Շարմազանովը չի կարող ասել` երկխոսությունն արդեն տապալվա՞ծ է, թե՞ ոչ
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այսօր հանրապետական կուսակցությունը հրավիրել է խորհրդի նիստ, որում ամենայն հավանականությամբ պետք է քննարկի իշխանական պատվիրակության կազմը ընդդիմության հետ երկխոսելու համար:
ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ ՀՀԿ-ն այսօր խորհրդի նիստ ունի: «Ես խորհրդի անդամ եմ, բայց ոչ մեկ ինձ չի տեղեկացրել, որ խորհրդի նիստ ունենք: Սովորաբար նման դեպքերում տեղեկացնում են»,- ասում է Է. Շարմազանովը:
Հարցին, թե ՀՀԿ-ն քննարկե՞լ է պատվիրակության վերաբերյալ ՀԱԿ-ի առաջադրած հարցը, պատգամավորն ասաց, թե մինչ այս պահը նման քննարկում չի եղել: «Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով լուծել խնդիրները, որովհետև դա է ժողովրդավարության լավագույն ճանապարհը»,- ավելացնում է Շարմազանովը:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկ-պահանջին, ապա իշխանական պատգամավորը ևս մեկ անգամ բացառեց, որ երկրում հնարավոր է արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, չկա դրա պահանջարկը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը տապալվի, քանի որ ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ երկխոսելու է միայն արտահերթ ընտրությունների վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ երկխոսությունն արդեն տապալված է կամ տապալված չէ, որովհետև ընդդիմության մեր գործընկերները այլ բան ասացին, որ եթե իշխանությունը մերժի այդ առաջարկը, իրենք այլ օրակարգ կներկայացնեն: Բայց մեր օրակարգում արտահերթ ընտրությունների հավանականություն չկա»:
Հիշեցենք, որ ընդդիմության պատվիրակության կազմն արդեն ներկայացվել է: Իշխանության հետ երկխոսելու են Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը և ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել