HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի վերաբերյալ գործը Հակակոռուպցիոն դատարանում է

Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։

Հիշեցնենք՝ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել էին մնալ անանուն, քանի որ վախենում էին, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։

Ըստ մեղադրանքի՝ Անուշ Իսպիրյանը, 2021թ. մայիսի 18-ից զբաղեցնելով Ստեփանավանի ԲԿ տնօրենի պաշտոնը, օժտված լինելով ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու, պայմանագրել կնքելու, իր իրավասության սահմաններում հրամաններ արձակելու, հրահանգներ տալու, դրանց կատարումը վերահսկելու իրավասություններով, հափշտակել է իր տիրապետմանը փաստացի հանձնված Առողջապահության նախարարության կողմից ԲԿ-ի կարիքների համար փոխանցված առանձնապես խոշոր չափերով 9 մլն դրամը։

Բացի այդ, Անուշ Իսպիրյանը ԲԿ-ի հաշվապահ Նորայր Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, պետական պատվերի շրջանակում բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք չունեցող Ստեփանավանի ԲԿ-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել է մեծահասակի հիվանդության կեղծ պատմագրեր և խաբեությամբ հափշտակել 7 մլն դրամ։

Մեղադրանքի համաձայն՝ ԲԿ-ի հաշվապահ Նորայր Ղուկասյանը, նախնական համաձայնության գալով տնօրեն Անուշ Իսպիրյանի և դեռևս չպարզված աշխատողների հետ, 2023թ. հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր, որոնց կապակցությամբ ԲԿ աշխատողները իրականությանը չհամապատասխանող տվյալներով լրացրել են շտապօգնության կեղծ կանչերի թերթիկներ, այդ կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում համապատասխան գրառումներ, որի արդյունքում Առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով 9 մլն դրամ։

Բացի այդ, Նորայր Ղուկասյանը նախնական համաձայնության գալով տնօրեն Անուշ Իսպիրյանի և վարույթով դեռևս չպարզված բուժաշխատողների հետ, Ստեփանավանի ԲԿ-ի կողմից կատարված աշխատանքների ծավալը Առողջապահության նախարարությանն ուռճացված ներկայացնելու և ըստ ներկայացված ծավալի պետությունից գումարային փոխհատուցում ստանալու նպատակով, պետական պատվերի շրջանակներում բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող ԲԿ-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր՝ չնայած նրան, որ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով ԲԿ չեն դիմել ու բժշկական օգնություն չեն ստացել, այդպիսով խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով 7 մլն դրամ։

Անուշ Իսպիրյանի և Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «բացակայելու արգելքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter