Գործատուն չի վճարել, ՊԵԿ աշխատակիցը հրավիրել է այգի՝ դիմումը քննարկելու. ինչպես են խախտվել աշխատողի իրավունքները
Ինչ եք կարծում՝ նորմա՞լ է, երբ Դուք աշխատում եք, Ձեզ չեն վճարում, չեն գրանցում, իսկ Պետական եկամուտների կոմիտեին դիմելուց հետո ՊԵԿ աշխատակիցը Ձեզ հրավիրում է հարցերը քննարկելու այգում։
Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլին աշխատանքի է անցել Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն» սպասարկման կետում՝ որպես սպասարկող: 2026 թվականի հունվարի 26-ին սպասարկման կետի տնօրենը փոխվել է։ Այդ ընթացքում Ռայիսան մի քանի անգամ տնօրենին դիմել է պաշտոնական գրանցման հարցով, սակայն վերջինս ասել է, որ խնդիրներ ունի եւ չի կարող նրան գրանցել: Ռայիսան աշխատել է ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 21:00-ն։
Ռայիսայի խոսքով՝ նոր տնօրեն Հայկ Դարբինյանը իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, կոպիտ է խոսել, անցել է իր լիազորությունների սահմանները, ընկերների հետ հաճախ առանց զգուշացման այցելել սպասարկման կետ։
«Ես կարող է մենակ լինեի, մեկ էլ մի քանի հոգով գային, նստեին, խոսեին, ծիծաղեին, ու ես ինձ դրանից վատ էի զգում, հետո ամեն ինչ վերահսկում էր, սկսած նրանից, թե ինչու եմ հաճախորդի վերադարձը ընդունել, որոշել եմ դուրս գալ, քանի որ այլևս այդ միջավայրում աշխատել հնարավոր չէր»,- պատմում է նա։
Աշխատանքի ընթացքում իր հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել։ Նախքան տնօրենի փոփոխությունը իր աշխատավարձը 150 հազար դրամ է կազմել, երբ ամսվա կեսին որոշել է աշխատանքից ազատվել, վերջնահաշվարկ են արել, և աշխատավարձը պետք է կազմեր 70 հազար դրամ։ Արդեն ավելի քան հինգ ամիս է՝ Ռայիսա Զաքարյանը չի կարողանում ստանալ իր հասանելիք 70 հազար դրամը։ Ռայիսան տնօրենին ասել է, որ կդիմի ոստիկանություն։ Դրանից հետո էլ Հայկ Դարբինյանը չի վճարել իր աշխատավարձը։
«Ոստիկանություն դիմեցի, ինձ ասացին, որ դա իրենց գործառույթը չէ, առավելագույնը, որ կարող են անել, կարող են պարզապես նախազգուշացնել, որ իմ գումարը ինձ տա, բայց դա էլ իր մոտ ոչինչ չփոխեց, ոստիկաններին ասել էր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ խնդիրներ ունի։ Ոստիկանությունից էլ առաջարկեցին, որ քաղաքացիական հայց կազմեմ ու դատարան դիմեմ։ Ո՛չ ոստիկանությունից է ազդվում, ո՛չ նրանից, որ ասում եմ՝ դատարան եմ դիմելու։ Մինչև հիմա խոստանում է, թե կվճարի, բայց չի վճարում»,- նշում է նա։
Օրեր առաջ նախկին գործատուն զանգել է Ռայիսային, ասել, որ առաջիկա օրերին իր ընկերը կբերի և կտա գումարը, բայց այդպես էլ ոչ ոք նրա հետ կապի դուրս չի եկել։
ՊԵԿ աշխատակիցը հրավիրել է այգի՝ քաղաքացու դիմումը քննարկելու համար
Ռայիսա Զաքարյանը մայիսի 5-ին գրություն է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ հայտնելով, որ աշխատել է առանց գրանցման ու չի ստացել աշխատավարձը։ Նրա խոսքով՝ դիմումից որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է Հովհաննես Պողոսյան անունով մի մարդ, ներկայացել որպես ՊԵԿ աշխատակից և առաջարկել հանդիպել Աջափնյակի «Բուենոս Այրեսի» անվան այգում։
«Ասաց՝ եկեք, այգում խոսենք։ Ես պատասխանեցի, որ պատրաստ եմ գնալ ՊԵԿ-ի գրասենյակ, բայց այգում պետական ծառայողի հետ հանդիպելը նորմալ չեմ համարում։ Հովհաննես Պողոսյանը շարունակում էր պնդել, որ այգում հանդիպենք՝ պատճառաբանելով, թե չի ուզում ինձ նեղություն տալ՝ գնամ հասնեմ ՊԵԿ»,- պատմում է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ առաջարկը մերժելուց հետո ՊԵԿ աշխատակիցն օրեր շարունակ տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է իրեն։
Ավելի ուշ ՊԵԿ-ից ստացել է գրավոր պատասխան, որտեղ նշվել է, որ ստուգում իրականացնել չի հաջողվել, քանի որ տվյալ հասցեում գործող «Օզոն»-ի սպասարկման կետը փակ է եղել։
Ռայիսայի կարծիքով՝ ՊԵԿ աշխատակից Հովհաննես Պողոսյանը պատշաճ չի կատարել իր պարտականությունները։ Հիասթափված է պետական կառույցից, ասում է՝ չէր պատկերացնում, որ վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցի աշխատակիցը կարող է չարաշահել իր պաշտոնական լիազորությունները։
Գործատուից, ոստիկանությունից, ՊԵԿ-ից բավարար արձագանք չստանալուց հետո Ռայիսա Զաքարյանը որոշել է բարձրաձայնել իր իրավունքների ոտնահարման մասին։
«Հետքը» պարզաբանման համար դիմել է «Օզոն» գրասենյակի տնօրեն Հայկ Դարբինյանին, վերջինս ասաց, որ Ռայիսայի հետ պայմանավորվածություն ունի և առաջիկա օրերին անպայման վճարելու է աշխատավարձը, որ անձնական խնդիրներ ուներ, երկրում չէր, այդ պատճառով էլ աշխատավարձի փոխանցումն այդքան երկարաձգվել է:
«Հետքը» կապ հաստատեց նաև ՊԵԿ աշխատակից Հովհաննես Պողոսյանի հետ։ Վերջինս ասաց՝ քանի որ «Օզոնի» գրասենյակը փակ է եղել, ցանկացել է քաղաքացուն նեղություն չտալ, որպեսզի ինքը մոտենա ՊԵԿ, առաջարկել է հանդիպել քաղաքացուն հարմար վայրում։ Հարցրինք՝ արդյոք ՊԵԿ-ի քաղաքացիների դիմումներին հետևելու ընթացակարգը ենթադրու՞մ է այգիներում հանդիպում, վերջինս ասաց, որ ոչ, պարզապես ցանկացել է, որհարմար լինի քաղաքացուն։
«Էնպես չի, որ ես չեմ ուզել ինքը մոտենա ՊԵԿ, պարզապես քանի որ «Օզոնը» փակ էր, հարցրել եմ որտեղ է ապրում ու առաջարկել եմ իրեն հարմար տեղում հանդիպենք»,- ասում է նա։
ՊԵԿ աշխատակիցը, իմանալով, որ հոդված ենք պատրաստում, ցանկացավ հանդիպել և տեղում քննարկել։ Մենք հրավիրեցինք նրան «Հետքի» խմբագրություն։ Հովհաննես Պողոսյանը տեղյակ չէր, թե այս պահին որ փուլում է քաղաքացու դիմումը և ինչ ընթացք է ստացել։
Այժմ Ռայիսա Զաքարյանը աշխատում է «Օզոն» ընկերության մեկ այլ մասնաճյուղում, գրանցված աշխատող է, աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրներ չունի։
Գլխավոր լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել