«Վտանգավոր» գինին ու կոնյակը, գազի գնի մասին ակնարկները. նոր հայտարարություններ ՌԴ-ից
Ռուսաստանում այս անգամ էլ խախտումներ են հայտնաբերել հայկական որոշ գինիներում և կոնյակներում:
«Ռոսպոտրեբնադզորը» այսօր՝ մայիսի 23-ին, հայտարարել է, որ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից։
Ըստ կառույցի՝ պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով՝ առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկատվություն է ուղարկվել արտադրանքի իրացումը կասեցնելու և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու վերաբերյալ։
«Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզորի» խիստ վերահսկողության տակ»,- նշված է հայտարարության մեջ:
Երեկ՝ մայիսի 22-ին, հայտարարվեց, որ ՌԴ-ում ամբողջովին արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի շրջանառությունը:
«Ռոսպոտրեբնադզորի» հայտարարության մեջ նշված չէ, թե այս արգելքը որքան ժամանակով է:
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին։
Նույն օրը՝ մայիսի 22-ին, ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում «ի վնաս իրեն», չորս անգամ ավելի էժան, իսկ փոխարենը ստանում է «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»:
Մայիսի 21-22-ին էլ պարզ դարձավ, որ հայկական ծաղիկներն են «վտանգավոր դարձել» Ռուսաստանում:
- Ինչու են հայկական ապրանքները Ռուսաստանում դառնում «վտանգավոր»
- Ռուսաստան մատակարարվող հայկական բանջարեղենի ու մրգի մասով ևս խնդիրներ են արձանագրվում
Ապրիլի վերջին ևս հայտարարվեց, որ Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։
«Ջերմուկի» շուրջ այս իրադարձություններից շատ չանցած՝ մայիսի սկզբին, ռուսական «Վայլդբերիսն» (Wildberries) ու «Օզոնը» (Ozon) ժամանակավորապես դադարեցրին հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։
Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել