HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները

Հայ արտադրողներին, որոնց համար արտահանման շուկա Ռուսաստանը փակել է հայկական ապրանքների մուտքը, դեռևս չի հաջողվում այլ շուկաներում հաստատվել այնպիսի ծավալներով, որոնցով կփոխհատուցեն կրած վնասները։

«Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանի տեղեկություններով՝ առանձին գործարարներ որոշակի հաջողությունների հասել են: Իր ղեկավարած ՀԿ-ների միջոցով հաջողվել է մի քանի երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն դա ընդհանուր իրավիճակն էապես չի մեղմել։

Կան նաև տեղեկություններ, որ հայկական ծիրանը Ռուսաստան է արտահանվում վրացականի, իրանականի, թուրքականի և, չի բացառվում, նաև ադրբեջանականի անվան տակ։

«Հետք»-ի տաղավարում արտահանող բիզնեսում տիրող խուճապի ու անորոշության մասին է պատմել նաև հայկական չրեր և պահածոներ արտահանող «Gourmet Lab» բրենդի հիմնադիր Արտյոմ Թադևոսյանը։ Ըստ նրա՝ կառավարության տրամադրած սուբսիդիաները հարցը չեն լուծում։ Հայ արտադրողների գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չգիտեն, թե ինչ որակի ու չափանիշների ապրանք է պահանջում եվրոպացի սպառողը։ 

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 2.9 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.9%-ով։ 

Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ կազմել է մոտ 35%։ Ավելի վաղ մանրամասն ներկայացրել ենք, թե վերջին տարիներին ինչպես և ինչի հաշվին է Ռուսաստանի կշիռը Հայաստանի արտահանման մեջ աճել, ԵՄ-ինը՝ նվազել։  

Ռուսաստանի կշիռը մեծ է հայկական մի շարք ապրանքների արտահանման կառուցվածքում։ Այս անգամ առանձնացրել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակների լավագույն քսանյակը (թոփ-20)։

Եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, որոնք նույնպես ներկայացված են այս նյութում, ապա արտահանման ամենախոշոր ծավալն ունի կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս և այլն), ձուկն ու ծաղիկները։ Ի դեպ, կոնյակից բացի, մյուս ապրանքների արտահանողների համար ներկայում բավականին վատթար իրավիճակ է ստեղծվել։

Հայաստանը Ռուսաստան է արտահանում նաև սիգարետ, սակայն այդ մասով էական կախվածություն չկա ռուսական շուկայից, քանի որ այն հիմնական ուղղությունը չէ։

Հեռախոս, կոնյակ, հեռուստացույց. Հայաստանից Ռուսաստան արտահանման առաջին եռյակը

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկն, ըստ արժեքի, գլխավորել են բջջային հեռախոսները։ Այս մասին են վկայում Մաքսային ծառայության տվյալները։ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 789 մլն դոլարի բջջային հեռախոս, որը նախորդ տարվա համեմատ 27%-ով աճել է։

2022 թվականից սկսած՝ Հայաստանը մեծ ծավալով բջջային հեռախոսներ է ներմուծում (մեծ մասամբ՝ Վիետնամից) և վերաարտահանում Ռուսաստան։ Արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանի համար Հայաստանը եղել է և որոշ չափով շարունակում է մնալ տարբեր ապրանքների, այդ թվում՝ տեխնիկայի մատակարար։

Դրա արդյունքում հեռախոսների առևտրով և արտահանմամբ զբաղվող Mobile Centre-ը («Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ) տարբեր ժամանակահատվածներում դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Mobile Centre-ն ավելի շատ հարկ է վճարել, քան «Գազպրոմ Արմենիա»-ն,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ), «Գրանդ տոբակո»-ն, որոնք խոշոր հարկատուների բարձր հորիզոնականներում են։ 

Հայաստանից Ռուսաստան արտահանվող հայկական ծագման ապրանքներից առաջին տեղում կոնյակն է։ Ըստ մաքսային ծառայության՝ 2025-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 285 մլն դոլարի կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր։ Թեև կոնյակն այստեղ առանձնացված չէ, սակայն հարկավոր է նկատի ունենալ, որ այն զբաղեցնում է նշված ծավալի առյուծի բաժինը։

2025 թվականի ընթացքում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ ռուսական կողմը նվազեցրել է հայկական կոնյակի ներմուծումը՝ հաշվի առնելով նաև այն, որ սահմանին վրացական կողմը պարբերաբար արհեստական խոչընդոտներով կոնյակով և գինիով բեռնված հայկական բեռնատարներին թույլ չէր անցնել սահմանը։

Փաստացի, ըստ արժեքի, 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանված կոնյակի (ինչպես նաև՝ ռոմի, ջինի, օղու, լիկյորի) ընդհանուր արժեքը նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել։ Սակայն, ֆիզիկական ծավալներով արտահանումը կրճատվել է. մասնավորապես՝ 2025-ին արտահանվել է մոտ 34 մլն լիտր՝ 2024-ի շուրջ 41 մլն լիտրի դիմաց։

 Ստացվում է, որ 2025-ին նշված ապրանքախմբի խմիչքները, հատկապես կոնյակը, միջինում ավելի թանկ գնով են արտահանվել, և չնայած ֆիզիկական ծավալների նվազմանը՝ ընդհանուր արժեքը մնացել է նույնը։

2025 թվականին Հայաստանից արտահանված կոնյակի (ռոմի, ջինի, օղու, լիկյորի) ընդհանուր ծավալում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է 83%:

Մնացած մասն արտահանվել է Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, ԱՄՆ, Ուկրաինա, Չինաստան, Սերբիա և այլ երկրներ։

Հայաստանից Ռուսաստան են վերաարտահանվել նաև մեծ ծավալով հեռուստացույցներ՝ 142 մլն դոլարի, որոնք ներմուծվել են հիմնականում Եգիպտոսից, Վիետնամից և Չինաստանից։

Դեպի Ռուսաստան արտահանման չորրորդ տեղում դարձյալ վերաարտահանվող ապրանքներ են՝ համակարգիչներ և դրանց բլոկներ՝ մոտ 97 մլն դոլարի։ Դրանք Հայաստան են ներմուծվել մեծ մասամբ Չինաստանից և Վիետնամից։

Եթե չհաշվենք վերաարտահանումը, ապա 2025-ին Հայաստանից Ռուսաստան արտահանված հայկական ծագման երկրորդ խոշոր ապրանքախումբը մրգերն են, մասնավորապես՝ թարմ ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր և մամուխ։ Արտահանվել է 57 մլն դոլարի միրգ։ Այս ապրանքախմբի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը 94% է։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, որ Հայաստանից արտահանվող թարմ ձկան, ծաղիկների և բանջարեղենի հիմնական շուկան Ռուսաստանն է՝ 99-100% տեսակարար կշռով։

Ինչպես երևում է, Հայաստանը Ռուսաստան է արտահանել նաև 53 մլն դոլարի օրթոպեդիկ հարմարանքներ ու բժշկական պրոթեզներ, ինչպես նաև 38 մլն դոլարի բժշկական սարքավորումներ։ Երկու դեպքում էլ արտահանման հիմնական շուկան դարձյալ Ռուսաստանն է եղել, և խոսքը կրկին վերաարտահանման մասին է, ինչն ավելի ակնառու է դարձել 2023 թվականից։

Դեպի Ռուսաստան է առաքվել Հայաստանից արտահանվող կիսամշակ կամ անմշակ ոսկու միայն 3%-ը, իսկ ոսկերչական իրերի՝ 2%-ը։

Ռուսաստան է արտահանվել նաև 43 մլն դոլարի ֆերոմոլիբդեն, ինչը կազմել է 2025 թվականին Հայաստանից արտահանված ընդհանուր ֆերոմոլիբդենի 29%-ը, ինչպես նաև 21 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ՝ ամբողջ արտահանվածի 9.5%-ը։

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 54 մլն դոլարի կոշիկ` բնական կաշվից և մանածագործ նյութերից։ Կոշիկին վերաբերող տվյալները կտեսնեք ինֆոգրաֆիկայի ներքևի տողերում։ Երկու դեպքում էլ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Դժվար է ասել՝ այդ ծավալի որ մասն է հայկական ծագման կոշիկ և որն է՝ վերաարտահանվողը։ Ամեն դեպքում, արտաքին առևտրի վիճակագրական տվյալները վկայում են, որ 2022 թվականից Հայաստանն էապես ավելացրել է կոշիկի ներմուծումն ու դրան զուգահեռ՝ արտահանումը։ 

Հայկական սիգարետի համար Ռուսաստանը սպառման հիմնական շուկա չէ։ 2025 թվականին Հայաստանից արտահանված սիգարետի միայն 6%-ն է առաքվել Ռուսաստան։ Այն արտահանվում  է հիմնականում Իրաք, ԱՄԷ, ավելի փոքր չափով՝ Սիրիա, Չինաստան, Ճապոնիա, Հոնկոնգ և այլն։ 

Ուշագրավ է, որ 2025-ին Հայաստանը Կամբոջա է արտահանել մոտ 3 մլն դոլարի սիգարետ. այս երկրի հետ առևտուրն, ըստ էության, ավարտվում է սիգարետով, այլ ապրանք չենք արտահանում։ 

Վերջերս հայկական ծխախոտ արտադրող «ՍՊՍ սիգարոն» ընկերությունը հայտարարություն էր տարածել, Կամբոջայում կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը, որը կեղծ ապրանքներ էր արտադրում առաջատար միջազգային արտադրողների, այդ թվում՝ SPS Cigaronne-ի ապրանքանիշերի ներքո:

Առաջին քսանյակում տեղ չեն գտել Հայաստանից Ռուսաստան արտահանվող հանքային և բնական ջրերը, որոնց արգելքի շուրջ նույնպես աղմուկ բարձրացավ։ Սակայն, եթե ցանկը զտենք և թողնենք միայն հայկական ծագման ապրանքները, ապա ջրերը վստահաբար կհայտնվեն եթե ոչ առաջին տասնյակում, ապա առնվազն քսանյակում։ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 20 մլն դոլարի բնական կամ արհեստական հանքային ջուր, ինչպես նաև 22 մլն դոլարի բնական հանքային ջուր և շաքարով ըմպելիք

Հիշեցնենք՝ նախորդ ուսումնասիրությամբ պարզել էինք, որ  մի շարք ապրանքների գծով Հայաստանի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, օրինակ՝ ձեթի և ցորենի 99%-ը ներմուծվում է նշված երկրից։ Ներմուծում ենք նաև մեծ ծավալի մարգարին, թռչնամիս, շոկոլադ, հրուշակեղեն, սննդի արտադրության համար հավելումներ և այլն։ 

Ոչ պարենային ապրանքներից առաջին տեղում գազն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter