HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանումն ու գյուղատնտեսությունը ձեռք ձեռքի տված անկում են ապրում

Կառավարության նիստերի, լրագրողների հետ ճեպազրույցներում  տնտեսական բլոկի պատասխանատուները՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նրա տեղակալները պարբերաբար հայտնում են, որ Հայաստանից արտահանվում են հազարավոր տոննաներով պտուղ և բանջարեղեն, խոսում են նոր շուկաներ «գրավելու» մասին։ Այս թվերը, սակայն, ոչինչ չեն ասում, քանի դեռ չեն համեմատվել նախորդ տարվա արտահանումների հետ։

Թե առաջիկայում ինչ կհաջողվի անել կառավարությանն ու  ռուսական սահմանափակումների հետևանքով փակուղում հայտնված արտահանողներին, դեռևս պարզ չէ։ Մինչ այդ արտահանումն ու գյուղատնտեսությունը անկում են ապրում։ Ընդ որում՝ գյուղատնտեսության անկումը միայն սահմանափակումների վրա «բարդելը» սխալ կլինի։

Օգոստոսի 27-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տնտեսական «լավ» ցուցանիշների, տարվա առաջին կիսամյակում գրանցված 6% տնտեսական աճի մասին։ «Լավ» թվերի կողքին, սակայն, նույնքան լավ չի քննարկվում գյուղատնտեսության երկնիշ անկումը երկրորդ եռամսյակում։ 

15.7% անկում՝ հուլիսին. արտահանման անկումը շարունակվում է

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին (2026 թ. հունվար-հուլիս) Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլրդ ԱՄՆ դոլար, որից 4 մլրդ դոլարը արտահանումն է, իսկ մնացած 7.5 մլրդ դոլարը՝ ներմուծումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը կրճատվել է 7.9%-ով, իսկ ներմուծումն աճել է 7.7%-ով։

Հայկական ծագման ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները «լիարժեք փուլ» մտան մայիսից, բայց արտահանումը մինչ այդ էլ նվազում էր։

2025 թվականին Հայաստանից արտահանումը նվազել է 36.7%-ով՝ պայմանավորված հիմնականում ոսկու, ինչպես նաև այլ վերաարտահանվող ապրանքների հոսքերի խիստ կրճատմամբ կամ առհասարակ դադարեցմամբ։

Կրճատումը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին (բացառությամբ փետրվարի)։ Մայիսից արդեն այս գործոններին գումարվել են ռուսական սահմանափակումները։ Ըստ էության՝ այդ սահմանափակումներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քանի որ եթե դրանք չլինեին, ամենայն հավանականությամբ, նախորդ տարվա արդեն նվազած ցուցանիշների հետ համեմատ այս տարվա երկրորդ եռամսյակից անկումը ավելի փոքր լիներ։

Վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 15.7%-ով։

Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ 

Մայիսին հայկական ծաղիկները «վտանգավոր» դարձան Ռուսաստանում, հետո հերթը հասավ մրգին, բանջարեղենին, հաջորդեցին գինին ու կոնյակի որոշ տեսակներ, չրերը և այլն։ Ահագնացան գազի գնի մասին սպառնալիքները։  

Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայում արդեն հասանելի են հունիս ամսվա արտահանման ցուցանիշներն՝ ըստ ապրանքատեսակների, որոնք կարող են որոշակի պատկերացում տալ իրավիճակի մասին։

Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1.2 մլրդ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.2%-ով։

Առանձին ապրանքախմբերի գծով անկումը բազմապատիկ է։ Այդ շարքում են ձուկը, ծաղիկները, միրգը, բանջարեղենը, հանքային ջրերը և այլն։

Վիճկոմիտեն ամսական կտրվածքով չի առանձնացնում, թե նշված ապրանքները կոնկրետ որ երկրներ են արտահանվել, հետևաբար հիմք ենք ընդունել ընդհանուր արտահանման տվյալները։ Այնուամենայնիվ, նախորդ տարիների վիճակագրությունն ապացուցում է, որ սրանք այն ապրանքատեսակներն են, որոնց արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ 

Այսպես, օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 4.8 մլն դոլարի ծիրան, բալ, կեռաս, հոն, սալոր, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է 5 անգամ։  Նշվածներն արտահանվում են նույն մեծ ապրանքախմբի ներքո։ Հիմնական մասն արտահանվում է հունիսին։ 

Փաստի առաջ են կանգնել նաև ձկնաբաույծները։ Առաջին հայացքից, եթե նայենք վիճակագրությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում ավելի ավելի շատ թարմ կամ պաղեցրած ձուկ է արտահանվել, քան նախորդ տարվա նույն կիսամյակում։ Սակայն, դա հիմնականում տարվա առաջին երեք ամիսների հաշվին է եղել, ակնհայտ անկում է գրանցվել հունիսիսն։ Եթե նախորդ տարվա հունիսին արտահանվել է 3 մլն դոլարի թարմ կամ պաղեցրած ձուկ, ապա այս տարվա հունիսին՝ ընդամենը 2.5 հազ. դոլարի։

Նշված գրեթե բոլոր ապրանքների դեպքում նվազումը բացատրվում է հիմնականում հունիսի կտրուկ կրճատումներով։

Այն ապրանքների արտահանումը, որոնք սահմանափակումների հիմնական շրջանակում չեն և արտահանվում են Ռուսաստան, չի կրճատվել։ Խոսքն, առաջին հերթին, կոնյակի մասին է։ 

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Պարբերաբար հայտարարվում են նոր շուկաներ մուտք գործելու փորձերի, պետական աջակցությունների մասին։ 

Վիճակագարական կոմիտեի ամենթարմ տվյալներն, ըստ ապրանքախմբերի, ամփոփում են այս տարվա հունիսը։ Թե կառավարությանն ու տնտեսվարողներին ինչ է հաջողվել անել հուլիսին և օգոստոսին, կերևա առաջիկա տվյալներով։ 

Կենտրոնական բանկը ևս արձանագրում է արտահանման և գյուղատնտեսության ոլորտներում առկա իրավիճակն ու ռիսկերը։ Դրամավարկային քաղաքականության վերջին հաշվետվության մեջ ԿԲ վերլուծաբանները շեշտել են, որ Ռուսաստանի կողմից հայաստանյան արտահանողների համար ներմուծման ստանդարտների խստացումը կարող է հանգեցնել Հայաստանում եկամուտների և պահանջարկի թուլացմանը։ Այն կարող է ունենալ նաև ուղղակի գնանկումային ազդեցություն՝ առանձին շուկաներում (օրինակ՝ լոլիկի և թարմ ձկան) առաջացած ավելցուկի հետևանքով։

Գյուղատնտեսության ոլորտում երկրորդ եռամսյակում 15.3% անկում է գրանցվել

Ինչպես երևում է տվյալներից, արտահանվող ապրանքների մեծ մասը գյուղատնտեսական են։ Բնականաբար, երկրորդ եռամսյակի վրա հայկական գյուղամթերքի արտահանման ռուսական սահմանափակումները ունեցել են էական ազդեցություն։ 

Բայց փորձենք հասկանալ՝ արդյոք գյուղոլորտի անկումը միայն դրանով է բացատրվում։ 

Վիճակագարական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում 1.6% անկում է գրանցվել, երկրորդ եռամսյակում անկումն էապես արագացել է՝ 15.3%։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը իր վերլուծության մեջ նկատում է, որ կիրառված սահմանափակումները փաստ են և ունեն շոշափելի բացասական ազդեցություն: 

Այդուհանդերձ, տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ անկումը չի կարող բացատրվել բացառապես վերոնշյալ արգելքով՝ հաշվի առնելով, որ այն սկսվել էր դեռ առաջին եռամսյակում։ Փաստացի, արգելքն ընդամենն արագացրել է արդեն իսկ սկսված անկման ընթացքը։

«Գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը տարիներ շարունակ նվազում էր ավելի էժան ներմուծվող ապրանքների պատճառով։ Դրամի արժևորումը նույնպես իր ազդեցությունն ունեցավ՝ հանգեցնելով տեղական արտադրանքի թանկացմանը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում։ Բացի այդ, առկա է պարարտանյութերի մատակարարման լոգիստիկ կախվածություն (հիմնականում՝ ռուսական մեկ ճանապարհից)»,- նշում է տնտեսագետը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը (ՀՆԱ-ի աճը) կազմել է 6.7%: 

Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ անկում է գրանցվել (15.3%), ինչն էլ զսպել է ընդհանուր տնտեսական աճը։ 

Ամենամեծ աճն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 20%: Հաջորդում են առևտուրն ու ծառայությունները՝ 7.7% աճով,  արդյունաբերությունը՝ 6.4%-ով:

Թեև շինարարության աճի տեմպն ավելի բարձր է, տնտեսական աճին ամենաշատը նպաստում են առևտուրն ու ծառայությունները, քանի որ իրենց ծավալներով բազմապատիկ գերազանցում են շինարարությանը։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter