HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմում է ներկայացվել՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով, քանի որ հանրայնացվել են վերջինիս առողջությանը վերաբերող շոկային կադրեր, և նա այժմ զրկված է ազատությունից:

Այս մասին 2026 թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ հրատապ միջոցով պահանջել են ազատել Խաչատրյանին կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան՝ տանել քննչական մարմին, հիվանդանոց, այնուհետև տուն և դատարան: Փաստաբանը նշել է, որ Խաչատրյանն ունի ֆունկցիոնալության 66 տոկոս կորուստ: 

«Դուք այս մասին չգիտեք, բայց արդեն մի քանի տարի սա շարունակվում է, ընտանիքը չէր ուզում սա հրապարակել»,-ասում է Արա Ղազարյանը և հավելում, որ երրորդ պահանջն էլ վերաբերում է նրան, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա և բուժում ստանա, քանի որ նման բժշկական ցուցում կա արդեն 7 տարի՝ 2019 թ․-ից սկսած:

Ասուլիսի ժամանակ փաստաբաններն անդրադարձել են մինչև լուսաբաց տևած՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցով դատական նիստին, ինչպես նաև, իրենց գնահատմամբ, նրա նկատմամբ շարունակվող խոշտանգմանը և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու խնդիրներին։ Արա Ղազարյանը խոսել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գագիկ Խաչատրյանի գործով ձեռնարկված իրավական քայլերի և գործընթացների մասին։ 

Երեմ Սարգսյանի խոսքով՝ բոլորը տեսել են, թե ինչպես են Գագիկ Խաչատրյանին իր տնից ձերբակալել և տարել քննչական մարմին, որտեղ մեղադրանք է առաջադրվել, այնուհետև նա տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ մինչև գիշերը ժամը 3-ը պատգարակի վրա է եղել՝ շտապօգնության աշխատակիցների հսկողությամբ:

«Մենք մի քանի անգամ միջնորդել ենք, որպեսզի նրան տեղափոխեն բժշկական հաստատություն, և առանց նրա դատական նիստը շարունակեն, քանի որ առավոտյան ժամը 07:30-ից ո՛չ սնվելու, ո՛չ բնական կարիքները հոգալու հնարավորություն չուներ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, 2026թ. սեպտեմբերի 2-ին որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։

Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

Փաստաբանը համաձայնություն ուներ բժշկական տվյալներ հրապարակելու հարցում և հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի՝ հենաշարժողական խնդիրների հետ կապված: Նախկին պաշտոնյան պետք է օգտվի հարմարեցված սանհանգույցից, հետևաբար մշտական  խնամքի կարիք ունի, ինչից զրկված է եղել քննչական գործողությունների և դատարանում կալանքի միջնորդության քննության ամբողջ ընթացքում:

Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ դա եղել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, այլ կերպ ասած՝ անմարդկային վերաբերմունք, իսկ եթե տեղափոխման ժամանակ ցավերը սուր են լինում, հանգեցնում են խոշտանգման:

Փաստաբանը նշեց, որ երբ Գագիկ Խաչատրյանին բարձրացրել են Քննչական կոմիտեի երկրորդ հարկ․ պատգարակը բարձրացնել հնարավոր չէր, ԱԱԾ աշխատակիցները կտորով են բարձրացրել, դրել աթոռների վրա, մինչև պատգարակն առանձին բարձրացրել են:

«Ինչու եմ սա ասում, մենք ուզում ենք ֆիքսել, որ այստեղ բոլոր բժշկական կարգերի խախտումներով է ամեն ինչ տեղի ունեցել և  այս իրավիճակում էլ փորձեցի Գագիկ Խաչատրյանին տեսակցել քրեակատարողական հիմնարկում, հնարավորություն չի եղել նրան ուղեկցել ինձ մոտ՝ քննչական սենյակ:  Նա, ըստ էության ցավերի մեջ էր և շարժողականություն չուներ, որ տեղափոխեին, պաշտպանի հետ հաղորդակցություն չունեցավ»,-ասում է փաստաբան Ե. Սարգսյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամից ավել չի սնվել, իսկ դեղորայք ընդունելու համար սննդակարգ է նշանակված: Առողջական վիճակին բնորոշ մի շարք այլ հարցեր ևս կարգավորված չեն:

Փաստաբանը նշում է, որ Գ.Խաչատրյանի մոտ դեռևս 2015թ-ից ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Վիրահատության կարիք կա, ինչը հնարավոր չէ Հայաստանում իրականացնել: Երեմ Սարգսյանն ասում է, որ քննչական մարմնի կողմից նշանակված փորձաքննությամբ ևս հաստատվել է առկա հիվանդությունը:

Նույնիսկ Գերմանիայից բժիշկ է ժամանել երկու անգամ, ուսումնասիրել է բուժհաստատությունների պայմանները և արձանագրել, որ Հայաստանում անվտանգ չէ այդ վիրահատությունն իրականացնելը, նրան պետք է տեղափոխել արտերկիր: Սակայն, դատարանը թույլ է տվել Գ. Խաչատրյանին մեկնել բուժման, սակայն հաջորդ օրը դատախազությունը և քննչական մարմինները նոր մեղադրանք են առաջադրել, ինչով խափանվել է Խաչատրյանի մեկնումը:

Գագիկ Խաչատրյանը գրեթե նույն իրավիճակում հայտնվել էր նաև 2020թ-ին։ Այդ ժամանակ կալանքի տակ գտնվող Խաչատրյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությունը։

2020թ. հուլիսի 21-ին ՄԻԵԴ-ը մասնակի բավարարել էր նրա դիմումը և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համապատասխան բուժումը։ Դատարանը նաև նշել էր, որ անհրաժեշտության դեպքում նրան պետք է հնարավորություն տրվի ստանալ ստացիոնար բուժում քաղաքացիական հիվանդանոցում։

Այդ ժամանակ Խաչատրյանի մոտ արդեն ախտորոշվել էր ողնաշարի ստենոզ, և բժիշկները նրան անհապաղ վիրահատություն էին նշանակել։

Փաստաբան Արա Ղազարյանն էլ հայտնեց, որ այժմ ՄԻԵԴ-ում Խաչատրյանի անունից 2019 թ․-ին ներկայացված երկու դիմում կա։ Դրանցից մեկը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքին, իսկ մյուսը՝ 3-րդ հոդվածով արգելված խոշտանգմանը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter