63 տարի առաջ այս օրը Կապանի մոտ տեղի ունեցած ավիաաղետը մարդկային կյանքի գին ունեցավ
Ուղիղ 63 տարի առաջ այս օրը՝ 1963 թ. օգոստոսի 31-ին, Կապանի մոտ աղետի ենթարկվեց «Ան-2» ինքնաթիռը՝ դառնալով 1 հոգու մահվան եւ մի քանիսի վիրավորման պատճառ:
Ամսի 31-ին Հայկական առանձին ավիախմբի 36-րդ ավիաէսկադրիլիայի «Ան-2» օդանավը (խորհրդային գրանցումը՝ СССР-01154, արտադրված էր 1957 թ.) թռավ Երեւան-Սիսիան-Գորիս-Կապան ուղեգծով: Երթուղու վրա եղանակի կանխատեսումն ու փաստացի եղանակը համապատասխանում էին անվտանգ թռիչք իրականացնելու նվազագույն պահանջներին:
Երեւանից մեկնումը տեղի ժամանակով 14:25-ին էր, իսկ Կապանում վայրէջքը՝ 15:30-ին: Թռիչքի ժամանակ անձնակազմը նկատեց, որ եղանակը զգալիորեն վատանում է լեռնանցքում (թե որ լեռնանցքի մասին է խոսքը, չի հստակեցվում): Դրա պատճառով հետադարձ չվերթին պատրաստվելիս օդաչուները շտապում էին: Կապանում ինքնաթիռ նստեց 11 չափահաս ու 3 երեխա (մինչեւ 5 տարեկան), բարձվեց 36 կգ ձեռքի ուղեբեռ: Վայրէջքից ընդամենը 8 րոպե անց՝ 15:38-ին, օդանավը թռավ Կապանից:
Ինքնաթիռի թռիչքային քաշն ու ծանրության կենտրոնը նորմայի սահմաններում էին: Չնայած Կապան-Գորիս-Սիսիան-Երեւան երթուղու վրա նկատվում էր եղանակի վատացում, ամեն դեպքում, եղանակային պայմանները բավարարում էին նվազագույն պահանջները: 15:30-ին Կապանում ամպամած էր, աերոդրոմից 1600 մ բարձրության վրա շերտակույտավոր եւ կույտավոր ամպեր կային, քամու արագությունը՝ 2 մ/վրկ, ջերմաստիճանը՝ 25°С: Լեռնանցքի վրա ամպերի ստորին սահմանի բարձրությունը ծովի մակարդակից 2250-2300 մ էր:
Կապանից թռչելուց եւ 200 մ բարձրանալուց հետո օդանավի հրամանատարն սկսեց իրականացնել աջ շրջադարձ 30-40 աստիճան անկյան տակ, բայց առանց բարձրություն հավաքելու: Քիչ անց օդաչուն զեկուցեց ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության վրա գտնվելու մասին եւ թույլտվություն ստացավ դուրս գալ օդային երթուղի: Իրականությունն այն էր, որ «Ան-2»-ը փաստացի գտնվում էր 1000-1050 մ բարձրության վրա, այսինքն՝ զեկուցած տվյալից 200 մ ցածր:
Սակայն հրամանատարը փոխանակ ուղղեր այս սխալը, շարունակեց թռիչքն անթույլատրելի ցածր բարձրության վրա՝ հընթացս շեղվելով երթուղուց: Արդյունքում օդանավը կիրճ մտավ: Երկրորդ օդաչուն փորձեց միջամտել ինքնաթիռի կառավարմանն ու շտկել հրամանատարի թույլ տված խախտումը, սակայն վերջինս նրան կոպիտ ձեւով մի կողմ քաշեց:
Քանի որ ռելիեֆը կիրճի հատվածում կտրուկ բարձրանում էր, հրամանատարը ստիպված էր ավելացնել շարժիչի հզորությունը՝ հաղթահարելու համար բնական խոչընդոտը: Արդյունքում «Ան-2»-ի մխոցային շարժիչի ցիլինդրների գլխիկների ջերմաստիճանը բարձրացավ մինչեւ 230-240°C, իսկ յուղի ջերմաստիճանը հասավ 90°C-ի: Թռիչքի արագությունն այդ ժամանակ, ըստ սարքավորումների, 110-130 կմ/ժ էր:
Չկարողանալով դուրս գալ կիրճից եւ հանդիպելով ժայռի՝ հրամանատարը որոշեց աջ շրջադարձ կատարել: Այս մանեւրի ժամանակ, իր դիմաց սար տեսնելով, հրամանատարը կտրուկ մեծացրեց շարժիչի հզորությունն ու օդանավի ղեկը քաշեց իր կողմ: Սրա շնորհիվ «Ան-2»-ը կարողացավ հաղթահարել սարը, սակայն թռիչքի արագությունն ընկավ: Ինքնաթիռը կտրուկ անկման գնաց, ինչի հետեւանքով Երեւանի ժամանակով 15:47-ին ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա բախվեց ծառերին եւ, ընկնելով սարալանջի վրա, այրվեց:
Գետնին բախվելիս տարեց ուղեւորներից մեկը տեղում զոհվեց: Հարվածի եւ բռնկված հրդեհի հետեւանքով օդանավի սրահում խուճապ սկսվեց: Սակայն անձնակազմը, հատկապես՝ երկրորդ օդաչուն, սառնասրտություն դրսեւորեցին, եւ կենդանի մնացած բոլոր ուղեւորները դուրս բերվեցին օդաչուական խցիկի կոտրված պատուհանից: Կոշտ վայրէջքի հետեւանքով երեխաներից մեկը ձեռքի ու ոտքի կոտրվածքներ ստացավ, մյուս ուղեւորներն ու անձնակազմի անդամները թեթեւ սալջարդեր ստացան:
Աղետի վայրը գտնվում էր երթուղուց 5,5 կմ հեռավորության վրա:
Առավել ուշագրավ են հրամանատարի գործողություններն աղետից հետո: Հետաքննության ժամանակ պարզվել է, որ նա վերցրել ու այրել է բարոգրաֆն ու բարոգրամը (բարոգրաֆը մթոնոլորտային ճնշումը չափող սարք է, որի միջոցով ավիացիայում չափվում է օդանավի բարձրությունը): Ավելին՝ նա համոզել էր երկրորդ օդաչուին, որ վերջինս իր նման կեղծ ցուցմունք կա իբր թե օդում շարժիչի խափանման մասին՝ հավաստիացնելով, որ իր մորեղբայրը/հորեղբայրը ղեկավար պաշտոն է զբաղեցնում եւ կօգնի իրենց:
Սակայն ավիաաղետի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը, հետազոտելով ինքնաթիռի շարժիչի հանգույցներն ու ագրեգատները, ինչպես նաեւ թռիչքային փորձարկում կատարելով, պարզել էր, որ «Ան-2»-ի հրամանատարն անկեղծ չէ իր ցուցմունքում: Կրկնակի հարցաքննության ժամանակ երկրորդ օդաչուն ցուցմունք էր տվել օդում փաստացի տեղի ունեցածի մասին:
Հետաքննական հանձնաժողովը եզրահանգել է, որ աղետի գլխավոր պատճառը եղել է հրամանատարի կողմից թռիչքային կանոնների եւ Կապանի աերոդրոմից բարձրություն հավաքելու սահմանված սխեմայի կոպիտ խախտումը: Նպաստող պատճառներն են եղել. առաջին՝ Հայկական առանձին ավիախմբի 36-րդ ավիաէսկադրիլիայի հրամանատարի կողմից անբավարար վերահսկողությունն անձնակազմերի թռիչքների նկատմամբ, երկրորդ՝ նույն ավիաէսկադրիլիայի ղեկապետի (շտուրման) կողմից թռիչքների ռեժիմի թույլ վերահսկողությունը եւ բարոգրամների թերի վերլուծությունը, երրորդ՝ Կապանի օդանավակայանի պետի կողմից օդանավերի շարժը կառավարելու իր անմիջական պարտականության չկատարումը, չորրորդ՝ Հայկական առանձին ավիախմբի թեթեւ օդանավերում խախտումները ժամանակին չբացահայտելը 36-րդ ու 37-րդ էսկադրիլիաներին կցված տեսուչի կողմից:
Լուսանկարում՝ «Ան-2» ինքնաթիռ, աղբյուրը՝ авиару.рф
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել