Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Վարդգես Ստեփանյան) Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Դատական նիստը տևել է շուրջ 7 ժամ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը` Սեդրակ Քոչարյանին կալանավորելով 2 ամիս ժամկետով: Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ և երեխաների: Պաշտպանը նշել է, որ գործ ունեն արտաիրավական և քաղաքական հետապնդման հետ:
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը 2026թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ընթացքում իրավապահ մարմինները խուզարկել են Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել են բիզնես տարածքներ։ Խուզարկվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։
Դատախազը 2026թ. օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել