HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

2026 թվականի երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում շարունակել է գտնվել ԿԲ սահմանած թիրախային 3%-ից բարձր մակարդակում։ Մասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։

Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ ԿԲ-ից հայտնում են, որ խորհուրդն այսօր որոշում է կայացրել այն բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը ԿԲ-ն զուգահեռ անվանում է նաև քաղաքականության տոկոսադրույք։

Կենտրոնական բանկը գնաճի թիրախ է սահմանում, որն, ըստ կառույցի մասնագետների, նպաստում է գների կայունությանը, տնտեսական աճին, սպասումների կառավարմանը և այլն։ Սահմանված է 3%-ը՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով (2-4%): Դրանից ցածր կամ բարձր գնաճը ԿԲ-ի համար ահազանգ է։

Գնաճը նշված միջակայքում պահելու համար ԿԲ-ն «գործի է դնում» վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, բանկերն էլ որոշ ժամանակ անց բարձրացնում են մարդկանց տրամադրվող վարկերի տոկոսները. փողը թանկանում է, մարդիկ ու բիզնեսները քիչ վարկ են վերցնում, ծախսերը նվազում են, տնտեսական ակտիվությունը դանդաղում է, ինչի արդյունքում գնաճը նվազում է: Սա տեսականորեն, գործնականում՝ այս շղթան երբեմն այսքան արագ չի գործում։

ԿԲ-ի՝ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու այսօրվա որոշումը միտված է գնաճի տեմպերը զսպելուն։

«Տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց շրջանակի որոշակի ընդլայնման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում հարկաբյուջետային կայունության շուրջ աճող մտահոգությունների, Եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսության կառուցվածքային խնդիրների խորացման, Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում էներգակիրների թանկացման և այլ գործոնների մասին է։

Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ԿԲ-ն արձանագրում է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում արագացել է (6.7%)։ Աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտները։ Դեպի Հայաստան այցելությունների զգալի աճը, ըստ ԿԲ-ի, էական ռիսկեր է ձևավորել շուկայում, ինչը կարող է հանգեցնել նշված ծառայությունների և շինարարության ոլորտներում աշխատավարձերի աճին, զուգահեռ՝ արագացնել գնաճը։

«Մյուս կողմից՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են»,- նշված է տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ ԿԲ այսօրվա հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը փոփոխել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ 6.75%-ից իջեցնելով 6.5%-ի։

Վերջին հինգ տարիներին վերաֆինանսավորման տոկոսադրույքն ամենաբարձրը եղել է 2022 թվականին՝ հասնելով 10.25%-ի։ Հետո, երբ գնաճը սկսեց աստիճանաբար թուլանալ, ԿԲ-ն մի քանի փուլով իջեցրեց տոկոսադրույքը։ 

 Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter