Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալի» հայցի ընդունումը՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման հարցով
Վարչական դատարանը 2026թ. հուլիսի 10-ին մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցադիմումի ընդունումը, որով ընկերությունը պահանջում էր ճանաչել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 70 տոկոսի օտարման վերաբերյալ իրավահարաբերություն առկա չէ, այլ կերպ ասած՝ օտարման հիմքեր չկան։ Դատարանը եզրակացրել է, որ ներկայացված պահանջը վերաբերում է օրենսդրական գործընթացներին, որոնք Վարչական դատարանի քննության ենթակա չեն։
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն Կառավարության դեմ հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան 2026թ. հուլիսի 1-ին։
Ընկերությունը նշել էր, որ «Էներգետիկայի մասին» օրենքում 2025 թվականի հուլիսի 9-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել է, որ եթե ընկերությունը զրկվում է գործունեության լիցենզիայից, ապա դրա բաժնետերը պարտավոր է օտարել բաժնետոմսերը կամ գույքային համալիրը։ Հայցվորի կարծիքով՝ մինչև հանրության գերակա շահի հիմքով օտարման գործընթաց սկսելը, կառավարությունը նախ պետք է իրեն գնման առաջարկ ներկայացնի, և միայն դրանից հետո, եթե գործարք չկնքվի, կարող է սկսվել օտարման գործընթացը։
«Տաշիր Կապիտալը» նաև նշել էր, որ Կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը։ Ընկերության գնահատմամբ՝ այդ հանգամանքը սահմանափակում է իր՝ բաժնետոմսերը տնօրինելու իրավունքը, քանի որ նվազեցնում է դրանք իր նախընտրած անձին և իր նախընտրած գնով վաճառելու կամ գրավադրելու հնարավորությունը։
Դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Ներսիսյանի, արձանագրել է, որ հայցվորի ներկայացրած փաստարկները վերաբերում են օրենքների ընդունման և օրենսդրական գործընթացներին, որոնք պետք է վիճարկվեն այլ ընթացակարգով և այլ դատարանում։
Ըստ դատարանի՝ օրենքի ընդունումը վարչարարություն չէ, հետևաբար վարչական դատարանը իրավասու չէ գնահատել օրենսդրական գործընթացները։ Դատարանը նշել է նաև, որ եթե ընկերության մտահոգությունները կապված են կառավարության կողմից ապագայում ընդունվելիք որոշման հետ, ապա այդ որոշումը կարող է վիճարկվել միայն դրա ընդունումից հետո՝ օրենքով սահմանված առանձին ընթացակարգով։
Այս հիմքով դատարանը եզրակացրել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ Վարչական դատարանում քննության և մերժել է հայցադիմումի ընդունումը։ Քանի որ հայցը վարույթ չի ընդունվել, դատարանը չի քննարկել նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025թ․ նոյեմբերի 13-ին հրավիրված նիստում քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, և զրկել լիցենզիայից։
Լիցենզիայից զրկելու հիմք էին նշվել ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։
Մասնավորապես՝ 700 հազ․ սպառողներ զրկվել են օբյեկտիվորեն իրենց սպառման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կամ դրան հասնելիություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունից։ Բացի այդ, արձանագրվել է, որ 10.8 մլն դրամ լրացուցիչ ծախս է հավելագրվել սպառողներին, ինչն առաջացրել է լրացուցիչ ծախս։ Իսկ ինքնավար էներգիա արտադրող սպառողներին պատճառվել է 15․9 մլն դրամ վնաս՝ 2024թ․ մայիսի 1-ից մինչև 2025թ․ ապրիլի 30-ը հաշվարկային տարվա ընթացքում իրականացված թերգրանցումների հետևանքով և այլն։
Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել