Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա
Լուսանկարը՝ Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից (նախարարն այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրության գործարան, 2025 մայիս)
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է հայկական ծագման ապրանքների արտահանման զգալի աճի մասին, սակայն տվյալների ուսումնասիրությունն այլ պատկեր է ցույց տալիս։ Այդ աճի էական մասը ձևավորվել է ոսկերչական իրերի հաշվին, որոնք որպես հայկական ծագման արտադրանք ներկայացնելը խիստ վիճելի է։ Այդ ցանկում տեսնում ենք նաև բջջային հեռախոսներ՝ այն դեպքում, երբ Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն։ Այս ամենն ուռճացնում է հայկական ծագման արտադրանքի ցուցանիշները և մոլորեցնող պատկեր ստեղծում տնտեսության վիճակի վերաբերյալ։
Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման հաշվարկման մեթոբանությունն ինքնին արդեն վիճահարույց է (որի մասին ներքևում կնշենք), սակայն որոշեցինք Էկոնոմիկայի նախարարությունից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։
Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։
Խնդիրն է այն, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում, այդ թվում՝ ոսկերչական իրերի տեսքով։ Այն, որ դա վերաարտահանում է, ապացուցվում է նրանով, որ 2022 թվականից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկին, և նույնքան կտրուկ աճել է Հայաստանից ԱՄԷ և Հոնկոնգ ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումը։
Օրինակ՝ 2021 թվականին, որի հետ համեմատություն է անում նաև Պապոյանը, Հայաստանից արտահանվել են ընդամենը 75 մլն դոլարի ոսկերչական իրեր՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։ Հետևաբար, որքանո՞վ է հավանական այնպիսի «հրաշք» Հայաստանի ոսկերչության ոլորտում, որ չորս տարի անց «տեղական» ոսկերչական իրերի արտահանումը գերազանցի 1 մլրդ դոլարը։
Այդ մասին «Հետք»-ը մի քանի անգամ գրել է։
- Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը
- Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում
Ի դեպ, ոսկերչության ոլորտի այս կասկածելի աճի արդյունքում արհեստականորեն ուռճացվել է նաև արդյունաբերության ոլորտի պատկերը։
- Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել
- Սուքիասյաններին փոխկապակցված ֆաբրիկան մտափոխվել է. ոչ թե ոսկերչությամբ է զբաղվում, այլ հիմնային մետաղների արտադրությամբ
2025 թվականին «ոսկերչական իրերի» մեծ մասն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացածը՝ հիմնականում Հոնկոնգ։
Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել։ Եվ, եթե բացառենք ոսկերչական իրերն ու ևս մի քանի ապրանքախմբեր, ինչպես, օրինակ՝ բջջային հեռախոսները, կպարզվի, որ տեղական արտադրանքի արտահանման աճը շատ ավելի համեստ է։
Նույնիսկ, եթե ոսկերչական իրերը համարենք տեղական ծագման արտադրանք, խոսել ընդհանուր աճից ու չներկայացնել, թե որ ապրանքների հաշվին է դա տեղի ունեցել, ևս կարող է մոլորեցնել հանրությանը։
2024 թվականին ևս արտահանվող «հայկական ծագման ապրանքների» ցանկում ոսկերչական իրերը մեծ տեղ են զբաղեցնում։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նշված տարում արտահանվել է մոտ 4.1 մլրդ դոլարի տեղական արտադրանք, որից 0.9 մլրդ դոլարը (858 մլն դոլար) կամ 21%-ը ոսկերչական իրերն են։
Ստորև ինֆոգրաֆիկայում հայկական ծագման ապրանքների արտահանումն է՝ ըստ Էկոնոմիկայի նախարարության ցանկի։ Առանձնացված են առաջին տասը ապրանքները։
Այստեղ կարելի է նկատել, որ բացի ոսկերչական իրերից, արտահանվել է նաև անմշակ ոսկի։ Սակայն, ենթադրվում է, որ խոսքը ոչ թե վերաարտահանվող ոսկու մասին է (վերաարտահանվողի ծավալները շատ ավելի մեծ են), այլ՝ հայկական ոսկու, որը մինչև վերաարտահանումների այս ալիքն էլ կար։
Ի դեպ, նախարարությունից նշել են, որ տրամադրված տվյալները կարող են որոշակիորեն ճշգրտվել։ Թե ինչ ճշգրտումներ կարող են լինել, չի մանրամասնվել։
Էկոնոմիկայի նախարարությունը հայկական ծագման ապրանքների ներքո է ներկայացնում նաև բջջային հեռախոսները։
Ըստ ցանկի՝ 2025 թվականին Հայաստանից Բելառուս է արտահանվել 1130 հատ բջջային հեռախոս (սմարթֆոն), որոնց ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դոլար։
Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին արժեքը կազմում է 8.2 մլն դրամ կամ 21 341 դոլար։ Սա ևս էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կողմից լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։
Արտահանված «տեղական արտադրանքի» ցանկում ներառված են նաև Ռուսաստան արտահանված կենդանիների կերերը՝ 18 մլն դոլարի։
Վերջին տարիներին Հայաստանից կենդանիների կերեր ևս վերաարտահանվում են։ 2022 թվականից էապես աճել են դրանց ներմուծման և արտահանման ծավալները։
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նշում է, որ տեղական արտադրանքի արտահանման հստակ վիճակագրություն անգամ պետական մարմիններում չկա՝ Պետական եկամուտների կոմիտեում և Վիճակագրական կոմիտեում։ Դրա հաշվարկման մեթոդաբանությունը վիճելի է, որոշ ապրանքների առումով՝ անհնար։
«Խնդիրն այն է, որ ապրանքը կարող է մտնել Հայաստան, դրա վրա որոշ աշխատանք տարվի, բայց չփոխվի դրա արտաքին տնտեսական դասակարգիչն ու Հայաստանից արտահանվի որպես հայկական ծագման արտադրանք։ Վիճելի է դա տեղական արտադրանք անվանելը։ Կամ՝ կան ապրանքներ, որոնք Հայաստան են ներմուծվում երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանից), ապա ինչ-ինչ պատճառներով որպես հայկական ծագման ապրանք արտահանվում ԵԱՏՄ այլ երկրներ։ Արդեն հետագիծը կորում է՝ հստակ չէ, թե դա որ երկրի արտադրանքն է»,- նշում է մասնագետը։
Ինչ վերաբերում է կոնկրետ ոսկերչական իրերին, ապա, ըստ ACSES-ի վերլուծության, Հայաստանից նախկինում ևս արտահանվել են ոսկերչական իրեր, բայց անգամներով ավելի քիչ, քան ներկա ծավալները։
Դինամիկ աճի պարագայում նույնիսկ, այսօրվա իրական տեղական ոսկերչական արտադրանքը անգամներով քիչ կլիներ, քան այն 1 մլրդ դոլարը, որը ներկայացվում է որպես տեղական արտադրանք։ Այստեղ ևս բացատրությունն այն է, որ Հայաստանում չկան այդքան մասնագետներ ու վերամշակման սարքավորումներ։
«Հայաստան ներմուծվող ոսկին երեք տեսքով է արտահանվում։ Առաջինն այն տեսքով, որով ներմուծվել է, այսինքն՝ որևէ աշխատանք չի տարվում։ Երկրորդը՝ նույն ոսկին հարգորոշվում, դրոշմավորվում է որպես հայկական ծագման, այստեղ ևս էական վերամշակման չի ենթարկվում։ Եվ երրորդը՝ երբ ոսկու հարգն է նվազեցվում, արծաթ է խառնվում և նոր՝ ավելի ցածր հարգի մեծ ձուլակտորներ են ստացվում, օրինակ՝ 10-15 կիլոգրամանոց։ Սրանք, ըստ էության, չեն կարող համարվել ոսկերչական իրեր, քանի որ չես կարող դրանք կրել։ Բայց հիմնականում, մեր հետազոտությունների շրջանակում տնտեսության իրական պատկերը բովանդակային առումով ճիշտ արտացոլելու նպատակով մենք զերծ ենք մնում այդ արտադրանքները տեղական արտադրանքի տակ հաշվարկելուց»,- նշում է Հայկազ Ֆանյանը։
Մեր ուսումնասիրությունը ևս ցույց տվեց, որ ոչ ՊԵԿ-ը, ոչ էլ՝ Վիճակագրական կոմիտեն առանձին չեն հրապարակում հայկական ծագման արտադրանքի արտահանման վիճակագրություն։
Ինչ տեղական արտադրանք ենք արտահանում
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 8.4 մլրդ դոլարի ապրանք։ Քանի որ Էկոնոմիկայի նախարարության ցանկի առնչությամբ վերապահումներ և կասկած ունենք, չենք կարող հստակ հաշվարկել տեղական արտադրանքի տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման մեջ։
Եթե բացառենք այն ապրանքները, որոնք «տեղական» անվանելը մանիպուլյատիվ է, ապա հայկական ծագման արտադրանքի արտահանման կազմում առաջատարներն են պղնձի խտանյութը, ծխախոտը, կոնյակը, թանկարժեք մետաղի խտանյութը, մոլիբդենի խտանյութն ու ֆերոմոլիբդենը։
Առաջատարների ցանկում են նաև ալյումինե նրբաթիթեղն ու էլեկտրաէներգիան։
Ավելի փոքր ծավալներով արտահանվում են՝ ծաղիկ, ձուկ, հագուստ, պտուղ-բանջարեղեն, հանքային ջուր, վերամշակված ադամանդ և այլն։
2025 թվականին, ըստ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանից արտահանվել է 665 մլն դոլարի պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք)։
Պղնձի գերակշիռ մասն ուղարկվել է Չինաստան, մի փոքր էլ՝ Բուլղարիա։
Ծավալներով հաջորդ հորիզոնականում ծխախոտն է, որը կազմել է 610 մլն դոլար։ Արտահանման աշխարհագրությունն է՝ գլխավորապես Իրաք, ԱՄԷ, ապա՝ Ճապոնիա, Հոնկոնգ, Վրաստան և այլն։
Մյուս ապրանքախումբը ալկոհոլային խմիչքն է, որի ներքո պետք է հասկանալ հիմնականում կոնյակը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ արտահանվել է 317 մլն դոլարի խմիչք, որի հիմնական մասը կոնյակն է։ Հայկական կոնյակի գլխավոր գնորդը Ռուսաստանն է։
Հաջորդում է մոլիբդենի խտանյութը՝ 213 մլն դոլարի, որն արտահանվում է Բելգիա, Նիդերլանդներ, Չինաստան և այլն։ Իսկ ֆերոմոլիբդենն արտահանվում է Նիդերլանդներ և Ռուսաստան։
Թանկարժեք մետաղի խտանյութը Հայաստանից արտահանվում է մեծ մասամբ Շվեյցարիա, ինչպես նաև՝ Մալայզիա։
Այս ապրանքախմբերին , դրանց միտումներին, արտահանման խնդիրներին, արտահանողներին պարբերաբար անդրադառնում ենք։
- «Չաարատ Կապան»-ը մեծացրել է ոսկու խտանյութի արտահանման ծավալը Հայաստանից
- Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում
- Հայկական պղնձի արտահանման գլխավոր ուղղությունը դարձել է Չինաստանը
Նկատելի է, որ որոշ տեղական ապրանքների արտահանումն, իսկապես, աճել է։ Օրինակ՝ ըստ Էկոնոմիկայի նախարարության ցանկի՝ 2025 թվականին Հայաստանից 52 մլն դոլարի ծաղիկ է արտահանվել, որը նախորդ տարվա համեմատ 47%-ով ավելի է։ Հայաստանը ծաղիկ է արտահանում Ռուսաստան, փոքր քանակով՝ Վրաստան։
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել