Գազամատակարարման ցանցին միանալու համար կառուցապատողը լրացուցիչ գումար չի պահանջի․ ՀԾԿՀ-ն փոփոխություն է առաջարկում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների ցանկից հանել գազասպառման համակարգի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը ստանալու պարտավորությունը։ Նշենք, որ այդ կանոնների ցանկը հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-Ն որոշմամբ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում արձանագրվում են իրավիճակներ, երբ գազասպառման համակարգի սեփականատեր հանդիսացող կառուցապատողները, հղում կատարելով վերոնշյալ կարգավորմամբ նախատեսված գրավոր համաձայնության պարտադիր պահանջին, բազմաբնակարան շենքերի բնակիչներից համաձայնության տրամադրման դիմաց պահանջում են լրացուցիչ վճարներ, որոնք նախատեսված չեն գործող կարգավորումներով։
«Խնդիրն առավել ընդգծվել է Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար լրացուցիչ միացման վճարի կիրառման պայմաններում։ Նման պրակտիկան կարող է հանգեցնել գործող կարգավորման ոչ նպատակային կիրառման և բնակիչների համար ստեղծել լրացուցիչ ֆինանսական և վարչական խնդիրներ»,- նշվում է հիմնավորման մեջ։
Նախագծում Հանձնաժողովը նշել է, որ նպատակ է դրվում բացառել այն իրավիճակները, երբ արդեն իսկ գազիֆիկացված բազմաբնակարան շենքի բնակչի՝ գազամատակարարման ցանցին միանալու հնարավորությունը պայմանավորվում է երրորդ անձի կողմից համաձայնության տրամադրմամբ և դրա դիմաց լրացուցիչ վճարի պահանջով։
«Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համար գազամատակարարման ցանցին միացման գործընթացում առաջացող խոչընդոտները, կանխել լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացումը և ապահովել գազամատակարարման ծառայության առավել հասանելի և թափանցիկ տրամադրումը»,- նշվում է հիմնավորման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել