HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սրբազան պայքարի» գործը՝ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում․ ինչպե՞ս են ահաբեկչության մեղադրանքները համապատասխանում միջազգային չափանիշներին

ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրներ մայիսի 11-ին պաշտոնական նամակով դիմել էին ՀՀ կառավարությանը՝ իրենց մտահոգությունը հայտնելով «Սրբազան պայքարի»-ի գործի առնչությամբ։

Նամակում ասվում էր, որ տեղեկություններ կան «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման, ահաբեկչության դեմ պայքարի և ազգային անվտանգության վերաբերյալ մեղադրանքների ոչ պատշաճ քննության, ինչպես նաև վարչական սահմանափակումների վերաբերյալ։

Մանդատակիրները նշել են՝ մտահոգված են, որ ձեռնարկված միջոցներն, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին։

Նրանք նաև անդրադարձել են 2025թ. հունիսին Հայաստանի վարչապետի և Քննչական կոմիտեի հայտարարություններին, որոնք նշում էին՝ ունեն ապացույցներ, որ «Սրբազան պայքար» շարժումը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծրագրել են ահաբեկչության միջոցով հակասահմանադրական ճանապարհով զավթել պետական իշխանությունը։ Սակայն, ըստ ստացված տեղեկությունների, նշված ապացույցները վերաբերում են քաղաքական ընդդիմադիր գործունեությանը, բողոքի ակցիաներին և քաղաքացիական անհնազանդության գործողություններին, իսկ հայտնաբերված առարկաները եղել են կենցաղային, տոնական կամ շինարարական նշանակության: Չկան տեղեկություններ բռնության կամ բռնության սպառնալիքի, զենք կիրառելու մտադրության կամ իրական ահաբեկչության վերաբերյալ կամ որևէ ցուցում, որը կարող էր վկայել դրանց առկայության մասին:

Նամակում հաղորդվում է նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել է արքեպիսկոպոսի մասնավոր խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունները՝ դրանք ներկայացնելով հատվածաբար, ընտրովի և համատեքստից դուրս՝ որպես ահաբեկչության ապացույցներ՝ բռնության որևէ ցուցանիշի բացակայության պայմաններում։

Միաժամանակ, «Սրբազան պայքար» շարժման կողմից բռնությունը բացահայտ մերժող գաղտնալսումների նյութերը չեն հրապարակվել, իսկ պաշտպանական կողմի փաստաբաններին չի թույլատրվել դրանք հրապարակել։ Հաղորդվում է նաև, որ իշխանությունները քննադատել են Հայ Առաքելական եկեղեցուն քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։

ՀՀ կառավարությունն ուղղված նամակում նշվում է, որ գրավի կամ խափանման միջոցների հետ կապված սահմանափակումների (ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը, երկրից դուրս գալու արգելքը և երաշխավորությունը) ակնհայտ ոչ պատշաճ կիրառումը «Սրբազան պայքար» շարժման անդամների նկատմամբ՝ խաղաղ հավաքների, միավորման և արտահայտման ազատությունների, ինչպես նաև հանրային կյանքին մասնակցելու իրավունքի օրինական իրացման համար, նույնպես կարող է հակասել միջազգային իրավունքին։

Նամակում անդրադարձ կա նաև պաշտոնյաների կողմից քրեական գործերով մեղադրյալների ենթադրյալ մեղավորության վերաբերյալ նվաստացնող կամ կանխակալ բնույթի հրապարակային հայտարարությունների մասին, որոնք արվում են մինչև իրավասու դատարանի կողմից արդար դատաքննության արդյունքում մեղավորության վերջնական հաստատումը: Դրանով կարող են նաև խախտվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածը։

«Սա հատկապես մտահոգիչ է այն դեպքերում, երբ պաշտպանական կողմի փաստաբաններին չի թույլատրվում հրապարակել այնպիսի ապացույցներ, որոնք կարող են արդարացնել մեղադրյալին կամ վկայել նրա անմեղության օգտին»,- նշել են նրանք։

Ինչպե՞ս են ահաբեկչության մեղադրանքներն համապատասխանում միջազգային չափանիշներով սահմանված ահաբեկչության սահմանմանը. 8 հարց կառավարությանը

ՄԱԿ-ի մանդատակիրները 8 հարց են հղել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություն։ Նրանք խնդրել են ներկայացնել տեղեկություններ անձանց ձերբակալման, կալանավորման և նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ և պարզաբանել, թե «Սրբազան պայքար» շարժման անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքներն ինչպես են համապատասխանում միջազգային չափանիշներով սահմանված ահաբեկչության սահմանմանը, այդ թվում՝ օրինականության պահանջին։

Նրանք կառավարությունից հետաքրքրվել են, թե գրավի կամ խափանման միջոցների հետ կապված սահմանափակումներն ինչպես են համապատասխանում պատշաճ դատավարության, արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի պահանջներին։ Եվ խնդրել են նշել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու՝ խաղաղ հավաքների, արտահայտման ազատության, ինչպես նաև հանրային գործերին մասնակցելու իրավունքի օրինական իրացման դեմ ճնշումն ու քրեականացումը կանխելու նպատակով։

Մանդատակիրները խնդրել են նաև նշել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում է ձեռնարկել՝ վերոնշյալ ենթադրյալ խախտումների վերաբերյալ արդյունավետ քննություն իրականացնելու, տուժածներին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և համարժեք հատուցում ապահովելու, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան՝ պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները ծրագրել են իրականացնել ահաբեկչություն. Հայաստանի կառավարության պատասխանը

Հայատանի կառավարությունը հուլիսի 9-ին 31 էջանոց պատասխան նամակ է ուղարկել ՄԱԿ-ին։ Կառավարության պատասխանում ասվում է, որ ահաբեկչության նախապատրաստման և պետական իշխանությունը զավթելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում իրականացված ձերբակալությունները, քրեական հետապնդումները և կիրառված խափանման միջոցները հիմնված են եղել բացառապես օրինական քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների վրա (օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական միջոցառումներ, մասնավորապես՝ ներքին հսկողության և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման տվյալներ) և իրականացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների պահանջներին համապատասխան։

Կառավարությունը պնդել է՝ իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրականացնելու համար Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները ծրագրել են իրականացնել ահաբեկչություն, այն է՝ սոցիալապես վտանգավոր այնպիսի արարքներ, որոնք ներառում են քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, էական գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգ։

«Նշված գործողություններով նրանք նպատակ են ունեցել բնակչության շրջանում ահաբեկման վիճակ ստեղծել, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի իրավիճակ, խաթարել պետական իշխանության մարմինների գործունեությունը և հարկադրել Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ սահմանված կարգով պետական իշխանություն իրականացնող անձանց հրաժարվել այդ իշխանությունից։

Բնակչությանը ահաբեկելու, պետական իշխանության մարմինների գործունեությունը խաթարելու և սահմանադրական իշխանությունը ապօրինի զավթելու նպատակով ենթադրվող հանցագործությունները կանխվել են նախապատրաստական փուլում՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների, մասնավորապես՝ ներքին հսկողության և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում»,- նշված է նամակում։

ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ քրեական մեղադրանքները չեն վերաբերում մեղադրյալների քաղաքական, կրոնական կամ գաղափարական հայացքներին, ինչպես նաև նրանց՝ խաղաղ հավաքներին, հանրային քննարկումներին կամ օրինական քաղաքական գործունեությանը մասնակցությանը։

Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները քննվել են իրավասու դատարանների կողմից, որոնք ինքնուրույն գնահատել են օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը, այդ թվում՝ դատավարական ռիսկերը և ենթադրյալ հանցագործությունների ծանրությունը։ Անդրադառնալով վարույթի ընթացքում խափանման միջոցների կիրառմանը՝ նամակում նշվել է, որ դրանք փոփոխվել են՝ համապատասխանեցվելով դատավարական ռիսկերի փոփոխություններին։ 

«Խափանման միջոցները պատժիչ բնույթ չեն ունեցել, այլ մշտապես վերանայվել և ճշգրտվել են՝ համաչափության սկզբունքին համապատասխան։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը լիարժեքորեն կիրառելի է բոլոր մեղադրյալների նկատմամբ»,- նշված է նամակում։

Քրեական վարույթներն այս պահին գտնվում են իրավասու դատարանների քննության ներքո, և ապացույցների թույլատրելիության, մեղադրանքների փաստական հիմնավորվածության կամ մեղադրյալների քրեական պատասխանատվության վերաբերյալ ցանկացած եզրահանգում կարող է կատարվել միայն անկախ և անաչառ դատարանի կողմից՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ահաբեկչության մեղադրանքներն համապատասխանում միջազգային չափանիշներին՝ կառավարությունը պատասխանել է, որ հանցակազմը պահանջում է պայթյունի, հրկիզման կամ հանրության համար վտանգավոր այլ գործողությունների իրականացում, ինչպես նաև շենքերի, տրանսպորտային միջոցների, կապի միջոցների կամ այլ ենթակառուցվածքների զավթում կամ զբաղեցում, եթե նման գործողությունները ստեղծում են մարդու մահվան կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, էական գույքային վնաս հասցնելու կամ այլ ծանր հետևանքների առաջացման վտանգ։

Ըստ ՀՀ կառավարության պատասխան նամակի՝ «Սրբազան պայքար» շարժման անդամների վերաբերյալ քրեական վարույթները չեն հարուցվել շարժման քաղաքական դիրքորոշման, կրոնական պատկանելիության, կառավարության քաղաքականության քննադատության կամ խաղաղ հավաքների կազմակերպման պատճառով։ Փոխարենը՝ քրեական հետապնդումը հարուցվել է երկարատև նախաքննության արդյունքում, որի ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter