Քաղաքապետարանը կարծում է, որ կարիք չկա Բուզանդի 1/3-ի հրդեհի վերաբերյալ ուսումնասիրություն անել
Օգոստոսի 13-ին Երևանի Բուզանդի 1/3 հասցեում՝ քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկում, հրդեհ է բռնկվել։ Ըստ «Հետքի» ստացած տեղեկությունների՝ վնասվել էր նկուղում պահվող արխիվը, սակայն քաղաքապետարանը հերքում է այս լուրը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնակի բռնկումն ու ծխահարումը գրանցվել են ժամը 18:05-ի սահմաններում, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն շենքում չի եղել։
Մինչդեռ Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» փոխանցեցին, որ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է միայն 18:20-ին: Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և շուրջ 40 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել է 20:25-ին, իսկ վերջնական մարվել՝ 21:00-ին (հրդեհաշիջումը տևել է շուրջ 2.5 ժամ)։ Շենքից տարհանվել է 150 քաղաքացի։
Ի՞նչ է այրվել նկուղում
Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ այրվել է համայնքային սեփականություն հանդիսացող «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի խորդանոցային հատվածը (60 քմ մակերեսով), որտեղ պահվել են միայն խոտանված համակարգիչներ և օգտագործված տնտեսական պարագաներ։ Կառույցից վստահեցնում են, որ այդ հատվածում «արխիվային կամ որևէ այլ բնույթի փաստաթղթեր չեն եղել», իսկ իրենց արխիվը պահվում է 8-րդ հարկում։
Սակայն Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնից «Հետքին» հայտնել են, որ փրկարարներից ստացված տեղեկության համաձայն՝ հրդեհի վայրում եղել են թղթապանակներ և գրքեր։
Քննություն կամ ուսումնասիրություն չի իրականացվել
Թե՛ իրավապահները, թե՛ քաղաքապետարանը հրաժարվել են դեպքը քննելուց։ ՆԳՆ-ն հայտնել է, որ Ոստիկանությունում քննություն չի իրականացվել, և վարույթ չի նախաձեռնվել, քանի որ որևէ բողոք չի ստացվել։
Քաղաքապետարանը հրդեհի պատճառը կապում է հոսանքի տատանման հետ և նշում. «Այս փաստով ուսումնասիրություն կամ քննություն սկսելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ վարչական շենքին կամ գույքին էական վնաս չի հասցվել»։
Անպատասխան հարցեր
«Հետքը» քաղաքապետարանին ուղղել էր քսանմեկ հարց, որոնցից շատերին կառույցն այդպես էլ չի պատասխանել՝ սահմանափակվելով ընդհանրական հայտարարությամբ։ Մասնավորապես՝ քաղաքապետարանը շրջանցել է հետևյալ հարցերը.
- Արդյո՞ք արխիվային փաստաթղթերը թվայնացված են և ունեն պահուստային պատճեններ։
- Արդյո՞ք պահպանվել են արխիվի հրդեհային անվտանգության, ջերմաստիճանի և խոնավության չափորոշիչները։
- Ե՞րբ է վերջին անգամ ստուգվել Բուզանդի 1/3 շենքի հրդեհային անվտանգությունը, և որ մարմինն է դա իրականացրել։
Տեսչական մարմնի դիրքորոշումը և օրենքի պահանջը
Տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Բուզանդի 1/3 հասցեն չի եղել իրենց ստուգումների ծրագրում։
Ըստ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված չափորոշիչների՝ պետական հիմնարկները ռիսկայնության առումով ցածր առաջնահերթության օբյեկտներ են (ի տարբերություն արտադրամասերի, բենզալցակայանների կամ առևտրի կենտրոնների)։
Զոհրաբյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարող էր դիմել իրենց՝ ուսումնասիրություն իրականացնելու համար, սակայն նման դիմում չի ստացվել։ Այնուամենայնիվ, տեսչական մարմնից խոստանում են հրդեհից հետո ուսումնասիրություն իրականացնել նշված հասցեում։
Այսպիսով, 60 քմ տարածք ընդգրկած և 2.5 ժամ տևած հրդեհից հետո որևէ պետական կառույց պաշտոնական քննություն չի իրականացրել։ Քաղաքապետարանը «հոսանքի տատանման» վարկածն առաջ է քաշում առանց մասնագիտական փորձաքննության եզրակացության, իսկ նկուղում եղած թղթապանակների ու գրքերի մասին տեղեկատվությունը մնում է չպարզված։
Քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը՝ ամբողջությամբ.
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից փոխանցել են հետևյալ պատասխանը․
«Հրդեհի հետեւանքով այրվել է «Երեւաննախագիծ» ընկերության տնտեսական, խորդանոցային հատվածը, որտեղ պահվել են հիմնականում խոտանված համակարգիչներ, նաեւ հին եւ օգտագործված տնտեսական պարագաներ, եւ այս հատվածում արխիվային կամ որեւէ այլ բնույթի փաստաթղթեր չեն եղել: Արխիվը պահպանվում է քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքի 8-րդ հարկում: Հոսանքի տատանման հետեւանքով բռնկված հրդեհի պահին գործել է հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգը, խորդանոցի դռան հարեւանությամբ եղել է կրակմարիչ: Մասնակի բռնկումն ու ծխահարումը գրանցվել է ժամը 18:05-ի սահմանում, երբ աշխատակիցների մեծ մասը շենքում չի եղել, այս փաստով ուսումնասիրություն կամ քննություն սկսելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ վարչական շենքին կամ գույքին էական վնաս չի հասցվել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել