HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանում կասեցվել է ևս 64.5 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը  հանձնարարել է կասեցնել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, հայտարարություն է տեղադրվել Ծառայության պաշտոնական կայքում։ 

««Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից լրացուցիչ հանձնարարական է ուղարկվել «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատորին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64.5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու վերաբերյալ, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ (Հայաստանի Հանրապետություն)։ Նոր խմբաքանակների արգելափակման մասին հանձնարարականը գործում է 2026 թվականի մայիսի 28-ից՝ մինչև լրացուցիչ ծանուցում»,- նշված է Ծառայության հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ հանձնարարականի հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պարտադիր պահանջների խախտումները։ 

«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Դա կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և բացասաբար անդրադառնալ առողջության վրա»,- հայտարարել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։

Հայկական «Ջերմուկ»-ի վերաբերյալ սա առաջին հայտարարությունը չէ ռուսական ծառայության կողմից։  Այս տարվա ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ 2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով, «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատորն արդեն իսկ արգելափակել է «Ջերմուկ» շշալցված ջրի 38.4 միլիոն շշի իրացումը մանրածախ առևտրում և օնլայն հարթակներում։

Երեկ՝ մայիսի 28-ին, «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ իր հերթին հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ծագման թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Սահմանափակումը կգործի մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Ռուսաստանում վերջերս «վտանգավոր» են դարձել նաև հայկական գինին ու կոնյակը, ծաղիկները։ 

Զուգահեռ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի շուրջ ակնարկները վերածվել են բաց և ուղիղ հայտարարությունների։ 

Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել գործող գներով, եթե հանրապետությունն անդամակցի Եվրամիությանը։ Ինչպես փոխանցում է vedomosti.ru-ն, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի գինը բազմապատիկ ավելի բարձր է։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմը որոշել է նախապես տեղեկացնել Երևանին՝ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հնարավոր հետևանքների մասին։

Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայկական կողմին է պաշտոնապես փոխանցել Ցիվիլյովի նամակը՝ ուղղված հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Փաստաթղթում, Զախարովայի խոսքով, ասվում է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Մոսկվան կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղարկել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թ․ դեկտեմբերի համաձայնագիրը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ երեկ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցության թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ 

Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։

Գլխավոր լուսանկարը՝ «Ջերմուկ գրուպ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter