Գեղեցկության վարպետը. ճարտարապետ Ջիմ Թորոսյանին նվիրված ցուցահանդեսը
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերգետնյա մասը զարդարված է ութ թերթանի ծաղկանման բացվածքով և այն երիզող թռչնակերպ զարդաքանդակներով։ Ստորգետնյա մասը լուսավորվում է այդ բացվածքից, կենտրոնում նրա ուրվագիծը կրկնող ծաղիկն է՝ մեջտեղում թերթիկներ թրջող շատրվանով։ Այստեղով անցնելով՝ զգում ես գեղեցկության ազդեցությունը, ճարտարապետության գեղեցկությունը։
«Հանրապետության հրապարակ» կայարանից մի քանի մետր հեռավորության վրա ճարտարապետության թանգարան-ինստիտուտն է, որտեղ բացվել է քաղաքին այս գեղեցկությունը պարգևած ճարտարապետի՝ Ջիմ Թորոսյանի կյանքի և գործի մասին պատմող ցուցադրությունը։
«Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է անվանի ճարտարապետի ծննդյան 100-ամյակին։
Երևանի այցեքարտ դարձած կառույցների՝ «Կասկադ» համալիրի, մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի, Երեւանի քաղաքապետարանի շենքի հեղինակ Ջիմ Թորոսյանը մահացել է 87-տարեկանում։ Ցուցահանդեսի գաղափարի հեղինակը և համադրողը ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն է։ Ցուցասրահը ունի տաճարի կառուցվածք՝ նախամուտք, նախասրահ, երկու խորան և կենտրոնական մաս:
Ցուցահանդեսում ներկայացված են մինչ այժմ չցուցադրված բնօրինակ նախագծեր ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հավաքածուից, ճարտարապետական կոթողների և քաղաքների համայնապատկերների գծանկարներ ընտանեկան արխիվից, ինչպես նաև՝անհատների անձնական արխիվներից բացառիկ նյութեր։ Նաև՝ Ջիմ Թորոսյանի հարցազրույցների տեսաշարք։
«Քսաներորդ դարը դաժան էր մեր ժողովրդի համար, բայց մի հրաշք եղավ՝ ունեցանք նոր մայրաքաղաք։ Ալեքսանդր Թամանյանը արեց անհնարինը, և ովքեր կարող են, թող շարունակեն այդ անհնարինը, ովքեր չեն կարող, չպիտի մոտենան քաղաքի կառուցմանը։ Պետք է քաղաքին մոտենալ լուրջ, զգույշ, բարձր աստիճանի զգացմունքով։ Տա Աստված, որ Երևանը ադ մոտեցումով կառուցվի»- այսպես էր ասում հայ ճարտարապետության ամենանշանակալի դեմքերից՝Երևանի մոդեռնիստական և ազգային ճարտարապետական դիմագիծը ձևավորած Ջիմ Թորոսյանը։
«Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բաց կլինի մինչև օգստոսի 23-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել