HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ես թմրամոլ չեմ». Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ելիզավետայի 4 տարի 8 ամսվա պատիժը

Վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել 33-ամյա Ելիզավետա Դանիելչևայի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման և վերջնական պատիժ էր նշանակվել 4 տարի 8 ամիս ժամկետով։ Ելիզավետա Դանիելչևան մեղադրվում է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ:

2023 թվականի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։

Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիելչևան միակ մեղադրյալն էր։ Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն, «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և, առանց որևէ ապացույցի, պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ելիզավետան ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնցից 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Դանիելչևայի անձնական խուզարկությամբ, իսկ 1․47 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը և 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ «Բան» ակումբից։

Ելիզավետան պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամինը», որն իր անձնական օգտագործման համար է եղել։

Նրա նկատմամբ այժմ կիրառված է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Մինչ այդ, մոտ 1 տարի 3 ամիս նա եղել է կալանքի և տնային կալանքի տակ։ Առաջին ատյանի դատարանը նրա պատժին հաշվակցել է այդ ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 8 ամիս ժամկետով։

Այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթներ ունեցան հանրային մեղադրողը և պաշտպանական կողմը։ Դատարանի կազմում էին դատավորներ Լուսինե Հովհաննիսյանը, Ռոբերտ Պապոյանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի։ Գործով նոր դատախազ էր նշանակվել Արթուր Մուսոյանը, որը վերջին դատական նիստին առաջին անգամ մասնակցեց որպես դատախազ։

Դատավոր Լուսինե Աբգարյանը հիշեցրեց պաշտպանական կողմի բարձրացրած հարցերը, որոնց պատասխաններ տվեց դատախազը։ Մասնավորապես, դրանք վերաբերում էին Առաջին ատյանի դատարանի կողմնակալությանը, հիմնավոր կասկածի բացակայությանը, մեղադրանքի որոշակիությանը և այն հանգամանքին, որ Ելիզավետա Դանիելչևային վերագրվող արարքն ապացուցված չէ։

Արթուր Մուսոյանն ասաց, որ մեղադրանքը հիմնավորվել է ապացույցներով, որոշակիության հետ կապված էլ խնդիր չի տեսնում։ «Ինչ վերաբերում է նրան, որ դատարանի որոշման հիմքում ինչ-որ ապացույցներ են դրվել դատական նիստից դուրս հետազոտված, ինձ համար այդ մեջբերումն անհասկանալի է և պարզ չի, թե դատական նիստից դուրս ինչպես պետք է ապացույցներ հետազոտվեին և դրվեին խափանման միջոցի երկարաձգման որոշման հիմքում»,- ասաց Արթուր Մուսոյանը։

Դատավոր Լուսինե Աբգարյանը հանրային մեղադրողին ասաց, որ պաշտպանը պնդում է, որ մեղադրյալը ակումբում հայտնաբերված ընդհանուր ծավալի թմրամիջոցի հետ կապ չի ունեցել, այլ անհայտ անձն է իրացմամբ զբաղվել, ինքն ուղղակի այդտեղ նստած է եղել և միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերվածն է պատկանել իրեն, որը եղել է անձնական օգտագործման համար։ 

Այս պնդմանը դատախազ Արթուր Մուսոյանը պատասխանեց, որ դատարանի հետազոտած ապացույցները բավարար են իրացնելու նպատակը հաստատելու համար։

Այնուհետև եզրափակիչ ելույթ ունեցավ Ելիզավետա Դանիելչևայի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ գործ ունեն ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքի հետ, որտեղ գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ՝ մեղավորության։ Պաշտպանը հերթական անգամ կրկնեց, որ Առաջին ատյանի դատավորը դատավճռում մեջբերումներ է արել ապացույցներից, որոնք գործում չկան, չեն հետազոտվել։ Նա պնդեց, որ Ելիզավետան թմրանյութերի իրացման նպատակ չի հետապնդել, նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարելի էր ապացուցել, ինչը չի արվել, օրինակ՝ կշեռքի և փաթեթի վրայից կարելի էր վերցնել մատնահետք, կարելի էր ուսումնասիրել բոլոր ձերբակալվածների հեռախոսները։ Արտաշես Հովհաննիսյանը կրկնում է՝ չկա իրացման մասին գեթ մեկ ապացույց։

Դատավոր Լուսինե Հովհաննիսյանը պաշտպանին հարցրեց՝ կա՞ ապացույց, որ մեղադրյալը թմրամոլ է։ «Դուք այնպես եք խոսում, կարծես խոսքը սննդամթերքի, կոնֆետի մասին է, երանի թե էդպես լիներ»,- ասաց դատավորը։

Փաստաբանն ասաց, որ նախկինում առիթներ եղել են, որ որոշակի քանակով օգտագործել է թմրանյութ իր պաշտպանյալը, բայց կախվածություն չունի։ Կախվածության գնահատում տվյալ գործով չի նշանակվել։ Մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, նախաքննական մարմինը տեսել է, որ չունի կախվածություն։

Պաշտպանի այդ պատասխանից հետո դատավորն արձանագրեց այն հանգամանքը, որ կախվածություն չունեցող անձի դիմաց, ներքնազգեստի մեջ սինթետիկ թմրանյութեր են հայտնաբերվել՝ ընդգծելով Ելիզվետայի կողմից դրանց իրացման հավանականությունը։

Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանին դատավորները մի քանի անգամ զգուշացրին, որ չկրկնի իր վերաքննիչ բողոքի բովանդակությունը, չընդլայնվի, բողոքից դուրս հանգամանքներին չանդրադառնա։

Փաստաբանը խոսեց նաև ձերբակալման ժամանակ թույլ տված խախտումների մասին, հարցաքննության կարգի խախտման մասին։ Արտաշես Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանները ձերբակալման ժամանակ ոչ միայն չեն բացատրել Ելիզավետային իր իրավունքները, այլև ռուսերենով բազմաթիվ հարցեր են տվել, որոնց թվում հարցրել են, թե «սա քո՞նն է»՝ նկատի ունենալով սեղանին դրված թմրանյութը, Ելիզավետան ասել է՝ «իմը չի, ինձ տվել են ուղղակի կշռեմ»։

Պաշտպանի խոսքով՝ նրանք առանց պաշտպանի ներկայության և առանց ձերբակալվող անձին իր իրավունքների մասին տեղեկացնելու՝ ոստիկաններն իրավունք չունեին հարցեր տալու։ Բացի այդ՝ փաստաբանն ասում է, որ այդ խոսքն է դարձել ամբողջ գործի մեխը։ Ավելին, տեսագրությունը հետազոտելիս, Արտաշես Հովհաննիսյանի խոսքով, Առաջին ատյանի դատարանում չի թարգմանվել այն հայերեն, հետևաբար պաշտպանը հարցնում է՝ ինչպե՞ս է դատավորը այն դրել դատավճռի հիմքում։

Արտաշես Հովհաննիսյանն իր եզրափակիչ խոսքում ասաց նաև, որ եթե մեղադրյալի աթոռին նստած լիներ հայ աղջիկ, դատարանները հազար անգամ ծանրութեթև կանեին փաստերը։ Պաշտպանի այս արտահայտությունը հարուցեց դատավորների զայրույթը։ Նրանք բարձր տոնայնությամբ սկսեցին խոսել և ասել, որ պաշտպանը դատարանին մեղադրում է խտրականության մեջ, ինչը անարգանք է, և նրանք չպետք է թույլ տան, որ նման արտահայտություն հնչի դատական նիստի ընթացքում։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը պաշտպանին ասաց՝ «Ձեր համոզմունքները ձեզ պահեք»։

Ելիզավետան Դանիելչևան իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ այս հարցին՝ ասելով, որ առնվազն ոստիկանության աշխատակիցների կողմից զգացել է խտրականություն՝ իր ազգությամբ պայմանավորված։ Իսկ ոստիկանության աշխատակիցները իրավապահ համակարգի մի մասն են։ Ըստ Ելիզավետայի՝ իր պաշտպանի այդ հայտարարությունը չպետք է վիրավորական լիներ դատարանի համար։ Նա նշեց, որ ոստիկանների կողմից մեղադրանքներ են հնչել, թե «ռուսներ են եկել, այստեղ չգիտեմ ինչ են սարքել», և դրանք ուղեցվել են ժարգոնային բառերով։

«Ես թմրամոլ չեմ»,- ասաց Դանիելչևան՝ ևս մեկ անգամ հայտնելով, որ ակումբում հայտնաբերվածն իր հետ կապ չունի, ինքն իրացմամբ չի զբաղվել։

Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և մի քանի ժամ անց հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, ըստ որի՝ անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Ելիզավետա Դանիելչևան մեզ հայտնեց, որ դատարանի որոշումն ամբողջությամբ ստանալուն պես բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։

Գլխավոր լուսանկարում՝ Ելիզավետա Դանիելչևան և Արտաշես Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter