HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Գոհ եմ ինձնից՝ Արմենից, զի պոետ եմ ու արքա. «Իմ Շեկոյանը» գրքի շնորհանդեսը

գոհ եմ ինձնից՝ Արմենից, 

զի պոետ եմ ու արքա

և իմ կյանքն է ամենից

շքեղաշուքն ու առկան։

Արմեն Շեկոյան / 1994թ.

Ով երբևէ ստեղծագործել է, զգում է պոետի տիրական ոգով գրած այս տողերը։ «Արվեստագետը քուրմ է, մոգ, արքա»,- ասում էր գրող էզոթերիկ Սար Պելադանը, իսկ միակ իսկական կայսրությունը համարում էր գեղեցկության, արվեստի տիրապետությունը։ Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Հայաստանի պատմության թանգարանում Արմեն Շեկոյանի «կայսրությունն էր» չափվում. Գրքի երևանյան միջազգային իններորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Իմ Շեկոյանը» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։

Գիրքը կազմել է բանաստեղծի դուստրը՝ Սեդա Շեկոյանը, ձևավորումը Մկրտիչ Մաթևոսյանինն է։ Շնորհանդեսի բանախոսներն էին՝ արվեստաբան Սեդա Շեկոյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, պատմաբան Գոռ Մադոյանը և գրող Նորայր Սարգսյանը։ 

«Իմ Շեկոյանը» Ակտուալ արվեստ հրատարակչության «Իմ» մատենաշարի յոթերորդ գիրքն է։ Շարքն ունի դիզայներական ու բովանդակային առանձնահատկություններ և հարմար է պոեզիա կարդալու համար։ Շապիկի «Իմ» շրջանակված տարբերանշանն էլ կարծես խորհրդանշական իմաստով սեփականացնում է հեղինակին և նրա պոեզիան՝ կազմողի, հրատարակչի և ընթերցողի համար։

«Իմ Շեկոյանը» ժողովածուում ներառված բանաստեղծությունները Շեկոյանի՝ տարբեր տարիներին հրատարակված գրքերից են։ Արմեն Շեկոյանը մահացել է 2021թ.-ին՝ 68 տարեկանում։ Գրքում գրական չորս տասնամյակ կազմող այդ ժամանակը և՛ սովորական, անձնական, կենցաղային ժամանակն է, և՛ պատմական շրջադարձերի ու Հայաստանի համար բախտորոշ մեծ ժամանակը։

«Ո՞ւր է առավելապես ձգտում ժամանակի և տարածության մեջ թափառող հոգին՝ անձնական սիրո և ներդաշնակությա՞ն, թե՞ ընդհանուրի և բոլորի մեջ ինքնամոռաց տարրալուծվելու անանձնականության, թող կռահի ընթերցողը»,-գրել է գրքի առաջաբանում Սեդա Շեկոյանը։

Բանախոսներից Նորայր Սարգսյանի բնորոշմամբ, գրքում ներառված տարբեր շրջանի գործերը կարելի է բաժանել ընդհանուր երեք թեմաների՝ քաղաքային, սիրային և հայրենասիրական։ Այդ երեքի միասնության օրինակ է Շեկոյանին բնորոշ հեգնական ոճով գրված այս բանաստեղծությունը՝ 

Լինեի դիլլեր Վեգասում հեռու

գայիր-անցնեիր ռուլետկիս մոտով,

նայեինք իրար անզուսպ կարոտով

ու հասկանայինք մեկից իրարու:

Նայեինք իրար անզուսպ կարոտով՝

ապավինած մեր սրտերի երգին:

Ասեիր. «Արի էթանք մեր երկիր»:

Ասեի. «Շատ լավ, բայց՝ գործից հետո»:

«Հեգնանքով կյանքին նայելու այդ մոտեցումը, անաղարտ մնալու ձգտումը իր համար ինքնապաշտպանության ձև չէր, Արմենը պաշտպանության կարիք չուներ։ Այն ուղղակի իր ապրելակերպն էր»,- մեկնաբանեց Շեկոյանի ժամանակակից Տիգրան Պասկևիչյանը։ Նա պատմեց, թե ինչպես էր Շեկոյանը սիրում կարդալ իր բանաստեղծությունները, դրանք հնչեցնելու մեջ մեծ իմաստ էր տեսնում։ Հիշեց, թե ինչպես էր միջոցառումներին, երբ հանդիպում էին, ասում էր՝ «Գնանք մեր ոտանավորները կարդանք»։ Պասկևիչյանը կարդաց գրքից առանձնացրած, իր կարծիքով Շեկոյանին ամենաբնորոշ քառատողերից մեկը։

Այս մուրացկանի ձեռքերն են դողում,

հայացքն է պաղած. ինքն իր դերում է:

Ե՛ս կարող էի լինել իր տեղում,

բայց... առայժմ իմ բախտը բերում է:

Պատմաբան Գոռ Մադոյանի խոսքերով, Շեկոյանի գրականությունը ոչ միայն քաղաքային, այլև համապետական է. անկախության շրջանի գրականություն է, հետանկախական շրջանի գրականություն է, որտեղ արտացոլվում է նույնիսկ լուսանցքում մնացած «փոքր» մարդկանց կյանքը: Նա որպես օրինակ ընթերցեց այս մեկը՝

Մեր երազն է հին, փտած 

Մեր քաղաքն է քուն մտած

համատարած մութի մեջ։ 

և Աստծո գութի մեջ 

Իսկ կանգառում մոտակա 

մի թառամած պուտանկա 

միտք է անում տխրադեմ․ 

ի՞նչ է ուզում՝ չգիտեմ։

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը անցկացվում է սեպտեմբերի 4–6-ը։ Ծրագրում ներառված են գրքերի շնորհանդեսներից ու հանդիպումներից մինչև քննարկումներ, վարպետության դասեր և պոեզիայի ընթերցումներ։ Գրքի տոնավաճառում՝ Հանրապետության հրապարակում, հրատարակիչները գրքերը վաճառելու են 20–40% զեղչով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter