Դատախազության երրորդ փորձը․ «Սիլ պլազայի» գործը առաջ չի գնում
«Լրագրողական հետաքննությունը բավականին տվյալներ էր տվել պետշահերին, և պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը ուսումանսիրել էր և՛ կադաստրային գործերը, և՛ բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է, և գտել էր, որ Վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետև օտարումն (Սիլ պլազայի տարածքի) իրավաչափ չէր»։
Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազ
Շուրջ 4 տարի է՝ Դատախազությանը չի հաջողվում գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը վերադարձնել պետությանը։ 1990-ականներին Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում ՀՀ նախագահ) որոշումներով կատարված սեփականաշնորհումը իրավապահները 2022թ․-ին անօրինական էին համարել։
Սկզբում Վարչական, ապա Հակակոռուպցիոն դատարանում արդյունքի չհասնելով՝ 2026թ․-ի հուլիսին Գլխավոր դատարախազությունը կրկին դիմել է Վարչական դատարան։ Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության հայցը վարույթ չէր ընդունել, ինչպես նաև չէր բավարարվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքները՝ Դատախազությունից փորձել էինք պարզել՝ արդյո՞ք սպառվել է Երևան համայնքին պատկանած գույքը կրկին համայնքին վերադարձնելու հնարավորությունը։
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են․ «Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների հատման մասում գտնվող «Սիլ պլազայի» տարածքի վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 23-ին նոր հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ «Աստղիկ-1» կոոպերատիվի անվամբ 1998թ. հունվարի 22-ին կատարված իրավունքի պետական գրանցման առոչինչ լինելը ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին»: Վարչական դատարանի տեղեկատվական համակարգում Դատախազության հայցի քննության ընթացքի մասին տվյալներ դեռևս առկա չեն։
Երևանի փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊ ընկերությանը, որն էլ, իր հերթին, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ընկերությունը Խաչատուր Սուքիասյանի հոր ղեկավարած «Աստղիկ-1» կոոպերատիվի իրավահաջորդն է։ Բիզնես կենտրոնի զբեղացրած հողամասի եւ դրա վրա գտնված շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Գույքը Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանն էր ձեռք բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։
Բացի դատական ընթացակարգերից, գույքի սեփականաշնորհման վերաբերյալ ընթանում է քրեական վարույթի նախաքննությունը։ Այս դեպքում ևս որևէ արդյունք չկա։ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի ընթացի մասին մեր հարցին ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ մինչդատական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով քրեական վարույթի քննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել