HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ

Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։ Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով։ Այդ դեղամիջոցները աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝

  • «Բոտուլաքս» (Botulax) - 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի,
  • «Ֆորտոքս» (Fortox) - 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի, 
  • «Մեդպորտ» (Medport) - 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։

Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։ 

Օրինակ՝ «Medest» բժշկական կենտրոնն իր էջում նշել է, որ օգտագործում են «Դիսպորտ» պրեպարատը։ 

Մեկ այլ՝ «Դավիդյանց» կլինիկայի էջում տեսնում ենք, որ բոտուլինոթերապիայի համար առաջարկում են «Կանիտոքս» դեղամիջոցը, որը նույնպես Հայաստանում գրանցված չէ։

Կոսմետոլոգիական և բժշկական ծառայություններ մատուցող «ELGA» անվանումով ֆեյսբուքյան էջը ևս առաջարկում է բոտուլինոթերապիա իրականացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնք Հայաստանում գրանցում չունեն՝ «Դիսպորտ», «Բոտոքս», «Քսեոմին», «Ռելատոքս»։

Մենք զանգեցինք նաև էսթետիկ բժշկության մի շարք կենտրոններ՝ ներկայանալով բուժառու, որը ցանկանում է բոտուլինոթերապիա անել։ «Ամանտիս» բժշկական կենտրոնից ասացին, որ իրենք աշխատում են լիցենզավորված նյութերով, սակայն թվարկվածներից միայն մեկ դեղամիջոցն էր, որ գրանցված էր Հայաստանում՝ «Բոտուլաքսը»։ 

«Մեզ մոտ բոլորը պաշտոնական ներկայացված նյութեր են, լիցենզավորված ամբողջը։ Աշխատում ենք տարբեր պրեպարատներով, օրինակ՝ «Բոտուլաքս», «Կանիտոքս», «Նաբոտա»»,- նշեց բժշկական կենտրոնի աշխատակիցը։

«Cosmolab» բժշկական կենտրոնի աշխատակիցն ասաց, որ բոտուլինոթերապիան հիմնականում իրականացնում են «Ռենտոքս» և «Նաբոտա» դեղամիջոցներով, ունեն մի քանի այլ տեսակի դեղամիջոցներ ևս, սակայն հիմնականում աշխատում են դրանցով։ Ինչպես երևում է, այդ դեղամիջոցները ևս Հայաստանում գրանցում չունեն։

«Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակցին երբ խնդրեցի ասել, թե ինչ դեղամիջոցներով են աշխատում, որ ուսումնասիրեմ պրոցեդուրային դիմելուց առաջ, նախ ասաց, որ «Ռենտոքս» նյութով են աշխատում, ապա հավելեց, որ դեղամիջոցի անունը ինձ մոտ նշեմ «Ֆորտոքս»՝ «Ռենտոքսի» փոխարեն։ «Ֆորտոքսը» Հայաստանում գրանցված դեղամիջոց է, իսկ «Ռենտոքսը»՝ ոչ։

«Արգինե Դավթյան» բժշկական կենտրոնից էլ ասացին, որ աշխատում են «Ուանտոքս» (Onetox), «Բոտուլաքս» դեղամիջոցներով։ Դրանցից «Բոտուլաքսը» Հայաստանում գրանցում ունի, իսկ «Ուանտոքսը»՝ ոչ։

Բացի էսթետիկ բժշկական կենտրոններից՝ անհատ բժիշկները ևս իրականացնում են բոտուլինոթերապիա՝ շատ հաճախ օգտագործելով Հայաստանում չգրանցված վերոնշյալ դեղամիջոցները։

Պաշտոնական ներմուծման ծավալն ու շուկայի իրական պատկերը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգով ստացել են «Ֆորտոքս» 100 ՄՄ դեղի ներմուծման հայտեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն ըստ տարիների կարող եք տեսնել ստորև. 

1 (16).jpg (512 KB)

«Բոտուլաքս» 100 ՄՄ դեղի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունն ըստ տարիների՝ ստորև.

2 (12).jpg (459 KB)

Իսկ «Մեդպորտը» Հայաստանում գրանցվել է 2026 թվականի հուլիսին և մինչ օրս դեղի ներմուծման հայտեր չեն ստացվել:

Պլաստիկ վիրաբույժ Սյուզաննա Խաչատրյանի խոսքով՝ 100 ՄՄ սրվակը միջինում օգտագործում են երկու բուժառուի համար։ Սակայն շատ հաճախ կարող են ամբողջ սրվակն օգտագործել կամ կեսից ավելին։ Կարող ենք տեսականորեն հաշվել, թե արդյոք շուկային բավարարում են բոտուլինային տոքսինի այս քանակի ներմուծումները՝ հիմնվելով բժշկի միջինացված գնահատականի վրա։ Քանի որ 2019-2024 թվականների ընթացքում Հայաստանում գրանցված է եղել նաև «Դիսպորտ» դեղը, որի ներմուծման տվյալները չունենք, կարող ենք հաշվարկը կատարել 2025 թվականի ներմուծումների տվյալներով։

2025 թվականի ընթացքում Հայաստանում գրանցված են եղել «Ֆորտոքս» և «Բոտուլաքս» դեղերը։ Դրանց ընդհանուր ներմուծումները 2025-ին կազմում են 924 սրվակ։ Եթե ընդունենք, որ մեկ սրվակը միջինում երկու բուժառուի համար է օգտագործվում, ապա 924 սրվակը տեսականորեն կարող էր բավարարել մոտ 1848 բուժառուի։ Այսինքն՝ 2025 թվականին ամբողջ Հանրապետությունում օրական ընդամենը 5 բուժառուի կարող էր իրականացվել բոտուլինոթերապիա։ Մինչդեռ բժիշկ Սյուզաննա Խաչատրյանը փաստում է, որ ինքը, լինելով վիրաբույժ, շաբաթական  կարող է 5 և ավել պրոցեդուրա իրականացնել, իսկ կոսմետոլոգները, նրա խոսքով, ամեն օր են իրականացնում 5 և ավել բոտուլինոթերապիա։  

Բացի այդ, Սյուզաննա Խաչատրյանի խոսքով, բոտուլինային տոքսինն օգտագործվում է ոչ միայն էսթետիկ բժշկության մեջ, այլև կիրառում են միգրենների բուժման համար, ակնաբուժության, նյարդաբանության, ուրոլոգիայի, մաշկաբանության մեջ և այլն։ Այսինքն՝ ներմուծված ծավալն էլ ոչ ամբողջությամբ է ուղղվում էսթետիկ բժշկությանը։ 

Ստացվում է՝ պետական գրանցում ունեցող դեղերի պաշտոնական ներմուծման ծավալը դժվար է համադրել Հայաստանում բոտուլինային տոքսինի շուկայում շրջանառվող դեղամիջոցների իրական ծավալի հետ։ Հարց է առաջանում, թե էսթետիկ ծառայություններ մատուցող բազմաթիվ կլինիկաներում և մասնագետների մոտ շրջանառվող բոտուլինային տոքսիններն ինչ աղբյուրներից են հայտնվում շուկայում։

Տեսչական մարմինը չգրանցված դեղամիջոցների կիրառման դեպքեր չի արձանագրել

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին հարցրել էինք, թե՝

  • 2023-2026թթ․ էսթետիկ բժշկության ծառայություններ մատուցող քա՞նի բժշկական հաստատության կամ բուժաշխատողի նկատմամբ են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ կամ տրվել հանձնարարականներ՝ դեղերի շրջանառության, պահման կամ կիրառման կանոնների խախտումների համար։ 
  • Դեղամիջոցների պետական գրանցման, ներմուծման օրինականության, պահման պայմանների վերաբերյալ խնդիրներ արձանագրվե՞լ են։
  • Հայտնաբերվե՞լ եւ առգրավվե՞լ են ՀՀ-ում պետական գրանցում չունեցող բոտուլինային տոքսին պարունակող դեղամիջոցներ։ Եթե այո, ապա որ դեղամիջոցներն են եղել և ի՞նչ քանակով են առգրավվել։

Ի պատասխան մեր հարցերի՝ Տեսչական մարմինը հայտնեց, որ 2024 թվականին էսթետիկ բժշկական ծառայություններ մատուցող 2 կազմակերպությունում իրականացված վարչարարության արդյունքում արձանագրվել է ՀՀ-ում չգրանցված և օրենսդրության խախտմամբ ներմուծված՝ Rentox (կլոստրիդիում բոտուլինում տոքսին А տիպի) դեղը, որը ներմուծելու և իրացնելու համար կիրառվել է օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվություն։ Ստացվում է՝ 3 տարվա ընթացքում միայն 2024 թվականին է ՀՀ-ում չգրանցված բոտուլինում տոքսին А տիպի դեղամիջոցի շրջանառության երկու դեպք բացահայտել Տեսչական մարմինը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինը չունի օրենքով, ենթաօրենսդրական իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություն՝ իրականացնելու դեղերի, դեղանյութերի «առգրավում»։ Իրականացվող վերահսկողության շրջանակներում Տեսչական մարմինն արձանագրված և փորձաքննության ներկայացնելու նպատակով վերցրած դեղերը ստուգման կամ վարչական վարույթի ավարտից հետո վերադարձնում է տվյալ տնտեսավարողին՝ միաժամանակ տալով դեղի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացման վերաբերյալ հանձնարարական, կարգադրագիր»,- նշված է պատասխանում։

Տեսչական մարմնին հայտնել էինք նաև, որ լրագրողական ուսումնասիրության ընթացքում արձանագրել ենք, որ որոշ բժշկական հաստատություններ եւ բժիշկներ հրապարակայնորեն առաջարկում են այնպիսի դեղամիջոցների կիրառմամբ ծառայություններ, որոնք ՀՀ-ում պետական գրանցում չունեն, օրինակ՝ «Դիսպորտ», «Քսեոմին», «Ռելատոքս», «Կանիտոքս» եւ այլ անվանումներով դեղամիջոցներ։ Հարցրել էինք՝ արդյոք Տեսչական մարմինը տեղյա՞կ է նման դեպքերից, եւ եթե այո, ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։ Հարցին ի պատասխան Տեսչական մարմինը նշել էր․

«Հայտնում ենք, որ 2023-2026 թվականների ընթացքում Էսթետիկ բժշկական կազմակերպությունների նկատմամբ իրականացված վերահսկողության շրջանակում գրությամբ մատնանշված արտադրատեսակների կիրառման դեպքեր չեն արձանագրվել, նշված արտադրատեսակների վերաբերյալ դիմում-բողոքներ կամ տեղեկատվություն չի ստացվել»։

Արդյոք վտանգավոր է չգրանցված դեղամիջոցը 

Պլաստիկ վիրաբույժ Սյուզաննա Խաչատրյանը կարևորում է բոտուլինային տոքսինների պահման պայմանները և ժամկետները։ «Եթե պրեպարատը գրանցված է, օրինակ, պետական ռեգիստրում, բայց պահման պայմանները պահպանված չեն, դա նույնպես վտանգավոր է»,- ասում է նա։

Նա նախընտրում է գրանցված դեղամիջոցով աշխատել՝ «Բոտուլաքսով», սակայն փաստում է, որ շուկայում տարածված չգրանցված դեղերի մեծ մասը համաշխարհային սերտիֆիկացում ունեն։ «Եթե դրանք ստացվում են հենց արտադրողից ու դիստրիբյուտորները արտադրողի հետ ունեն պայմանագրեր, ես խնդիր չեմ տեսնում»,- ասում է բժիշկը՝ կարևորելով այն հանգամանքը, որ դեղը ճիշտ պահման պայմաններով բերված լինի Հայաստանի Հանրապետություն։

Սյուզաննա Խաչատրյանն ասում է՝ բոտուլինոթերապիա իրականացնող մասնագետները դեղամիջոցները գնելիս հիմնվում են դրանք ներմուծողների նկատմամբ ունեցած վստահության վրա։

Էսթետիկ բժշկության մեջ բոտուլինային տոքսինը հիմնականում կիրառվում է դեմքի որոշակի մկանների ակտիվությունը ժամանակավորապես նվազեցնելու համար, ինչի շնորհիվ հարթեցվում են առաջացած կնճիռները։ «Մենք մկանը ոչ թե քայքայում ենք, վերացնում ենք և այլն, այլ կոնկրետ մկանի ֆունկցիան ժամանակավորապես, դարձելի արգելափակում ենք»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Սյուզաննա Խաչատրյանը։ 

Բժիշկը նշում է, որ բոտուլինային տոքսինների չափից հաճախ իրականացվող ներարկումները կամ մեծ դեղաչափերի կիրառումը կարող են նպաստել իմունոռեզիստենտության՝ բոտուլինային տոքսինի նկատմամբ հակամարմինների ձևավորմանը, ինչպես նաև այլ բարդությունների առաջացման։

Բոտուլինային տոքսինի կիրառումը կարող է ունենալ նաև կողմնակի ազդեցություններ։ Խաչատրյանի խոսքով՝ ներարկումից հետո հնարավոր են տեղային այտուց, կարմրություն, այրոց, ցավ, ինչպես նաև գլխացավ և ճակատի շրջանում ծանրության կամ լարվածության զգացողություն։ Որոշ դեպքերում կարող են առաջանալ աչքերի չորություն, արցունքահոսություն կամ երկտեսություն։

Սխալ կիրառման դեպքում հնարավոր են ավելի լուրջ բարդություններ։ Դրանցից մեկը պտոզն է՝ հոնքի կամ կոպի իջեցումը։ Բժշկի խոսքով՝ այն կարող է առաջանալ սխալ ընտրված տեխնիկայի, սխալ մկանախմբի թիրախավորման կամ դեղամիջոցի դիֆուզիայի՝ նախատեսված մկանից հարակից մկաններ տարածվելու հետևանքով։ Ստորին դեմքի կամ պարանոցի շրջանում սխալ ներարկումները ևս կարող են հանգեցնել դեմքի ասիմետրիայի, շուրթերի դիրքի փոփոխության, իսկ պարանոցի դեպքում՝ նույնիսկ կուլ տալու դժվարության։

Խաչատրյանի խոսքով՝ բոտուլինային տոքսինի կիրառման դեպքում հնարավոր բարդությունները բացառել հնարավոր չէ, սակայն ճիշտ մասնագետի կողմից, ճիշտ դեղաչափով, որակյալ դեղորայքով և ճիշտ տեխնիկայով իրականացումը նվազեցնում է դրանց հավանականությունը։ Նա խորհուրդ է տալիս բուժառուներին նախապես տեղեկանալ, թե ով է իրականացնելու միջամտությունը, ինչ դեղամիջոց է օգտագործվելու և պահանջել դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։

Հայաստանում դեղերը գրանցելը բարդ գործընթաց է

Դեղերի գրանցման գործընթացը երկարատև և ծախսատար է, ինչը, ըստ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի, կարող է նպաստել չգրանցված դեղերի շրջանառությանը։ Նրա խոսքով՝ դեղերի գրանցումը մեր երկրում տևում է 6-8 ամիս։ «Դեղի գրանցումը երկար ու բարդ գործընթաց է։ Գրանցման վճարը, եթե չեմ սխալվում, սովորական դեղի համար մոտավորապես 1.3 մլն դրամ է՝ գումարած պետական տուրքը։ Գործընթացը կարող է տևել ամիսներ՝ 6, 7, 8 ամիս, և դա էլ այն դեպքում, երբ ամբողջ փաստաթղթերը շատ լավ վիճակում են»,- նշում է նա։

Նրա խոսքով՝ բոտուլինային տոքսին պարունակող դեղամիջոցների գրանցումն ավելի բարդ է, քանի որ շատ երկրներում դրանք համարվում են կոսմետիկ միջոցներ, իսկ քանի որ մեր երկրում դա համարվում է դեղամիջոց, գրանցման համար լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվում։ «Արտադրողը պետք է ունենա դեղերի արտադրության ստանդարտներ։ Հայաստանն էլ արդեն մի քանի տարի է, որ ԵԱՏՄ կանոնակարգով է գրանցում, ինչը շատ բարդ գործընթաց է»,- ասում է Խաչատրյանը։ Նրա տեղեկություններով՝ Հայաստանում գրանցված բոտուլինային տոքսին պարունակող դեղամիջոցների գրանցումը տևել է 1 տարուց ավելի։

Արթուր Խաչատրյանը արդարացված չի համարում նաև դեղամիջոցների գրանցման համար սահմանված վճարների չափը։ «Ռուսաստանում ու Հայաստանում դեղերի գրանցման գինը նույնը չի կարող լինել, բայց երբ հարցնում ենք, ասում են` դե, մենք առաջնորդվում ենք ԵԱՏՄ կանոնակարգերով, գնային սպեկտրով, բայց երբ ասում ես` բա ինչի՞ ԵԱՏՄ-ում գրանցված դեղերը չենք ընդունում, ասում են՝ դա առանձին գործընթաց է»,- ասում է Խաչատրյանը։

Դեղի գրանցումից հետո խնդիր կարող է առաջանալ նաև արտադրանքի փաթեթավորման փոփոխության դեպքում։ Խաչատրյանի խոսքով՝ գրանցման ժամանակ հաստատվում է նաև դեղի փաթեթավորումը, և եթե արտադրողը հետագայում փոխում է այն, նախկին գրանցմամբ տվյալ դեղը Հայաստան ներմուծել հնարավոր չի լինում։

«Եթե արտադրողն արդեն իսկ այդ տուփով չի արտադրում, Հայաստանի փոքր շուկայի համար նա չի փոխի ամբողջ արտադրական հոսքագիծը՝ նույն փաթեթավորմամբ մեզ համար արտադրելու նպատակով։ Այդ պատճառով ներմուծողը չի կարող ներմուծել դեղը, քանի որ դա արգելվում է»,- ասում է նա։

Խաչատրյանը նշում է, որ շուկայում կան նաև կեղծ ապրանքատեսակներ, նույնիսկ գրանցված դեղերի կեղծ տարբերակներ։ Նրա խոսքով՝ չգրանցված և կեղծ դեղերը շուկայում շատ ավելի մատչելի են, քան գրանցում ունեցողները, այդ պատճառով էլ այդքան լայն տարածում ունեն։ Նա ասում է, որ 2023 թվականին շուկայում իրենց Ասոցացիան հայտնաբերել էր «Կանիտոքս» բոտուլինային տոքսինը, որի արտադրության վերաբերյալ որևէ հավաստի տվյալներ չէին կարողացել գտնել, դիմել էին Առողջապահության նախարարությանը, այլ պատկան մարմինների, սակայն իրենց բարձրացրած հարցն անհետևանք էր մնացել, իսկ այդ դեղամիջոցը շարունակում է վաճառվել շուկայում։

Խաչատրյանի կարծիքով՝ դեղերի գրանցման այսպիսի բարդ գործընթացը, հատկապես փոքր շուկա ունեցող Հայաստանի դեպքում, կարող է նպաստել ստվերային շուկայի ձևավորմանը։

Հայաստանում դեղերի գրանցման ժամկետը 5 տարով է։ Այժմ Հայաստանում գրանցված երեք տիպի բոտուլինային տոքսիններից մեկի՝ «Բոտուլաքսի» գրանցման ժամկետն ավարտվում է այս տարվա նոյեմբերի 23-ին։ Արթուր Խաչատրյանն ասում է՝ գրանցման ժամկետի ավարտից հետո դեղամիջոցը ներմուծողը պարտավոր է նույն գործընթացներով անցնել՝ թե՛ փաստաթղթային, թե՛ վճարային, որ կարողանա դեղի գրանցման ժամկետը երկարացնել։ Օրինակ՝ «Դիսպորտը», որն այժմ շուկայում շրջանառվում է և համարվում է չգրանցված դեղ, մինչև 2024 թվականը գրանցված է եղել, սակայն գրանցումը չի երկարացրել ներմուծողը։

Իսկ թե ինչպես են հայաստանյան շուկայում հայտնվում գրանցում չունեցող բոտուլինային տոքսին պարունակող դեղամիջոցները, Արթուր Խաչատրյանն ասում է՝ դրանք Հայաստան են ներմուծվում ոչ թե որպես դեղամիջոց, այլ որպես կոսմետիկ միջոց։ Ըստ նրա՝ մաքսային գործընթացի ժամանակ ներմուծողն է հայտարարագրում իր ապրանքը, ասում է՝ դա դե՞ղ է, թե՞ կոսմետիկ միջոց է։ 

«Որպես դեղամիջոց ներմուծելու համար այն պետք է գրանցում ունենա։ Իսկ կոսմետիկ միջոցի դեպքում գրանցում պետք չէ։ Եթե այլ երկրում տվյալ ապրանքատեսականին կոսմետիկ միջոց է համարվում, դրա համապատասխան վկայականներով բերում են և շրջանառության մեջ դնում»,- ասում է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքում պետության վերահսկողության մեխանիզմներն ավելի սահմանափակ են, այդ թվում՝ դեղերի պահպանման պայմանների նկատմամբ վերահսկողությունը։ 

«Եթե գրանցված դեղ է, գոնե դրա պաշտոնական ներմուծողը պետք է ունենա համապատասխան լիցենզիա, և նվազագույն պայմանները պետք է ապահովվեն՝ ապրանքը գա, պահվի համապատասխան պայմաններում։ Իսկ չգրանցված ապրանքատեսականին, որը բերվում է որպես կոսմետիկ միջոց, մնում է ներմուծողի խղճի վրա՝ նա այն սառնարանում է պահում, թե ոչ»,- ասում է նա։

Խաչատրյանի խոսքով՝ խնդիրը կարող է առավել լուրջ լինել, երբ նման ապրանքները ներմուծվում են ոչ պաշտոնական ճանապարհներով կամ տեղափոխվում են երկար ճանապարհ՝ առանց պահման անհրաժեշտ ջերմաստիճանի։ Նա չի բացառում, որ շատ անհատներ տոպրակների մեջ լցնում և բերում են իրենց հետ այդ դեղամիջոցները՝ կոսմետիկ միջոցի անվան տակ։ Մի քանի տարի առաջ իր արած հետազոտություններով՝ բոտուլինային տոքսին պարունակող շատ դեղամիջոցներ Հայաստան են բերվել Իրանից։

«Եթե ապրանքը մի քանի օր ճանապարհ է գալիս, օրինակ՝ մեքենայով, 2-8 աստիճան պահպանման պայման պահանջող ապրանքի դեպքում միանշանակ չի կարող երաշխավորվել այդ ռեժիմի պահպանումը»,- ասում է նա։

Արդյունքում, ըստ Խաչատրյանի, սպառողը, դիմելով բոտուլինոթերապիայի, չի կարող վստահ լինել, որ իրեն ներարկվող նյութը պաշտոնապես ներմուծված է, պահվել է անհրաժեշտ պայմաններում և անցել է համապատասխան վերահսկողություն։

«Այն ժամանակվա մեր ուսումնասիրությամբ շուկայի մոտ 80 տոկոսը սև շուկա էր։ Դա 2023-2024 թվականների տվյալներով էր։ Չեմ կարծում, որ հիմա նվազած լինի, ընդհակառակը՝ կարող է ավելացած լինել»,- ասում է Խաչատրյանը։

Նա նշում է, որ Հայաստանում գրանցված դեղերի քանակը վերջին տարիներին աճել է, սակայն շարունակում է զգալիորեն զիջել այլ երկրների ցուցանիշներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայումս գրանցված է մոտ 3800 դեղամիջոց, մինչդեռ անհրաժեշտ դեղերի քանակը մոտ 8000 է։ Ըստ Խաչատրյանի՝ գրանցված դեղերի ցանկը եթե դիտարկենք ոչ թե առանձին ապրանքային անվանումներով, այլ ըստ ազդող նյութերի, դրանց թիվը մոտ 1600 է։ Համեմատության համար նա նշում է, որ Վրաստանում գրանցված է մոտ 12 հազար, ԵԱՏՄ-ում՝ շուրջ 16 հազար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 18 հազար դեղամիջոց։ Արթուր Խաչատրյանը պնդում է՝ պետք է արագացնել և ավելի մատչելի դարձնել դեղերի գրանցման գործընթացը Հայաստանում։

Մինչ պետությունը հապաղում է դեղերի գրանցման գործընթացը կարգավորել և վերահսկողություն իրականացնել բոտուլինային տոքսինների շուկայում, Հայաստանում շարունակում են ակտիվ շրջանառվել չգրանցված դեղերը, որոնց ներմուծման, պահման պայմանների մասին տեղեկություն չկա։ Իսկ միջամտությանը դիմող բուժառուները չեն կարող միանշանակ վստահ լինել, որ կլինիկաներում և անհատ մասնագետների կողմից օգտագործվող դեղամիջոցներն անվնաս են և անվտանգ։

Ինֆոգրաֆիկաները և գլխավոր լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter