HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հիմա նյութական տեսակետից արվեստի ժամանակաշրջան չէ

«Ստեղծագործական աշխատանքին մղում է հենց ներքին մղումը, փնտրումը, երբ ի սկզբանե ընտրում ես քո ուղղությունը։ Շատ պակասություններ կարող ես տանել, ծանր օրեր` հանուն քո նպատակի։ Բայց եթե աստվածային կայծը կա, պետք է նպաստես, որ այն բռնկվի, բոց ու ջերմություն տա մարդկանց, և դու դա չխնայես»,- ասում է Զավեն Պետրոսյանը։

Նա նկարիչ և բանաստեղծ է, ստեղծագործել սկսել է դեռ դպրոցական տարիներից: 6-րդ դասարանում «Պիոներ կանչ»-ում տպագրվում է նրա առաջին նկարը, իսկ 3 տարի անց նույն թերթում՝ նաև բանաստեղծությունը։

Զավեն Պետրոսյանն ապրում և ստեղծագործում է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում։ Նա գյուղի դպրոցում նաև դասավանդում է կերպարվեստ, գծագրություն և Հայ եկեղեցու պատմություն։ Երկար տարիներ զբաղվել է նաև ժուռնալիստիկայով։ Բայց քանի որ իր արվեստից առանձնապես եկամուտներ չի ստանում, իսկ դպրոցից ստացած աշխատավարձը չի բավարարում, արվեստագետը նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ և պահում է անասուններ։

Հաճախ անասուններին տանելով դաշտերը՝ նա օգտվում է առիթից և նկարում հայրենի բնությունը։ Առօրյա զբաղվածության ու հոգսերի պատճառով ցանկացած պահի չի կարող զբաղվել իր արվեստով և ուզածի չափ ժամանակ հատկացնել դրան։

«Եթե հացի մասին հարցականով ես մտածում, նշանակում է` դու կարիքի մեջ ես: Եթե կարիքի մեջ ես, ուրեմն թևերդ լիարժեք չեն բացվում, քեզ չես զգում ազատ, որը արվեստի ամենաբարձր հատկանիշներից մեկն է,- ասում է Զավեն Պետրոսյանը։- Եթե արվեստագետը ազատ չեղավ, նրա արվեստի մեջ այդ մեծ ազատությունը դժվար կարտահայտվի։ Իսկ մեծ ազատություն մեծ գործերի համար պետք է։ Եթե արծիվը չկարողանա թևերը բացել, նա չի կարող սավառնել»։

Ուղեվճարն արվեստի
Չափազանց թանկ դուրս եկավ,
Այն, ինչ թվում էր հեշտին,
Մեծ տառապանք դուրս եկավ։

***

Բայց լուսատուն իմ հոգու
Քո տված Կայծն եղավ, Տեր,
Կրողն եղավ Քո Ոսկու,
Ու դառն էլ քաղցր եղավ, Տեր։

Ըստ արվեստագետի՝ գրականությունն ու նկարչությունը միմյանց չեն խանգարում, և նա դրանց միջև տարբերություն չի դնում. դրանք ներթափանցում են միմյանց մեջ, լրացնում ու օգնում միմյանց, և մի ներշնչանքից ծնվում է մյուսը։ Սակայն նյութական պակասի պատճառով նա այժմ ավելի շատ ժամանակ է հատկացնում բանաստեղծություններին, որոնց համար թուղթն ու մատիտն էլ են բավարար։ Իսկ խոշոր, որակյալ նկարի համար անհրաժեշտ են կտավ, ներկեր և այլն` չնայած Զավեն Պետրոսյանին նկարելու համար այդ թուղթն ու մատիտն էլ են բավական, եթե նա ուզում է նկարել։ Նա նկարում է ձեռքն ընկած ցանկացած թղթի վրա և նկարները պահում իր արվեստանոցի առանձին արխիվում, որտեղ ունի տարբեր տարիների բազմաթիվ նկարներ։

«Ինձ ավելի հոգեհարազատ է մեր այս հայրենի բնությունը։ Ընդհանրապես, գեղեցիկի գաղափարը շատ կարևոր է թե բանաստեղծության, թե նկարչության մեջ, որը կարող ես արտահայտել թե բնության, թե մի գեղեցիկ աղջկա, թե սիրո ձևով»,- ասում է Զ. Պետրոսյանը։

Արվեստագետի թեմատիկան բազմաբնույթ է. նա սահմանափակումներ չի դնում։ Իսկ ինչ վերաբերում է ներշնչանքին, ապա այն երբեք չի վերջանում։ «Կռվով-դավով, պակաս-պռատով ստեղծում եմ։ Այլ կերպ չեմ էլ պատկերացնում իմ գոյությունը։ Իմ ամբողջ կյանքը ստեղծագործություն է, ու այդպես էլ պետք է շարունակվի մինչև վերջ։ Խոչընդոտներ կան, բայց ես անցնում եմ»,- ասում է նա։

Ես էլ թվում է, մահ չունեմ իրոք,
Դաշն ու միասին այս բնութան հետ,
Ծաղիկ ու ծառի անթառամ սիրով,
Հովի համբույրով, երգերով իմ խենթ։

Նրա երեք որդիերը, որոնցից ոչ մեկը չի ընտրել հոր ուղին, երբեմն ասում են, թե ինչ իմաստ ունի այդքան ստեղծագործելը նման պայմաններում, բայց արվեստագետը դա չի ընդունում։ Սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա, գուցե առկա դժվարությունները տեսնելու պատճառով են տղաները նման կերպ մտածում։ Իսկ գյուղում ապրելով՝ դժվար է կազմակերպել նկարների վաճառքը, գրքերն էլ է դժվարությամբ տպագրում։

«Հիմա նյութական տեսակետից արվեստի ժամանակաշրջան չէ։ Եթե լավ ստեղծագործություն էլ ունենաս, չես կարող թանկ վաճառել: Շատերը արտասահմանում են վաճառում, բայց դա էլ իր դժվարություններն ունի»։

Զավեն Պետոսյանն ունի 4 հրատարակված գիրք, շուտով լույս կտեսնի նաև մանկական բանաստեղծությունների ժողովածուն: Այժմ նա կազմում է իր հաջորդ գիրքը։ Նա նաև բազմաթիվ գրքերի գրաֆիկական ձևավորումների հեղինակ է։

Զավեն Պետրոսյանի խոսքով` հիմա միայն ինքը չէ, որ դժվարություններ ունի, այլ յուրաքանչյուր արվեստագետ։ Նա համոզված է, որ կգան ժամանակներ, երբ կվերականգնվեն նախկին չափանիշները։ Սակայն դրա համար նախ և առաջ պետք է պետական մակարդակով ճիշտ վերաբերմունք, ոչ թե ձևականություններ, որոնք արվում են միայն ներկա վիճակն արդարացնելու համար։

«Ուզում եմ արվեստի մակարդակի բարձրացում լինի, վերաբերմունքը ճիշտ լինի իսկական արվեստի նկատմամբ, իսկական, մաքուր արվեստը չդրվի վարագույրի հետևն, ու բեմը չտրամադրվի էժան արվեստին, որը հիմա լիքն է։ Իսկ հիմա ամեն ինչ վերածվել է շոուի։ Մարդու կյանքն էլ է դարձել շոու»։

Այս երկիրը
Ինչքան էլ ինքն իր հետ գժտվում է՝
Ժամանակն ամեն ինչ ճշտում է։
Ինչպես էլ հաշվարկում, հաշվում է՝
Համբերում նորից ու հաշտվում է։
Ինքն իր հետ պայքարում ու կռվում՝
Այդպես է բուժվում ու մաքրվում։
Եվ այսպես հավիտյան ու անվերջ
Ինքն իր հետ, ինքն իր մեջ, ինքնավեճ։

Բանաստեղծությունները վերցված են Զավեն Պետրոսյանի չորրորդ՝ «Անհանգիստ անդորրություն» ժողովածուից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter