկոլոգիական ցանց - էկոլոգիական միջանցքներով միմյանց հետ փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող ԲՀՊՏ-ների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի համակարգ, որն ապահովում է ԲՀՊՏ-ների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը եւ դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Կ. Մանվելյանը նկատում է, թե քանի որ «ԲՀՊՏ-ների մասին» օրենքը մինչ այս բաց ուներ, եւ OECM-ների մասին խոսք չկար, էկոմիջանցքների ծրագիրն իրականացնելիս հղում էին տալիս միայն «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին՝ որպես համայնքների հետ համագործակցության իրավական հիմք։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը՝ OECM-ի օրինակ
OECM-ի օրինակ է մասնավոր կազմակերպության՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Արարատի ու Վայոց Ձորի մարզերի 30.000 հեկտար հողերի վրա ձեւավորված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR):
Այս հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է. «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մենք բացարձակապես արգելում ենք հանքարդյունաբերական գործունեությունը, եւ բնական ռեսուրսների օգտագործումը շատ սահմանափակ է»։ Այս պատճառով, ըստ մեր զրուցակցի, CWR-ն երբեմն համընկնում է ԲՀՊՏ-ների այնպիսի կատեգորիաների, ինչպիսիք են պահպանվող լանդշաֆտները կամ բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ պահպանվող տարածքները (Managed Resource Protected Areas – այս կատեգորիան ՀՀ-ում ներկա պահին չկա): Ըստ Հովհաննիսյանի՝ CWR-ն համապատասխանում է նաեւ OECM-ի կարգավիճակին:
Ինչու՞ են ոլորտի փորձագետները դժգոհ
Չնայած OECM-ներն այլեւս նկարագրված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում, փորձագետներից ոմանք դժգոհություններ ունեն, քանի որ այդ նկարագրությամբ, կարծես, ամեն ինչ ավարտվել է:
Կարեն Մանվելյանն ասում է՝ լավ կլիներ, որ օրենքի նոր տեքստում առանձին ներկայացվեր OECM-ների պահպանության ռեժիմը, ինչպես արված է ԲՀՊՏ-ների դեպքում՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների ու պահպանվող լանդշաֆտների։
Հայաստանի գործող եւ նախատեսվող ԲՀՊՏ-ներն ու OECM-ները. քարտեզի հեղինակ՝ Կարեն Մանվելյան
«OECM-ները հենց այնպես չեն ստեղծում, դրանցում կան կարմիրգրքյան բույսեր ու կենդանիներ, արգելվում է հանքարդյունաբերությունը ու ցանկացած տնտեսական գործունեություն, որը կխաթարի դրանց ապրելավայրը կամ աճելավայրը,- արձանագրում է Մանվելյանն ու շարունակում,- չի կարելի, բայց [հանքարդյունաբերության համար] այդ տարածքներում միշտ դիմելու են, սկսելու են լոբբինգ անել, Ամուլսարի դեպքը կարող է լինել, երբ Կառավարության որոշմամբ թույլ տվեցին բույսերը տեղափոխել: Նման բաներ չլինելու համար արժեր օրենքով OECM-ների պահպանության ռեժիմ սահմանել։ ՇՄՆ-ի գործընկերների հետ շատ եմ շփվում, իրենց վրա էլ են ճնշումներ լինում տարբեր նախարարություններից, ասում են՝ ամբողջը դարձնում եք բնության հատուկ պահպանվող տարածք, բա մեր գործարանները»։
Ծովինար Հովհաննիսյանը համակարծիք է, որ փոփոխված օրենքում OECM-ների ներկայացվածությունը նվազագույն է՝ բացակայում են կարգավորումները, չի հստակեցվում այս տարածքների վերաբերյալ ո՛չ պետության, ո՛չ մասնավորի դերը. «Սա շատ հիասթափեցնող է, որովհետեւ, մասնավորապես, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) երկարատեւ աշխատել է, որ հիմնական կարգավորումներ լինեն եւ ճանաչվեն»։
«Հետքի» զրուցակիցը որպես օրինակ նշում է Արմաշի ձկնաբուծարանների տարածքը։ Ասում է՝ սա թռչունների դիտարկման համար լավագույն կետերից մեկն է Եվրոպայում, որը, սակայն, մասնավոր տարածք է։ Հովհաննիսյանն ուղիղ հարցեր է տալիս՝ ո՞վ է իրականացնելու այդ տարածքի պահպանությունը, ի՞նչ ռեժիմով, ի՞նչ պարտավորություններ ունի, ի՞նչ առավելություններ կան։ Ըստ մեր զրուցակցի՝ այս բոլոր հարցերն անպատասխան են մնացել օրենքի նոր տեքստում։
Կենսաբազմազանության պահպանությամբ զբաղվող մասնավոր հիմնադրամի ներկայացուցիչ Ծովինար Հովհաննիսյանի կարծիքով՝ լավ կլիներ, եթե օրենքի նոր տեքստում տեղ գտնեին նաեւ պահպանվող տարածքների մասնավոր կառավարման մոդելները։ FPWC-ի բնապահպանական ծրագրերի ղեկավարն ասում է, որ իրենք շարունակելու են աշխատել օրենքի բացերի վրա. «Վստահ եմ, որ այս օրենքը նորից վերանայման, մշակման եւ հավելյալ լավացման կարիք ունի։ Դեռեւս վերջնականը չէ»։
«Արժեքավոր բնական էկոհամակարգ». տարակարծության տեղ տված նոր հասկացություն
Կենսաբանական գիտությունների թեկնածուներ Կարեն Մանվելյանն ու Արամ Աղասյանն աշխատել են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նոր տեքստի վրա, սակայն մի հարցում տարակարծություն ունեն:
Խոսքը օրենքում ներդրված «արժեքավոր բնական էկոհամակարգ» հասկացության մասին է:
Արամ Աղասյանը, որը նախկինում աշխատել է ՇՄՆ-ում (այն ժամանակ կոչվում էր Բնապահպանության նախարարություն), ասում է, որ կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից պետության համար լավագույն ձեւը բավականին մեծ քանակով տեսակներ պահպանության տակ ներառելն է, ինչը կոչվում է ընդգրկվածություն։ Ըստ «Հետքի» զրուցակցի՝ այժմ Հայաստանի ԲՀՊՏ-ներում ընդգրկված է մեր երկրի կենսաբազմազանության 60-70 %-ը։
«Սա նշանակում է, որ մենք պահպանվող տարածքների սահմանները, տարածքները ընդլայնելու խնդիր ունենք։ Դրա համար նոր գաղափար ենք մտցրել՝ արժեքավոր բնական էկոհամակարգ, որի մեջ մտնում են բնապահպանության տեսակետից արժեքավոր տարածքները եւ միջազգային կոնվենցիաներով մեր պետության ստանձնած պարտավորությունները. դրա մեջ կարող են լինել նույն OECM-ները, էմերալդ (զմրուխտե) ցանցը, կարեւոր բուսաբանական տարածքները (ԿԲՏ), կարեւոր թռչնաբանական տարածքները (ԿԹՏ)։ Այս ամբողջը ներառվում է «արժեքավոր բնական էկոհամակարգ» հասկացության մեջ»,- մանրամասնում է Աղասյանը։
Կարեն Մանվելյանը հակադարձում է։ Ասում է՝ արժեքավոր բնական էկոհամակարգը պահպանության միջոց չէ։ Փոխարենը այդպիսի միջոցներ են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից սահմանված ԲՀՊՏ-ների 6 կատեգորիաները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը, բնության հուշարձանները, պահպանվող լանդշաֆտները եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ պահպանվող տարածքները, ինչպես նաեւ ԲՀՊՏ չհանդիսացող OECM-ները. սրանք բոլորը պահպանության գործիքներ են։
«Իրենք նշել են «արժեքավոր բնական էկոհամակարգեր» եւ դրանով փակել են բոլոր գործողությունները՝ կապված OECM-ների հետ, էմերալդ ցանցի հետ, մյուս տարածքների հետ, այսպես ասած՝ անձրեւանոց է»,- ասում է Կարեն Մանվելյանը։
Ըստ վերջինիս՝ բնության մեջ բոլոր էկոհամակարգերն էլ արժեքավոր են։ Մյուս կողմից՝ կան դեպքեր, երբ տարբեր տեսակներ հանդիպում են շատ փոքր տարածքներում, օրինակ՝ 100 քմ-ի վրա, ինչը, սակայն, չի կարող համարվել արժեքավոր էկոհամակարգ, քանի որ «էկոհամակարգ» ասելիս նկատի է առնվում մեծ տարածքը, այլապես ստացվում է, որ այդ փոքր տեղն էլ է արժեքավոր էկոհամակարգ։ «Նախարարությանն առաջարկեցի, որ այդ հասկացությունը մնա, բայց որպես կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործիք մնան OECM-ները։ Նախարարությունում չէին ուզում փոխել, սակայն փոխզիջումային եղավ՝ արժեքավոր էկոհամակարգի մասում նշված է OECM-ների մասին»,– ասում է WWF-ի աշխատակիցը։
|
Արժեքավոր բնական էկոհամակարգ - բնապահպանական տեսակետից արժեք ներկայացնող աշխարհագրական տարածք, որն իր բնական առանձնահատկությունների պատճառով ունի առանձնահատուկ նշանակություն եւ որի գնահատման ու առանձնացման համար հիմք են հանդիսանում նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով, համաձայնագրերով եւ ծրագրերով առանձնացված բնական էկոհամակարգերը: Արժեքավոր բնական էկոհամակարգների շարքին կարող են դասվել նաեւ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածքները (OECM): «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Բնապահպանական ու տնտեսական շահերի բախում
Ներկայում աշխարհում երկու միտում կա. մի կողմից՝ պահպանել կենսաբազմազանությունը, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական պայմաներ ստեղծել բնակիչների համար, որպեսզի նրանց համար շահավետ լինի այդ տարածքների պահպանումը։
Արամ Աղասյանը նկատում է, որ եթե, օրինակ, պետք է պահպանվող տարածք ստեղծվի, բայց տեղի բնակիչն ասում է, որ իր ջրարբիացման կետերը հենց այդ տարածքում են, տվյալ տարածքը պահպանելուն զուգահեռ պետք է իրականացվեն ներդրումային ծրագրեր, ջրարբիացման կետեր ստեղծվեն տարածքից դուրս, որպեսզի կենդանին միայն ջուր խմելու համար չգնա այդ տարածք։
Մյուս կողմից, ըստ Աղասյանի, գյուղացիներին պետք է նաեւ հերթափոխային արածեցման մոդել առաջարկել, այսինքն՝ ոչ թե ասել՝ իրավունք չունես տվյալ տարածքում անասուն արածեցնել, այլ ասել՝ մի ամիս այս հատվածում կարող ես արածեցնել, մյուս ամիս՝ այլ, որպեսզի կոնկրետ տարածքի վրա ճնշումը չմեծանա ու չբերի նրան, որ հաջորդ տարի այդտեղ ոչինչ չաճի։ Այսպիսով՝ խոսքը խելամիտ բնօգտագործման ու բնության վրա ճնշումը նվազեցնելու մասին է։
Կարեն Մանվելյանն իր հերթին նկատում է, որ դեգրադացված արոտավայրերը հիմնականում գտնվում են գյուղերի շուրջը, որտեղ գերարածեցում է լինում, իսկ հեռավոր արոտավայրերը շատ քիչ են օգտագործվում։ Մինչդեռ, ըստ նրա, դրանք եւս պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում այդ արոտավայրերի որակն ընկնում է, բույսերից մեկը դառնում է դոմինանտ, եւ քանի որ հունձ չի կատարվում, անասունները չեն արածում, տեղական պայմաններին հարմարված բույսը սերմերի միջոցով տարածվում է՝ արոտը դարձնելով մոնոլիտ։
«Էկոլոգիական միջանցքների ծրագրում կայուն արածեցման սխեմաներ ենք դրել, որոնց մարդիկ պետք է հետեւեն,- ասում է WWF-ի հայաստանյան մասնաճյուղի «Կենսաբազմազանութուն եւ պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավարը,- մենք գումարներ ենք դրել ջրարբիացման համար, տնակներ ենք տեղադրել հեռավոր արոտներում, որպեսզի գնան, մնան այնտեղ։ Դրա համար նաեւ վերականգնել ենք ճանապարհները»։
Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Առաջին լուսանկարում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը (արգելոցի ֆեյսբուքյան էջից)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել