HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն է

Հայաստանի շախմատի հավաքականը օլիմպիադայի եռակի չեմպիոն է: Երեկ Ստամբուլում ի պատիվ մեր տղաների՝ բարձրացվեց հայոց եռագույնը եւ հնչեց Հայաստանի օրհներգը: Լեւոն Արոնյան-Սերգեյ Մովսեսյան-Վլադիմիր Հակոբյան-Գաբրիել Սարգսյան-Տիգրան Լ. Պետրոսյան հնգյակը մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ կանգնեց հաղթողի հարթակին: 

Շախմատային 40-րդ օլիմպիադայում մեր հավաքականը տարավ թիմային 9 հաղթանակ, խաղաց 1 ոչ-ոքի եւ 1 պարտություն կրեց: Լավագույնը մեր թիմում Վլադիմիր Հակոբյանն էր, ով խաղաց 10 պարտիա եւ այդպես էլ ոչ մի պարտություն չկրեց՝ 5-ական հաղթանակ եւ ոչ-ոքի ու վաստակած 7,5 միավոր: Թիմի առաջատար Լեւոն Արոնյանն ու անփոփոխ հանդես եկած Գաբրիել Սարգսյանը 7-ական միավոր վաստակեցին: Թիմի երկրորդ համարը՝ Սերգեյ Մովսեսյանը, չնայած ընդամենը 5 միավոր վաստակեց եւ 10 պարտիաներից 2-ում պարտվեց, սակայն տարավ 2 հաղթանակ, որոնք անչափ կարեւոր էին թիմի համար: Նրա առաջին հաղթանակը փրկեց մեր թիմին ռուսների հետ խաղում պարտությունից, իսկ երկրորդը վերջին՝ հունգարացիների հետ խաղում մեր թիմին ոսկի բերեց: Պահեստային Տիգրան Պետրոսյանը խաղաց 3 պարտիա, որոնցում 2 հաղթանակ տարավ ու 1 ոչ-ոքի խաղաց:

Հայաստանն իր վարկանիշով 3-րդն էր օլիմպիադայում՝ զիջելով ռուսներին ու ուկրաինացիներին, սակայն նրանց թողեց 2-րդ եւ 3-րդ տեղերում, իսկ 4-րդը դարձան չինացիները, որոնք վերջին տուրից առաջ առաջատարն էին:

Այսպիսով՝ Հայաստանը եռակի օլիմպիական չեմպիոն է: Հիշեցնենք՝ 2006-ին իտալական Թուրինում, իսկ 2008-ին գերմանական Դրեզդենում մեր թիմը կրկին առաջինն էր: Բացի այդ՝ 1992, 2002 եւ 2004 թթ. մեր հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ:   

Հատկանշական է, որ 1927-ից ցայսօր անցկացվող խաղերում ամենասկզբում առաջատար են եղել հունգարները, ապա՝ ամերիկացիները, 1952-ից հեգեմոն դիրքում են եղել ԽՍՀՄ շախմատիստները, ԽՍՀՄ անկումից հետո՝ 1992-ից, 6 անգամ չեմպիոն են դարձել ռուսները, երկու անգամ ուկրաինացիները՝ երեք անգամ Հայաստանը: Սա ինքնին խոսուն փաստ է: 

Դե իսկ աղջիկների պայքարում չեմպիոն դարձան ռուսները, երկրորդը չինացիներն էին, երրորդը՝ ուկրաինացիները: Մեր թիմը (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան, մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան) կանանց մեջ իր վարկանիշով 8-րդն էր, սակայն գրավեց 6-րդ տեղը, ինչը պետք է նույնպես հաջողություն համարել: 

Հաջորդ օլիմպիադան կկայանա նորվեգական Տրոմսյո քաղաքում՝ 2014-ին:  

Լուս.՝ www.chessolympiadistanbul.com

Մեկնաբանություններ (3)

Մլեհ
Իսկակա՛ն հերոսներ: Սրտանց կը շնորհաւորեմ տղաներուն մեծ յաղթանակի առիթով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ես ոչ մի հերոսություն էլ չեմ տեսնում: Նախորդ տարիներին պարտվեցին,այս տարի էլ վերջին պահին հաղթեցին: Սրա մեջ ոչ մի հերոսական բան էլ չկա: Երկրի տղամարդկանց ՄԻ ԶԳԱԼԻ մասը դրսում օրը 16 ժամ ծանր ֆիզիկական աշխատանք է անում,որ 1-2 կոպեկ ուղարկի հետ,որ ընտանիքը սովից չմեռնի: Իսկ Հայաստանում մեծից փոքր այսպես կոչված «շախմատ են խաղում»»: Առողջ-մուսկուլավոր տղամարդիկ ժամերով աչքները չռած են մի տախտակի վրայի մի քանի փեդերի,բայց կոլխոզում ու զավոդում տղամարդու շունչ չկա: Ինչ «քաղաքակիրթ» ու «հեռատես» շախմատ խաղացող ազգ՝ կացինը ձեռքներին հարևանների արանքում:
Մլեհ
Կը կրկնեմ, Երկրին մէջ տիրող համատարած բարոյալքման պայմաններուն տակ նման պատուաբեր յաջողութիւն արձանագրելը համազօր է հերոսութեան: Այլ խնդիր է, որ այս հերոսները չպէտք է թոյլ տան որպէսզի Երկիրը անդունդի եզրին հասցուցած Սերժն ու իր սերժանտները օգտագործեն այդ թիմային սխրանքը իրենց գցուց հաշիւներուն մէջ: Մնացած մասով ես համաձայն եմ ձեզ հետ՝ Վարազ Սյունի (Ամստերդամ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter