
Արմանիսի ոսկու չգործող հանքի սեփականատերերը հետաքրքրված են նոր տարածքներով
Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների սահմաններում «Սագամար» ՓԲԸ-ն ուզում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել երեք տարվա ընթացքում` 2018-2020թթ.: Նպատակը ոսկի և բազմամետաղներ հայտնաբերելն է, պաշարների գնահատումն ու հանքանյութի հատկությունների գնահատումը:
Երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման տարածքը գտնվում է Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի հարավ և հարավ-արևմտյան տարածքում` ընդգրկելով Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի աջափնյա և ձախափնյա վտակների լանջերը և դրանց ջրհավաք ավազանների տարածքները: Դեղին և Սև գետերի ավազանը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ, իսկ Արմանիս գյուղից` 10 կմ դեպի հարավ-արևմուտք: Աշխատանքների տարածքը զբաղեցնելու է 29.8 կմ2 մակերես:
Ուսումնասիրության տարածքն ընդգրկում է Լոռու մարզի 4 համայնքների հողատարածքներ` Ստեփանավան համայնքից՝ 6 ք/կմ, Գյուլագարակ համայնքից (Պուշկինո բնակավայրի)` 19,5 ք/կմ, Սարահարթ համայնքից` 2,6 ք/կմ և Շենավան համայնքից` 1,8 ք/կմ:
Տարածաշրջանում գործում է Գյուլագարակի սոճու պետական արգելավայրը, որը զբաղեցնում է 2576 հա տարածք: Գտնվում է Լոռու գոգավորությունը եզրավորող Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերին: Եզակի սոճու անտառներ կան այնտեղ, որոնք ենթակա են պահպանության: Համաձայն նախագծի՝ նշված արգելավայրը երկրաբանահետախուզական տեղանքից գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա, և երկրաբանական ուսումնասիրությունները կամ հանքարդյունահանման գործունեությունը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ արգելավայրի վրա:
«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, շահագործում էր Արմանիսի ոսկու հանքավայրը և մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի, սակայն արդյունահանման աշխատանքները 2015 թվականից դադարեցված են: Աշխատակիցներին չէր վճարվում նաև աշխատավարձերը: Նրանք հարկադիր պարապուրդում էին: Այս ընկերության գործունեության հետևանքով բնապահպանական ահազանգեր են հնչել, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտվում է Ձորագետը, հանքի թափոնները հայտնվել են Արմանիսի դպրոցի բակում:
«Սագամար» ՓԲԸ-ի սեփականատեր հանդես եկող «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել նոր ուսումնասիրությունների վերաբերյալ: Մամուլի պատասխանատու ընկերությունը չունի: Տնօրենը տեղում չէր: Տնօրենի օգնական Շուշանիկը հաստատեց, որ հանքն այս պահին չի գործում, և իրենք իսկապես երկրաբանական հետախուզության հայտ են ներկայացրել, սակայն մանրամասներ, թե ինչ է ենթադրում հայտը, ինչով է պայմանավորված չգործող հանքավայրի հարակից տարածքում նոր ուսումնասիրությունների հետաքրքրությունը, Շուշանիկը չցանկացավ պատասխանել: «Ես չեմ կարծում, որ ինքը (տնօրենը) ցանկանա լրագրողների հարցերին պատասխանել»,- ասաց Շուշանիկը՝ մեր հարցադրման ի պատասխան, թե երբ է տնօրենը լինելու քաղաքում, որպեսզի զրուցենք նրա հետ:
Արմանիսի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերը հայտնի չեն հանրությանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ ռուսական «Պոլիմետալ»-ը ձեռք է բերել այն: Օրերս էլ «Պոլիմետալ»-ը հայտարարություն տարածեց, որ մտադիր է Լոռու և Տավուշի մարզերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել: Սակայն տնօրենի օգնական Շուշանիկն այսօր այս լուրը հերքեց. «Մենք «Պոլիմետալ»-ի հետ կապ չունենք»,- ասաց նա:
«Սագամար» ՓԲԸ-ի բաժնետեր «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ի արմատները խորը օֆշորներում են «թաղված»: Ինքը՝ 2008 թվականին հիմնադրված «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ն, գրանցված է կիպրոսյան օֆշորում:
Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից ստացած փաստաթղթի՝ խոշոր՝ 98% բաժնետերը, Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզում գրանցված ընկերությունն է՝ Eulachon Limited: 2 % մասնաբաժինն էլ տնօրինում է մեկ այլ օֆշորում՝ Բելիզում գրանցված KPG Holding Limited ընկերությունը:
Մարտի 19-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Սագամար» ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել