Փաշինյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ:
«Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։ Ավելի վաղ վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել