Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվել
Բյուրեղավանի համայնքապետարանը նորից կոչ է անում իր բնակիչներին ջուր չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել։
Բյուրեղավանի համայնքապետարանը այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան, պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերում արձանագրվել է շտապօգնության դիմող քաղաքացիների թվի կտրուկ աճ։ Քաղաքացիների մոտ գրանցված հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, փորլուծություն։
Դեռ երեկ Բյուրեղավանում ապրող ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գանգատվել էր, որ ջրից իրեն վատ է զգացել։ Գրառման տակ մի շարք օգտատերեր գրել էին, որ վերջին մի քանի օրերին իրենք էլ, համայնքից շատերն էլ ունեցել են նույն գանգատները։
Մոտ երեք ամիս առաջ՝ 2026 թվականի ապրիլին, համայնքում աղիքային վարակի տասնյակ դեպքեր էին գրանցվել։ Մի շարք քաղաքացիներ հոսպիտալացվել էին ինչպես Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում, այնպես էլ Հրազդանի բժշկական կենտրոնում։ «Հետքի» հետ զրույցում բնակիչներից մի քանիսը պնդել էին, որ պատճառը կոյուղաջուրն է, որը նորից է խառնվել խմելու ջրին։
Իսկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառման արդյունքներում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ, կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ավելի ուշ՝ ապրիլի 30-ին, համայնքապետարանը հայտնել էր, որ «կրկնակի նմուշառումներից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ համայնքում ջրի որակը համապատասխանել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել»։
Այսօր՝ հուլիսի 17-ին, «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ նույն համայնքում նույն վիճակն է սկսվել, ինչ ամիսներ առաջ։
«Կանչերը երեկ երեկոյան են սկսել։ Գիշերը 11 հոգի է դիմել, որից երեքը հոսպիտալացվել են։
Առավոտյան ՀՎԿԱԿ-ից երեք խումբ է եկել։ Մարդիկ հիմա էլ գալիս են՝ կամ ոտքով, կամ շտապօգնության մեքենայով, ոչ միայն մեր պոլիկլինիկա, այլ Աբովյանի, Հրազդանի բժշկական կենտրոններն էլ»,- նշել է Արմեն Վարդումյանը։
Բյուրեղավանի համայնքապետարանը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ։
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել