HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. ինֆինիտիվային պոեզիա

Խորհրհրդային, իսկ 1983 թվականից ի վեր՝ ամերիկացի բանասեր, գրականագետ Ալեքսանդր Ժոլկովսկին 2000-ականներին մի շարք հոդվածներ հրապարակեց արդի դարաշրջանի ռուս բանաստեղծների կողմից (Ա. Բլոկ, Բ. Պաստեռնակ, Ի. Բրոդսկի եւ ուրիշներ) անորոշ դերբայի (ինֆինիտիվի) կիրառության եղանակների մասին:

Ժոլկովսկին ներմուծում է «ինֆինիտիվային գրություն» (նաեւ «ինֆինիտիվային պոեզիա») հասկացությունը, առանձնացնում եւ սահմանում դրա տարբեր տեսակները: Հասկանալի է՝ անորոշ դերբայի յուրաքանչյուր կիրառություն չէ, որ դառնում ինֆինիտիվային գրություն: Անորոշ դերբայական ձեւը կարող է հանդիպել բանաստեղծության մեկ կամ մի քանի տողում, բայց կարող է եւ տիրապետող ձեւ լինել ամբողջ բանաստեղծության մեջ:  

Ըստ նրա՝ այս ձեւն առավելապես օգտագործվում է դեպի ուրիշ կյանք կամ դեպի մահ ձգտումն արտահայտելու համար: Այն բնորոշ է մեդիտացիայի, խորհրդածության վիճակներին եւ լավագույն միջոց է այլակեցության, այլ կյանքի մասին պատմելու համար, որտեղ այլը կարող է եւ անվանվել, եւ միայն ակնարկվել:  

Ժոլկովսկին կարծում է, որ անորոշ դերբայի այսպիսի օգտագործումն առավել բնորոշ է ֆրանսիական պոեզիային: Իսկապես, այս ձեւի բազմաթիվ նմուշներ կարելի է գտնել, օրինակ, Պոլ Վեռլենի բանաստեղծություններում, բայց, անշուշտ, դրա ամենահայտնի օրինակը Համլետի մենախոսությունն է՝ «Լինել թե չլինել»: Իհարկե, ընթերցողը կարող է անմիջապես հիշել Նարեկացու նշանավոր տողերը. «Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել, սակայն չծնել, /Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, / Ամպել՝ չանձրեւել, գնալ՝ չհասնել…» (թարգ. Վ. Գեւորգյանի):

Անորոշ դերբայական ձեւը, որը հատկապես բնորոշ է մոդեռնիստական գրականությանը, թույլ է տալիս հեռավորություն ստեղծել հեղինակի եւ բանաստեղծության, պատմողի եւ գրության միջեւ, ներկայացնել օտարումը Ես-ից եւ մղումը դեպի ուրիշը, դեպի այլ աշխարհ: Ժոլկովսկու եզրակացությունն այն է, որ կա հստակ համապատասխանություն ձեւի եւ բովանդակության միջեւ: Քերականական ինվարիանտը (անփոփոխը) անորոշ դերբայն է, իսկ իմաստային ինվարիանտը՝ մեդիտացիան, խորհրդածությունը այլ կյանքի, կեցության այլ եղանակի մասին:

Այս մոտեցումը կարող է հետաքրքրական դիտանկյուն տրամադրել ամեն մի գրականության ուսումնասիրության համար, ի հայտ բերել գրական գործերի անսպասելի առնչություններ ու ամբողջական շերտեր: Բայց իրկանությունից խուսափումը, հանրության հետ անհաշտությունը, Ես-ի ներհակությունը մատնող «հոռետեսական», «անկումային» բանաստեղծությունը, որն առավել մեծ չափով հակված է դեպի անորոշ դերբայական գրություն, թվում է, այնքան էլ բնորոշ չէ հայ  գրականությանը:  Այդուհանդերձ, 20-րդ դարի սկզբի հայ գրականության մեջ գտնում ենք անորոշ դերբայական ձեւի օգտագործման երկու փայլուն օրինակ՝ գրված գրեթե միաժամանակ եւ տպագրված Պոլսում եւ Թիֆլիսում:

Խոսքը Միսաք Մեծարենցի «Իրիկվան իղձ» («Նոր տաղեր», 1907թ.) եւ Վահան Տերյանի «Մոռանալ, մոռանալ ամեն ինչ» ( «Մթնշաղի անուրջներ»,‎1908թ.) բանաստեղծությունների մասին է: Հասկանալի է, թե ինչու հենց Տերյանը եւ Մեծարենցը կարող էին դիմել այս ձեւի օգնությանը՝ հաշվի առնելով թե նրանց խառնվածքը, թե ֆրանսիական գրականության իմացությունը:

Ահա Տերյանի բանաստեղծությունը.

Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, / Ամենին մոռանալ. /Չըսիրել, չըխորհել, չափսոսալ - / Հեռանալ… / Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, / Գիշերում այս անշող / Արդյոք կա՞ իրիկվա մոռացման, / Մոռացման ոսկե շող… / Մի վայրկյան ամենից հեռանալ, / Ամենին մոռանալ.- / Խավարում, ցավերում քարանալ / Մեն-միայն… /Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, / Ամենին մոռանալ… / Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,/ Հեռանալ…

Այն հայտնի է շատերին: Ցավոք, նույնը չի կարելի ասել Մեծարենցի գլուխգործոցի մասին:  Առհասարակ, բացի դասագրքային մի քանի բանաստեղծությունից, նրա ստեղծագործությունը հիմնականում անհայտ է հայաստանցի ընթերցողին, որ, վստահ եմ, մեծ չափով նաեւ լեզվական եւ մշակութային տարբերությունների արդյունք է:  Տարբերություններ, որ անհնար է հաղթահարել ոչ մի միասնական ուղղագրությամբ:

Միայն մի քանի դիտարկում: Տերյանի բանաստեղծության հիմնական մոտիվը հեռանալու-մոռանալու տենչանքն է, եթե ոչ՝ ինչ-որ տեղ հեռանալու, ապա գոնե մոռացման վայրկյանն ապրելու: «Այս»-ը (Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ / Գիշերում այս անշող») ոչ միայն մատնանշում է անտանելի իրադրությունը, այլեւ, խախտելով հեղինակի եւ բանաստեղծության միջեւ՝ ինֆինիտիվային գրությանը բնորոշ հեռավորությունը, հուշում հեղինակի ներկայությունը:

Մեծարենցի բանաստեղծության թեման ոչ թե հեռանալը, այլ անհետանալն է. «Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ / Եւ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. / Խորխի մը պես թողուլ ձանձրույթն ու հափրանքն ալ, / Եւ անդորրով պատմուճանել հիվանդ հոգին»: Նկարագրվում են անհետանալու, փոխակերպվելու ձեւեր. «կածանի քմայքը», այն ձեւը, որով նոր մաշկ ձեռք բերող օձը թողնում է հին մաշկը՝ խորխը:  

Ձաձրույթը ըստ էության սովորական քաղաքային փորձառություն է, բայց դեպի իրիկվա խորքը տանող ուղիների որոնումը, թվում է, արտացոլված է բանաստեղծի մանկական հուշերի գյուղական բնապատկերների վրա: Այս բանաստեղծության ավելի մանրամասն վերլուծությունը կարելի է գտնել կից ներկայացվող՝ Մեծարենցին նվիրված իմ հոդվածում

Մեկնաբանություններ (2)

Գրիգոր
Ինծի կը թուի թէ պէտք է զանազանել դերբայացման երկու տեսակ. բացարձակ դերբացայցումը, որուն օրինակները յօդուածագիրը նշած է, Վերլէնի մօտ, Մեծարենցի, Ռ. Սեւակի, Տէերանի, բայց նաեւ շատ մը սիմպոլիսնետու մօտ։ Կայ նաեւ ածանցեալ դերբացայացումը ինչպէս են Համլէտի կամ Նարեկացիի տողերը։ Քանզի ասոնք նախադասութեան մէջ դեր ունին. Համլետ կ՚ըսէ. “լինել թէ չլինել՝ ահա հարցը” -եւ ոչ լինել թէ չլինել-, Նարեկացիի մօտ “Թող չպատահի ինձ երկնել եւ ոչ ծնիլ...”։ Բացարձակ դերբացացման պարագաներուն նախադասութիւնը չի կապուիր մէկ ուրիշին, անիկա կայ ինքն իրեն, նախադասութիւնը ինքն է, մինչդեռ ածանցեալին՝ յաճախ անորոշ դերբայները քերականական որոշ պաշտօններ ունին նախադասութեան մէջ։ Ըստ իս այդ երկրորդ պարագան՝ դերբայացման աւանդական ձեւն է եւ ինքնին մասամբ միայն բնորոշ է։ Լեզուական այս ձեւերու առատութիւնը “անորոշացման” ձգտումի մը արդիւնք է որուն ականտես կ՚ըլլանք խորհրդապաշտութեան մէջ։
Հրաչ
Ժոլկովսկին գրում է. “Ինֆինիտիվային գրություն ասելով ես կհասկանամ այնպիսի տեքստեր որոնք պարունակում են բավականաչափ ավտոնոմ ինֆինիիվներ”: Նա օգտագործում է հենց “բացարձակ ինֆինիտիվային կազմավորում” արտահայտությունը, բայց դրա հետ միասին ինֆինիտիվային գրությանն շրջանակի մեջ է առնում տարբեր տեսակի սահմանային դեպքեր, որոնցում բացարձակության պակասը փոխհատուցվում է այլ միջոցներով: Մասնավորապես՝ քննելով ռուս գրականության մեջ ինֆինիտիվային գրության զարգացման գործուն Համլետի մենախոսության ազդեցության հարցը, նա գրում է. “Խիստ իմաստով չվերաբերելով ինֆինիտիվային գրությանը (ինֆինիտիվները բացարձակ չեն, ինֆինիտիվային շարքերը կարճ են եւ խզվող)՝ Համլետի մենախոսությունը հարում է նրան եւ ձեւականորոն եւ իմաստով (մեդիտատիվությունը, անցումը դեպի այլը, կյանք/մահ/քուն)” եւ այլն: Ժոլկովսկու բազմաթիվ հոդվածներ մատչելի են ինտերնետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter