HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրահարկի ստվերում

Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական բնակելի բարձրահարկը՝ 9 հարկից բաղկացած: Կառուցապատողն ու սեփականատերը «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն է։ Կառուցվող շենքից մի քանի մետր այն կողմ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Սիմոն Սիմոնյանը և Աննա Ենգիբարյանը, ամիսներ շարունակ պայքարում են, որ այդ շենքը կառուցվի ըստ օրենքի: Եթե նախագծով հաստատված 9 հարկանի շենքը կառուցվի, իրենք կզրկվեն արևից, արևային կայանն էլ չի աշխատի: 

Շինթույլտվությունը տրամադրվել է 2026-ի ապրիլին։ Աննա Ենգիբարյանը նշում է, որ իրենցից գրավոր, նույնիսկ բանավոր թույլտվություն չեն հարցրել որպես պատակից հարևանի: Իրենք շինարարության մասին իմացել են միայն շինաշխատանքները սկսվելուց հետո:

 
Զանգահարել են «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել նախագիծը։ Մերժում ստանալուց հետո դիմել են քաղաքապետարան, ապա ՄԻՊ, այնուհետև կրկին դիմում են գրել քաղաքապետարանին, որից հետո միայն մայիսի 14-ին ստացել են նախագծի փաթեթը:

Կառուցվող շինության ճարտարապետական նախագիծը մշակել է «Առկուս» ՍՊԸ-ն, իսկ ներքին ու արտաքին կոմունիկացիոն ցանցերը` «Երարխ» ՍՊԸ-ն: Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ներկայիս պետ Նարեկ Բարսեղյանը, որը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի որդին է, մինչև 2021 թվականի ապրիլի 29-ը եղել է «Առկուս» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ «Երարխ» ՍՊԸ-ում բաժնետեր է եղել քրոջ՝ Իզաբելա Բարսեղյանի հետ. հիմա միակ բաժնետերը քույրն է: 2021-2024 թթ. Նարեկ Բարսեղյանը աշխատել է Քաղաքաշինության կոմիտեում որպես ներդրումային առանձին գործառույթներ համակարգող խորհրդական: Նարեկ Բարսեղյանի ղեկավարած ներկայիս վարչությունն ապահովում է շենքերի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը, որն էլ հիմք է հանդիսանում շինթույլտվության համար:

Աննա Ենգիբարյանը նշում է, որ նախագիծը ուսումնասիրելուց հետո նկատել են շինարարական նորմերի խախտումներ։ Տեսել են, որ նախագծում բացակայում է կառուցապատման խտության գործակիցը։

Կառուցապատման խտության գործակիցը ցույց է տալիս, թե տվյալ հողամասում ինչ ծավալի շենք կարելի է կառուցել. դա կառուցվող շենքի ընդհանուր մակերեսի հարաբերությունն է կառուցապատվող հողամասի մակերեսին:

Այդ գործակիցները սահմանված են շինարարական նորմերում, սակայն կառուցվող շենքի նախագծային պահանջի մեջ սահմանված չի եղել: Քաղաքաշինության կոմիտեն Աննա Ենգիբարյանի հարցմանը գրավոր պատասխանել է, որ տվյալ գոտում խտության առավելագույն գործակիցը 1.6 է: Կառուցվող շենքի վերգետնյա հարկերի ընդհանուր մակերեսը 3680 քմ է, հողամասի մակերեսը՝ 665.9 քմ:  Առանձնատան սեփականատերերը հաշվել են, որ կառուցապատման տարածքում խտության գործակիցը 3.46 անգամ գերազանցում է թույլատրված նորմատիվային սահմանը: Նրանք նշում են՝ եթե չխախտվեր այդ գործակիցը, խնդիրներ չէին լինի, շենքը բարձրահարկ չէր լինի, իրենք էլ ստվերում չէին մնա։

Դեռ 2024 թվականից բնակիչները, պետական սուբսիդիայի միջոցով և սեփական ներդրումները կատարելով,  արևային համակարգ են տեղադրել, սակայն մտավախություն ունեն, որ արևային կայանն էլ չի գործի: 

Այդ շենքում բնակարանների վաճառքն արդեն սկսված է։ Նախագծում երևում է, որ շենքն ունի լայնացող ելուստային հատված: Դա հաշվի առնելով՝ բնակիչները վստահ են, որ այդտեղ պահպանված չէ շիննորմերով սահմանված 6 մետր հակահրդեհային ճանապարհը: Աննա Ենգիբարյանը հարցումներ է ուղարկել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, քանի որ այդ կառույցն է իրավասու վերահսկելու շինարարական նորմերի պահպանումը և տրամադրելու օբյեկտի օրինականության վերաբերյալ տեղեկատվություն: Պատասխաններից առաջինում նշված է եղել, որ ստուգման ժամանակ չափել են՝ վեցից ավել է, երկրորդ պատասխանում նշված է, որ նախագծում գրված է՝ վեց մետրը պահպանված է:

Այս շինության նախագիծը ստացել է «Լավո» ՍՊԸ-ի դրական եզրակացությունը։ Ընկերությունը «Հետքին» հայտնել է, որ նախագծում որևէ թերություն չեն արձանագրել: Նախագիծը ստացել է նաև համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: 

Հիմա բնակիչները դատական հայց են ներկայացրել, վարույթ է ընդունվել, գործը քննվում է, շինարարությունն էլ՝ շարունակվում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Թարմացում 07.09.2026

«ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ-ի իրավաբան Տիգրան Խուրշուդյանը հայտնեց, որ համաձայն չեն շինարարության թույլտվությունը կասեցնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման հետ։ Ընկերությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Նրանց պնդմամբ՝ շինարարության թույլտվությունը կասեցնելու համար բավարար հիմքեր չկան, չեն ներկայացվել կոնկրետ ապացույցներ, որ շինարարության շարունակությունն իրենց զգալի վնաս կհասցնի, հետագայում կդժվարացնի կամ անհնարին կդարձնի հայցվորների իրավունքների պաշտպանությունը։

Ընկերությունը նշում է, որ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի ներկայացված մտահոգությունները վերաբերում են հնարավոր ապագա հետևանքներին, որոնց գնահատումը, իրենց կարծիքով, պետք է կատարվի գործի վերջնական քննության ընթացքում։ Կառուցապատողը նաև նշում է, որ շինարարությունն արդեն սկսվել է, կատարվել են քանդման և հողային աշխատանքներ, կառուցվել են հիմքերը և մինչև 0,0 նիշի ծածկի հիմնական երկաթբետոնե կարկասի հիմնական մասը։

Ընկերության խոսքով՝ այս աշխատանքների համար արդեն իսկ մեծ ներդրումներ են կատարվել, ուստի շինարարության կասեցումը վնաս է պատճառելու հենց Ընկերությանը։ Միաժամանակ, ընկերությունը պնդում է, որ Վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հաշվի է առել միմիայն հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի շահերը, սակայն իրենց՝ որպես շինարարության թույլտվություն ստացած ընկերության, իրավունքներն ու արդեն իսկ փաստացի կատարված մեծածավալ ներդրումները` ոչ։ Ըստ «ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ-ի՝ Երևան համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի և շինարարական նորմերի պահանջների պահպանմամբ։ Ընկերությունը ներկայացրել է նաև նախագծային տվյալներ։ Դրանց համաձայն՝ շենքի հիմնական հատվածը հարակից տան ցանկապատից գտնվում է 6.6 մետր, իսկ բնակելի տնից՝ մոտ 17 մետր հեռավորության վրա։ Շենքի ելուստային հատվածից այդ հեռավորությունները համապատասխանաբար` մինչև 0,0 նիշը` 3.6 մետր է և 0,0 նիշից բարձր` 14.7 մետր են։

Ընկերության կողմից ներկայացրած տվյալներով՝ կառուցապատման տոկոսը շենքի տարբեր հատվածներում կազմում է 48.9 տոկոս, իսկ առավելագույնը` 53,09 տոկոս։ Այսինքն` կառուցապատման տոկոսը պակաս է քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված տոկոսից։ Ընկերությունը պնդում է, որ նախագծային տվյալներով հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի իրավունքները չեն խախտվել։ Վճռաբեկ բողոքով ընկերությունը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնել ՀՀ վարչական դատարանի այն որոշումը, որով շինարարությունը կասեցնելու հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի միջնորդությունը մերժվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter