Վերաքննիչը բավարարել է Արաբկիրում կառուցվող 9 հարկանի շենքի շինարարությունը կասեցնելու միջնորդությունը
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (անվանափոխված «ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ) կողմից իրականացվող 9 հարկանի բնակելի շենքի շինարարությունը կասեցնելու միջնորդությունը։
Շենքի հարևանությամբ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Աննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը, շինարարության մասին իմացել են միայն աշխատանքները սկսվելուց հետո, իսկ նախագիծն ուսումնասիրելիս արձանագրել են շինարարական նորմերի մի շարք խախտումներ։
Հայցվոր կողմը 2026 թվականի հունիսի 15-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել շինթույլտվությունը և կասեցնել աշխատանքները։ Դատարանը հայցադիմումն ընդունել էր վարույթ, սակայն շինարարությունը կասեցնելու միջնորդությունը մերժել էր։ Մերժումից հետո Աննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։
Չնայած Վերաքննիչ դատարանի բավարարող որոշմանը՝ բնակիչները հիմա էլ մտավախություն ունեն, որ շինարարությունը փաստացի չի դադարի։ Դատարանը որոշումը կայացրել է Վարչական դատավարության օրենսդրության 148.7-րդ հոդվածի հիմքով, ինչը կողմերին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում բողոքարկել այն Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում որոշման կատարումը կասեցվում է մինչև բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը։ Այն կառուցապատողին թույլ է տալիս առաջիկա ամիսներին շարունակել շինարարական աշխատանքները։
Շենքում բնակարանների վաճառքն արդեն սկսված է։ Բնակարանների վաճառքի հայտարարություններում նկատեցինք, որ առուվաճառք է առաջարկվում նաև 9-րդ հարկում, որը հաստատված նախագծով տեխնիկական հարկ է։ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հայրապետ Սիմոնյանի պարզաբանմամբ՝ տվյալ հարկը նախագծով եղել և մնում է որպես տեխնիկական, իսկ հայտարարությունը միջնորդ ընկերության վրիպակի ու թյուրիմացության հետևանք է։
Ըստ նրա՝ միջնորդ ընկերության աշխատակիցները, չպատկերացնելով, որ 9-րդը տեխնիկական հարկ է, ուղղակի լրացրել են տվյալները՝ կրկնելով ստորին հարկերի ցուցանիշները։ Նա հավաստիացրեց, որ սխալն արդեն ուղղված է, և հայտարարությունից այդ հատվածը հանված է։ Փոխտնօրենի խոսքով՝ 9-րդ հարկում բնակելի տարածքներ չեն լինելու. այն ծառայելու է բացառապես տեխնիկական նպատակներով՝ այնտեղ տեղադրվելու են օդափոխության սարքավորումները, և գործելու է շենքի չորանոցը։
Նա նաև նշեց, որ իրենք առաջնորդվում են Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծային չափորոշիչներով, իսկ շինարարությունը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո կգործեն օրենքի սահմաններում։
Թարմացում 07.09.2026թ.
«ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ-ի իրավաբան Տիգրան Խուրշուդյանը հայտնեց, որ համաձայն չեն շինարարության թույլտվությունը կասեցնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման հետ։ Ընկերությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Նրանց պնդմամբ՝ շինարարության թույլտվությունը կասեցնելու համար բավարար հիմքեր չկան, չեն ներկայացվել կոնկրետ ապացույցներ, որ շինարարության շարունակությունն իրենց զգալի վնաս կհասցնի, հետագայում կդժվարացնի կամ անհնարին կդարձնի հայցվորների իրավունքների պաշտպանությունը։ Ընկերությունը նշում է, որ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի ներկայացված մտահոգությունները վերաբերում են հնարավոր ապագա հետևանքներին, որոնց գնահատումը, իրենց կարծիքով, պետք է կատարվի գործի վերջնական քննության ընթացքում։
Կառուցապատողը նաև նշում է, որ շինարարությունն արդեն սկսվել է, կատարվել են քանդման և հողային աշխատանքներ, կառուցվել են հիմքերը և մինչև 0,0 նիշի ծածկի հիմնական երկաթբետոնե կարկասի հիմնական մասը։ Ընկերության խոսքով՝ այս աշխատանքների համար արդեն իսկ մեծ ներդրումներ են կատարվել, ուստի շինարարության կասեցումը վնաս է պատճառելու հենց Ընկերությանը։ Միաժամանակ, ընկերությունը պնդում է, որ Վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հաշվի է առել միմիայն հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի շահերը, սակայն իրենց՝ որպես շինարարության թույլտվություն ստացած ընկերության, իրավունքներն ու արդեն իսկ փաստացի կատարված մեծածավալ ներդրումները` ոչ։
Ըստ «ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ-ի՝ Երևան համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի և շինարարական նորմերի պահանջների պահպանմամբ։
Ընկերությունը ներկայացրել է նաև նախագծային տվյալներ։ Դրանց համաձայն՝ շենքի հիմնական հատվածը հարակից տան ցանկապատից գտնվում է 6.6 մետր, իսկ բնակելի տնից՝ մոտ 17 մետր հեռավորության վրա։ Շենքի ելուստային հատվածից այդ հեռավորությունները համապատասխանաբար` մինչև 0,0 նիշը` 3.6 մետր է և 0,0 նիշից բարձր` 14.7 մետր են։ Ընկերության կողմից ներկայացրած տվյալներով՝ կառուցապատման տոկոսը շենքի տարբեր հատվածներում կազմում է 48.9 տոկոս, իսկ առավելագույնը` 53,09 տոկոս։ Այսինքն` կառուցապատման տոկոսը պակաս է քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված տոկոսից։ Ընկերությունը պնդում է, որ նախագծային տվյալներով հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի իրավունքները չեն խախտվել։
Վճռաբեկ բողոքով ընկերությունը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնել ՀՀ վարչական դատարանի այն որոշումը, որով շինարարությունը կասեցնելու հայցվորներ Սիմոն Սիմոնյանի և Աննա Ենգիբարյանի միջնորդությունը մերժվել էր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել