Առճակատում Արմանիսում, կամ հանրությունն ընդդեմ հանքի. ինչ ակնկալիքներ ունի տնտեսվարողը
Արմանիսի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում ուսումնասիրության լուրը ընդվզման ալիք է բարձրացրել Ստեփանավան համայնքի բնակիչների, բնապահպան-ակտիվիստների շրջանում: Բնակիչներն ու ակտիվիստներն ուզում էին ձախողել այսօրվա հանրային լսումները, որպեսզի ընկերությունը չկարողանա նոր տարածքների ուսումնասիրության իրավունք ստանա, ինչին, ըստ ամենայնի, կհաջորդի արդյունահանման լիցենզիայի դիմումը:
Այսօր երեք վայրում` Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում հանրային լսմանը ակտիվիստները «Ոչ հանքին» վանկարկումներով փորձում էին համոզել հանքարդյունաբերողներին հետ կանգնել հանքավայրի վերաբերյալ իրենց մտադրություններից:
Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Ստեփանավանը պետք է տուրիզմի կենտրոն դառնա, ոչ թե հանքարդյունաբերության զոհ, հետևաբար, հանքավայրի արդյունահանումն ուղղակիորեն կխաթարի Ստեփանավանի և հարակից տարածքների հետագա զարգացումը:
Ստեփանավանի ակտիվիստները մեզ ուղարկել են հանքավայրի և Չքնաղ գետի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է հանքավայրի ստորին հատվածից դեղնավուն զանգվածը դուրս գալիս և լցվում Չքնաղ գետը:
Այդ նույն տարածքի մասին տարիներ առաջ հրապարակում ենք արել` այցելելով տարածք և տեսալուսանկարահանելով արտանետումները: Տնտեսվարողն ասում է, որ ինքը դրա հետ կապ չունի. այդ արտահոսքը խորհրդային տարիներից թողած ժառանգություն է:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Ստանիսլավ Մորոզովի հետ:
«Հետքի» հարցերին պատասխանում է «Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Ստանիսլավ Մորոզովը
Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հարավ և հարավ-արևմտյան տարածքում` ընդգրկելով Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի աջափնյա և ձախափնյա վտակների լանջերը և դրանց ջրհավաք ավազանների տարածքները, «Սագամար» ՓԲԸ-ն ուսումնասիրություններ էր իրականացրել և սպասում էր լաբորատոր պատասխաններին, որպեսզի շահագործվեր հանքավայրը: Ի՞նչ արդյունքներ են տվել այդ ուսումնասիրությունները:
Մենք այնտեղ ուսումնասիրություններ ենք արել 2008-2011թթ., 4 կմ խորություն ենք հորատել, հասկացել ենք, որ այնտեղ այնպիսի հանքաքար է, որը չի համապատասխանում մեր գործարանի վերամշակման տեխնոլոգիային, այդ հանքաքարը կարիք ուներ ցիանային վերամշակման, իսկ մենք աշխատում ենք ջրային տարածքների, գետերի մոտ, և այդպիսի վերամշակումը կարող է հավելյալ աղտոտվածություն պատճառել: Մեր ուսումնասիրության լիցենզիան ավարտվել է, այժմ այդ տարածքներում ուսումնասիրություն է անում «Հայասա ռեսուրսիս» ընկերությունը:
Մեր հայցած տարածքները հարում են մեր նախկին հանքավայրի տարածքներին, և մենք գործնականում հենց մեր տարածքից էլ կարող ենք մտնել այդ նոր տարածքներ:
Նախագծից չի երևում, թե քանի կմ է հեռու հայցվող տարածքը ջրաշուշանների լճից: Խնդրում եմ հստակեցնել սա:
Ջրաշուշանների տարածքը գետի մյուս ափին է՝ ուղիղ գծով մոտ 2,5 կմ հեռավորության վրա: Մենք այդ տարածք ընդհանրապես չենք մտնում, մենք գետի ձախ ափ չենք պլանավորում անցնել: Ես՝ որպես նորմալ մարդ, հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի:
Մինչ օրս չի դադարում դրենաժային ջրերի արտահոսքը դեպի Չքնաղ գետ, բնակիչների ուղարկած լուսանկարում դա հստակ երևում է: Ինչո՞ւ չի կանխվում այս արտահոսքը:
Այն, ինչ ինտերնետում տարածում են, չորրորդ բովանցքից է, որը փորվել է խորհրդային տարիներին՝ 1950-60-ականներին, երբ հետախուզական աշխատանքներ են տարվել Արմանիսի հանքային տարածքում: Այն գետի կողմից է բացվել, և չորրորդ բովանցքը մեր հողերի տարածքից դուրս է: 2021 թվականին այնտեղ կառուցել ենք մաքրման ավազան, մեզ տրված ռեկամենդացիաներից մեկն այն էր, որ մաքրելու համար տրավերտինի քարերով պատենք` ջրի զտման համար, այնտեղից վայրկյանում 5-6 լիտր ջուր է արտահոսում: Մենք այնտեղ մաքրման ավազան կառուցեցինք, տրավերտին լցրինք, ջրի տեղափոխությունը կազմակերպեցինք, մաքրում ենք այն, որ արտահոսքեր չլինեն:
Եթե դա ձեր տարածքից չի դուրս գալիս և ոչ ձեր մեղքով, ասում եք, որ 1956-60-ականների բովանցքն է, ինչո՞ւ եք դուք դա մաքրում կամ ավազան կառուցել մաքրման համար, թող պետությունը դա կազմակերպեր:
Չգիտեմ, աշխատում են ողջ ուժով դա մեզ վրա դնել, որովհետև ոչ ոք չի ուզում այդ հարցերով զբաղվել: Տարիներ են անցել, արդեն բնություն է աճել, մենք որոշեցինք, որ մենք անենք, որպեսզի նվազագույն աղտոտվածություն գնա դեպի գետը, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ տարածք է: Եթե սկսենք աշխատել, այդ տեղը կարելի է տուրիստական վայր դարձնել, զրուցարաններ կառուցել, խորոված անել, ձուկ որսալ:
Ինչո՞ւ մինչ օրս այդ ջրերի հոսքը չի դադարել, եթե բովանցքը դեռևս 1950-60-ականներին է բացվել:
Ստեփանավանի տարածաշրջանը բավականին խոնավ և ջրառատ է, շատ աղբյուրներ են հոսում այդտեղով, ամենայն հավանականությամբ նորմալ հիդրոերկրաբանական ուսումնասիրություն չի արվել: Երբ մենք ուսումնասիրություն իրականացնենք, գուցե հասկանանք, թե որտեղից է այդ հուժկու արտահոսքը:
Չորրորդ բովանցքը որևէ կերպ չի՞ խաչվում ձեր հանքի տարածքի հետ:
Ոչ, ոչ մի կերպ: Մենք չենք հասել նույնիսկ չորրորդ բովանցքին մոտ, կարծեմ 12 մետր դեռ մնացել է մեզ, որ հասնենք դրան:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերջին անգամ ե՞րբ է ուսումնասիրություն կատարել ձեզ մոտ, ի՞նչ է հայտնաբերել:
Անցյալ տարի մեզ մոտ բնապահպանական ստուգումներ են իրականացրել, որոշակի խախտումներ հայտնաբերվել են: Հիմնականում դրանք վերաբերում էին հողերին: Քանի որ մենք հիմա չենք աշխատում, թափոններ կան համայնքի հողերի վրա լցված, հիմա փորձում ենք այդ հարցը լուծել, մեզ վերցնել այդ հողերը, այդ տարածքներում ռեկուլտիվացման աշխատանքներ տանել, բայց հիմա էլ, օրինակ, անձրևներ են, և անձրևների պատճառով հաճախ չենք հասցնում պլանավորած գործողություններն իրականացնել, որոնք պետք է անեինք, օրինակ, մայիսին:
Այստեղ կլիման փոքր-ինչ խնդրահարույց է, տարին տարվա վրա չի գալիս, օրինակ` երկու տարի առաջ պլանավորած աշխատանքները կարողացել ենք անցյալ տարի անել, որովհետև միշտ անձրևներ են: Անցյալ տարի դրենաժներ ենք արել, նստվածքային լճակները, որ ունենք գործարանի կողքին, մենք համագործակցում ենք պետական թափոնների վերամշակման հետ առնչվող ինստիտուտների և լաբորատորիայի հետ, ուզում ենք, որ էկոլոգիական հավասարության և բալանսի բերենք ամեն ինչ այստեղ: Տեսնենք, թե ինչ ռեկամենդացիաներ են մեզ տալիս, որպեսզի բոլոր մաքրման աշխատանքներն անենք:
Արդյոք ամբողջությամբ լուծվե՞լ է հողերի կատեգորիայի փոփոխության հարցը:
Ես հույս ունեմ, որ այս տարի ամբողջությամբ կավարտենք այդ գործընթացը, որովհետև մենք դիմում ենք համայնքապետարան, նրանք կամ համաձայնություն են տալիս կամ չեն տալիս, այնուհետև եթե համաձայնել են, գնում է Կառավարություն, այնտեղ գենպլանի և կադաստրային քարտեզների փոփոխություններ են կատարում, և շատ երկար պրոցես է: Մենք գրեթե ավարտել ենք այդ հարցերը, համայնքապետարանն ավարտել է իր մասը, հիմա սպասում ենք պատասխաններին, որ այդ հարցը մեր օրակարգից դուրս գա:
2022–2024 թվականների ընթացքում հողերի նպատակային նշանակության փոփոխության և պետական գրանցման գործընթացների շրջանակում կադաստրային արժեքների տարբերության դիմաց ընկերությունը Ստեփանավանի համայնքապետարան է վճարել 283 մլն դրամ:
Նախկին համայնքապետի հողերի հետ կապված հարցերը լուծվե՞լ են: Նրա տարածքներն էլ էին վիճարկվում դատարանում:
Ոչ, այդ հողերը արգելանքի տակ են, բայց դա էլ է լուծելի, և այստեղ առհասարակ չկան հարցեր, որ լուծելի չեն: Ամեն ինչի համար ֆինանսներ են հարկավոր, բայց քանի որ արտադրությունը կանգնած է, մենք մայր ընկերությունից ենք գումարներ ստանում, չենք կարող միանգամից ամեն ինչ անել:
Մենք ռեկուլտիվացման աշխատանքներ ենք տարել գործող թափոնների տարածքի վրա՝ շուրջ 4 հա տարածք, երեք հորիզոնների վրա հողաշերտ ենք փռել, ծառեր տնկել` ավելի քան 1300 ծառ, ձմեռը խիստ է եղել, որոշները չեն բռնել, նորից է կարիք եղել վերատնկել: Այլ աշխատանքներ էլ ենք արել:
Հանքի ողջ տարածքը բաց և փորված մնում է տարիներ շարունակ, դա ե՞րբ եք ռեկուլտիվացնելու:
Եթե նույնիսկ 4-5 օրում հարթեցնենք և հող լցնենք, հասկանալի է, որ միանգամից նախկին տեսքի չի գա, 2-3 տարի է պետք, որ բուսականությունն աճի, կանաչի, արագ ոչինչ անել չի ստացվի:
Հասկանալի է դա, բայց դուք արդեն ավելի քան տասը տարի է` չեք աշխատում, կարող էիք ավելի վաղ սկսել այդ գործընթացը:
Ես ընկերության հիմնադրումից այստեղ չեմ եղել, եկել եմ 2021-ի վերջին:
Ես 1992 թվականից աշխատանքային փորձ ունեմ, այսինքն` շուրջ 30 տարի արտադրության մեջ եմ աշխատում, և ինչ եք կարծում, այս թղթաբանության հետ հե՞շտ է ինձ աշխատելը: Ես ողջ կյանքում աշխատել եմ հանքարդյունաբերության ոլորտի արտադրություններում` Ռուսաստանում և Վրաստանում: Մագադանում, Մուռմանսկում և այլ տեղեր: Վրաստանում ընկերությունը ծաղկում է, այնտեղ ամեն ինչ լավ է ընթանում, այնտեղ ավելի քան 5000 մարդ է աշխատում:
Մոտավոր քա՞նի աշխատատեղ կբացվի, եթե հանքն աշխատի:
Այս պահին մշտական 50 աշխատող ունենք, 20-25 հոգի էլ՝ քաղիրավական սկզբունքով: Եթե նորմալ գործարկենք, 450-460–ից ավելի մարդ կաշխատի:
Եթե կրկին արդյունահանեք, ի՞նչ եղանակով եք վերամշակելու:
Մեզ մոտ անավարտ ցիկլ է, մենք հանքաքարն ենք արդյունահանում, ֆլոտացիոն եղանակով վերամշակում, այսինքն` այնպես, ինչպես նախկինում է եղել, ցիանային եղանակով ոչինչ չենք վերամշակելու: Գիտությունը բավականին առաջընթաց է գրանցել և այդ հարցում զարգացել։ Նոր տեխնոլոգիաներ կան, եթե սկսենք աշխատել, Վրաստանից մեր գործնկերները կգան այստեղ, կօգնեն նորություններ մտցնել, 10-15 տարի առաջվա եղանակը կթարմացվի նոր լուծումներով:
Չե՞ք կարծում, որ Ստեփանավանի տարածաշրջանն ավելի շատ տուրիստական վայր է, քան հանքարդյունաբերական գոտի:
Եթե վաղն այդ մարդկանց հարցնենք (նկատի ունի հանրային լսման մասնակիցներին, հեղ.), թե արդյոք որևէ բիզնես պլան ունեն Արմանիսի կամ Ուրասարի` որպես տուրիտսական գոտի զարգացնելու համար, այդ ակտիվիստներից ոչ մեկն այդ գյուղերում նույնիսկ չի եղել: Մեկ շաբաթ առաջ Երևանից վերադարձա, գնացի Ստեփանավան զբոսնելու, դեռ լույս էր, ժամը 7-8–ին արդեն մարդ չկար: Ընդ որում` քաղաքային այգում մանկական խաղահրապարակ են նոր կառուցել, 10-15 ընտանիք էր երեխաների հետ զբոսնում: Մարդիկ այստեղ գալիս են խորոված անելու, երևանյան շոգից հանգստանալու համար, ուրբաթ օրը գալիս են, կիրակի նորից վերադառնում: Այստեղ որոշ ընկերներ ունեմ հյուրանոցային բիզնեսում, ասում են` տուրիստներ չկան: Ըստ ամենայնի, մարդիկ ավելի շատ ծովն են նախընտրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել