Դավիթ Խուդաթյանը և Ֆարզանե Սադեղին քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման և բեռնափոխադրումների ավելացման հարցերը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։
Նախարար Խուդաթյանը գոհունակությամբ ընդգծել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը՝ նշելով, որ Իրանի զգալի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին։
Բացի ճանապարհաշինությունից, կողմերը քննարկել են տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։ Արձանագրվել է, որ ծրագրի իրականացումը էապես կբարձրացնի երկկողմ տրանսպորտային թողունակությունը և նոր ազդակ կհաղորդի տնտեսական կապերի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել